ՀԱՆԴԻՊՈՒՄ` 45 ՏԱՐԻ ԱՆՑ
08.02.2012 00:45

Խնապատի միջնակարգ դպրոցի 1965-1966 ուս. տարվա շրջանավարտները հանդիպեցին 45 տարի հետո: Հանդիպումը փաստում էր, որ ունեցել են առողջ եւ համերաշխ կոլեկտիվ` սիրված եւ հարգված հասարակության կողմից: Իրենց վերադարձով հարազատ դպրոց իմաստավորեցին օրը` դրսեւորելով երախտիքի եւ պարտքի զգացում: Այդ տարիներին դպրոցը մարզում, ինչու չէ նաեւ հանրապետությունում լավագույններից մեկն էր` շնորհաշատ եւ վաստակաշատ, Լենինի շքանշանակիր Գալյա Բաբայանի ղեկավարությամբ:


Հանդիպման այդ միտքը հղացել էր գարնանը, եւ իսկույն ստեղծվել էր հանձնախումբ` Ասկերան քաղաքի քաղաքապետ, շրջանավարտ Ալյոշա Գաբրիելյանի ղեկավարությամբ: Եվ ահա սպասված հանդիպումը մեծ հանդիսավորությամբ իրականացավ օգոստոսի 14-ին, որին մասնակցեցին 43 շրջանավարտներից 18-ը` իրենց ընտանիքներով: Հարգանքի տուրք մատուցելով Խնապատի զոհված ազատամարտիկների, մահացած ուսուցիչների եւ համադասարանցիների հիշատակին` շրջանավարտները շարժվեցին դեպի հարազատ կրթօջախ, ուր նրանց սպասում էին դասավանդող ուսուցչուհի Աշխեն Ասկարյանը եւ Խնապատի միջնակարգ դպրոցի կոլեկտիվի ներկայացուցիչներ: Երբեմնի օրիորդներն ու պատանիները, ովքեր այսօր տատիկ ու պապիկներ են, երիտասարդացել էին 45 տարով, խանդավառվել ու հուզվել: Կտրվելով ամենօրյա հոգսերից` իրենց թռվռուն աշակերտներ էին զգում: Նրանց մեջ զուտ ընկերությունն ու հիշողություններն էին իշխում: Մեծ բերկրանքով էին հիշում դպրոցական տարիների չարաճճիություններն ու հետաքրքիր միջադեպերը: Շրջանավարտներն անչափ հպարտ էին, որ դասարանի մեծամասնությունը ստացել է բարձրագույն կրթություն եւ մեծ գործունեություն ծավալել ու շարունակում է ծավալել գիտության, մշակույթի եւ արվեստի բնագավառներում: Բոլորն էլ օրինակելի ընտանիքների տեր են եւ մեր պետությանն արժանի քաղաքացիներ: Հիրավի, ամենքը գոհ էին հանդիպումից, եւ բաժանումը բավականին դժվար ու հուզիչ էր: Մի միտք էր լոկ նրանց սփոփում, որ հանդիպումները շարունակական են լինելու: Բաժանվեցին` 50-ամյա տարելիցը նշելու ակնկալիքով:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter