1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ԱՂԴԱՄԸ
28.07.2016 16:18

 §Բերդ¦ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանի հարցազրույցը ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանի հետ

Հիրավի, Աղդամն Արցախի դեմ հակառակորդի ռազմական գլխավոր ու ամենավտանգավոր պլացդարմն էր, որտեղից  մշտական սպառնալիքի տակ էին պահվում ԼՂՀ-ի արևելյան եզրերը, սահմանամերձ բնակավայրերը, այդ թվում՝ Ասկերանը, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ադրբեջանցի ռազմավարներն Աղդամի ուղղությունը համարել են Ստեփանակերտ ներխուժելու ամենակարճ ճանապարհը։ Եվ պատահական չէ, որ Արցախի դեմ առաջին բացահայտ ագրեսիվ գործողությունը 1988թ. փետրվարի 22-ին ձեռնարկվել է հենց Աղդամից՝ Ասկերանի վրա  բազմահազարանոց

ամբոխի հարձակումներով։ Շատերը թերահավատ էին (խոսքը հասարակ ժողովրդի մասին է), որ հայկական նորաստեղծ բանակին կհաջողվի ընդմիշտ լռեցնել Աղդամում տեղեկայված կրակակետերը և ազատագրել պատմական Հայաստանի այդ տարածքները։ Սակայն դժվար է չհավատալ հայոց բանակի, հայ մարտիկի ոգու ուժին ու անձնվիրությանը, որի շնորհիվ անկարելին կարելի դարձավ։ ԼՂՀ ԱԻՎ ծառայության պետ Արթուր Հարությունյանն Աղդամի փայլուն ռազմագործողության կազմակերպիչներից մեկն էր, ով լինելով 33 գումարտակի հրամանատարը մարտերի ժամանակ միշտ իր մարտիկների առջևից էր գնում, խիզախության օրինակ ցույց տալով իր զինվորներին։ Նա հավատացած էր, որ ուժն է ծնում իրավունքը, իսկ այդ իրավունքը պետք է նվաճվի արյամբ։

-23 տարի է անցել Աղդամի ազատագրումից։ Տարիների այս հեռավորությունից դիտելով ինչպե՞ս եք գնահատում այն։

- Ասկերանը լինելով սահմանամերձ տարածքում և Աղդամին շատ մոտ արդեն անհնարին էր դարձել այստեղ ապրելն ու քարը-քարին դնելը, քանի որ պարբերաբար հրետակոծվում էր թշնամու կողմից, և քաղաքում գրեթե կանգուն շենք ու շինություն չկար։ Անընդհատ պաշտպանվելն արդեն անհնարին էր դարձել և մենք սկսեցինք մտածել Աղդամի կրակակետերի ոչնչացման և անվտանգության գոտու ստեղծման ուղղությամբ։ Այն թույլ կտար խաղաղ բնակիչներին իրենց տները վերադառնալ։ Աղդամի կրակակետերի ոչնչացման օպերացիան սկսվել էր 1993 թվականի հունիսի 12-ին, սակայն այն ձախողվեց, քանի որ մեր կողմից հաշվի չէին առնվել անհրաժեշտ որոշ գործոններ, ինչը հանգեցրեց ռազմագործողության ձախողման։ Բնականաբար, լավ հասկանալով ռազմագործողության կարևորությունը սկսեցինք լուրջ նախապատրաստական աշխատանքներ տանել՝ փոխելով առաջխաղացման ուղիները։ Հուլիսի 4-ին ձեռնարկած ռազմագործողությունը հաջողությամբ պսակվեց, իսկ հուլիսի 22-ին Ուղտեն մեջքի ստրատեգիական խոշոր նշանակության կրակակետերն անցան մեր վերահսկողության տակ։ Հակառակորդն արդեն նահանջում էր, իսկ հետագա ռազմագործողությունները գրեթե անցնում էին առանց որևէ լուրջ դիմադրության։ Փաստորեն Աղդամի ազատագրումը բեկումնային եղավ արցախահայության համար և թշնամուն հասցվեց վերջնական ու ջախջախիչ հարված։  Աղդամի ազատագրումով մենք հաստատեցինք այն փաստը, որ մենք հանուն Հայրենիքի էինք մարտնչում, իսկ թշնամին մեր պապենական հողերը զավթելու համար։

-Աղդամի ռազմագործողությունը մեծ դժվարություններով ու ցավոք նաև մարդկային ծանր կորուստներով ուղեկցվեց, և ստեղծվեց է անվտանգության գոտի։ Այժմ Ադրբեջանի իշխանությունները խոսում են այդ հողերը ետ վերադարձնելու մասին։ Ձեր տեսակետն այդ ուղղությամբ։

-Բնականաբար, քաղաքական գործիչներն այս հարցին պետք է շատ լուրջ մոտեցում ցուցաբերեն, իսկ առաջին կարևոր պայմաններից մեկն այն է, որ պետք է պահպանվի ժողովրդի անվտանգությունը։ Իսկ առանց անվտանգության գոտու դժվար թե հնարավոր լինի երաշխավորել մեր ազգաբնակչության անվտանգությունը։ Այստեղ պետք է հաշվի առնվի նաև այն հանգամանքը, որ հակառակորդն իր տված խոստումները երբեք չի կատարում,  խախտում է իր իսկ խնդրանքով կնքված հրադադարի պայմանագիրը։ Ներկա դրությամբ հողեր հանձնելու, կամ զիջումների գնալու մասին որևէ խոսք չկա։ Այդ հարցում մեծ անելիք ունեն քաղաքագետները, իսկ վճռորոշը արցախահայության ձայնն է։

-Ներկայիս ստեղծված պայմաններում ո՞րն է ձեր հորդորն ու ասելիքը արցախահայությանը։

-  Նախ շնորհավորում եմ իմ մարտական ընկերներին, բոլոր նրանց ովքեր մասնակցել են Աղդամի խոշոր ռազմավարական նշանակության մարտերին և ապահովել բնակչության խաղաղ ապրելու իրավունքը։ Փաստորեն մեր սերունդը նաև կարող է հպարտանալ, որ Հայրենիքի պաշտպանությունը ստանձնած նոր սերունդը նույնքան հայրենասեր ու մարտական բարձր ոգով է օժտված, ինչն ապացուցվեց ապրիլյան պատերազմի ծանր  օրերին։ Ռազմի դաշտում հաղթանակ տանելով, մենք իրավունք չունենք պարտվելու քաղաքականության մեջ։ Ու հաղթողի կերպարը մենք պետք է միշտ պահպանենք։

- Փաստորեն Հեյդար Ալիևը 1994 թվականին հրադադար խնդրելով փրկել է ներկայիս Ադրբեջանի տարածքները, հակառակ պարագայում հայտնի չէ թե, որ մասում կլիներ այժմ անվտանգության գոտին։

- Միանշանակ ճիշտ է։ Ապրիլին մենք կրկին ականատես եղանք մեր զինվորների պատրաստվածությանն ու պատրաստակամությանը, մեր ժողովրդի աննախադեպ միասնությանը, ինչի շնորհիվ մենք կրկին կարող էինք 1994-ի բացթողումները լրացնել։ Առայժմ բանակցություններ են ընթանում ու կարծում եմ խնդիրը խաղաղ ճանապարհով կլուծվի, հակառակ պարագայում, եթե մեր հակառակորդը կրկին փորձի ռազմական ճանապարհով հարցին լուծում տա, այս անգամ արդեն ստիպված կլինի ոչ թե հաշտության այլև կապիտուլացիայի պայմանագիր ստորագրել։ Ղարաբաղը միշտ էլ հայաբնակ է եղել, այն մեր նախապապերի երկիրն է ու ցանկացած գնով մենք պաշտպանելու ենք մեր հողն ու ջուրը։

-Ադրբեջանական ագրեսիայի զսպող ուժը մեր բանակի մարտունակությունն ու նրա զինվորների պատրաստվածությունն է։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

-Գուցե նախքան ապրիլյան պատերազմը թշնամին ինչ-որ տեղ մտածում էր, որ ուժային առումով նա գերակշռում է, չնայած, որ տեխնիկապես լավ զինված լինելը թերևս չի նշանակում ուժեղ լինել։ Սակայն  դրանից հետո համոզված եմ, որ պատկերը հակառակն էր։ Չնայած արցախյան ազատամարտի վետերաններս թերահավատորեն էինք լցված ներկայիս սերնդի հայրենասիրության հանդեպ, սակայն ապրիլյան պատերազմի օրերին նրանք մեզ հակառակն ապացուցեցին։ Ցավոք այդ դաժան օրերին նաև ծանր կորուստներ ունեցանք, 18 տարեկան երիտասարդներն իրենց անունները փառքով պսակեցին, սակայն հայրենի հողը թշնամուն չզիջեցին։ Մեր զինվորները գիտակցում են, թե ինչի համար են կռվում, ինչ ունեն պատշպանելու։ Սա մեծ հպարտություն է մեզ համար, երբ մեր ժամկետային զինծառայողը նռնականետով ուղղաթիռ, զրահամեքենա է խփում։ Եվ 18 տարեկան զինվորը հերոսանում է։ Եթե զինվորն ապրում է հաղթանակի բերկրանքը, ապա միշտ ձգտելու է հաղթողի ոգին իր մեջ անսասան պահել։ Կարևորը առաջին հարվածին դիմակայելն ու ճիշտ հակահարված տալն է։ Այստեղից կարելի է եզրահանգել, որ ապրիլյան պատերազմում ծնվեց հաղթողի մեր երկրորդ սերունդը, իսկ թշնամու մոտ ավելացավ ևս մեկ պարտություն։ Ու կարծում եմ դեռ երկար ժամանակ կպահանջվի մինչև նրանք ուշքի կգան։

-Ներկայիս սերունդը՝ ծնված լինել անկախ երկրում սեփական երկրի հանդեպ թշնամու ոտնձգությունն այլ կերպ է ընկալում։

- Մեր երիտասարդ սերունդը գերխնդիր ունի՝ պահպանել ու պաշտպանել պապերից ժառանգած ազատ ու անկախ երկիրը, որի համար բազում կյանքեր են զոհվել։ Ուստի այն նրանց համար նաև պատվի հարց է։ Եթե անցյալում  մենք հաճախ զգացմունքներով էինք առաջնորդվում ու դիվանագիտության ուժն անհասանելի էր մեզ, ապա հիմա պատկերն այլ է։ Մարտի դաշտում հաղթած զինվորը հաղթանակ է պահանջում քաղաքական գործիչներից՝ քաղաքականության մեջ։ Այլընտրանք չկա, ապրիլյան պատերազմը նաև իրադրությունն իրատեսորեն գնահատելու հնարավորություն, դիվանագիտական պայքարի փորձ ընձեռեց։ Այստեղ մեծ են անելիքները պետական ու քաղաքական գործիչների մոտ, իսկ մենք՝ Հայրենիքիս զինվորներն այսուհետ ևս պետք է համախմբված լինենք որպես մի բռունք և քաջությամբ կատարենք Հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։

-Պարոն Հարությունյան, վերջում Ձեր մաղթանքները հայ ժողովրդին։

-Հուլիսի 23-ը՝ Աղդամի ազատագրումը նաև հաղթանակի օր է ու այսպիսի հաղթանակներ մենք շատ պիտի ունենք։ Քանի որ ունենք և՛ ուժեղ բանակ, և՛ համախմբված ժողովուրդ, իսկ ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ Հայրենիքին սպառնացող վտանգի ժամանակ մենք ավելի միասնական ենք՝ պատրաստ հակառակորդի ցանկացած ոտնձգություններին  հակահարված տալու։ Կոչ եմ անում մեր ժողովրդին պահպանել այդ նույն ոգին ու մասնությունը, մեկս մյուսի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ Մեզ համար ցավալի են այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Մենք պետք է պայքարենք մեր արտաքին թշնամիների դեմ այլ ոչ թե ներքին թշնամություններ հրահրենք։ Քանի որ ինչպես մեծն Նժդեհն է ասում, երբ ազգը բանակ է դառնում հնարավոր չէ նրան ծնկի բերել։ Ցանկացած պարագայում, իմ ժողովրդին կայուն խաղաղություն եմ մաղթում։



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter