ԱՎԱՐՏՎԵՑ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ |
26.08.2016 14:46 |
Նույն օրը տեղի ունեցավ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած՝ համապատասխանաբար Ստեփանակերտ 1, Ասկերանի և Ստեփանակերտ 2 թիմերի պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Թիմերին մրցանակները՝ պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեցին ֆուտբոլի Արցախի հավաքականի թիմի գլխավոր մարզիչ Մհեր Ավանեսյանն ու Լեռնային Արցախ ՖԱ գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանը։ Դրամական պարգևներ ստացան նաև մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի մարզիչները։ Առաջնության կազմակերպիչները մրցանակներ էին պատրաստել նաև անհատական անվանակարգերում։ Մրցանակներ ստացան լավագույն հարձակվողը, կիսապաշտպանն ու դարպասապահը։ Ասկերանի հավաքական թիմի անդամ Յուրա Բեգլարյանը մրցանակ ստացավ լավագույն կիսապաշտպան անվանակարգում՝ արժանանալով պատվոգրի և հուշանվերի։ Ինչպես նշեց Սլավա Գաբրիելյանը բոլոր թիմերն էլ մեծ ակտիվություն էին ցուցաբերել և մանկապատանեկան ֆուտբոլի առաջնության կազմակերպիչները հասել են իրենց նպատակին։ -Դիտարժան ու գրագետ խաղ ցուցադրեց Ասկերանի հավաքականը, ինչը մարզիչ Հայկ Շամիրյանի նվիրվածության և քրտնաջան աշխատանքի արդյունք էր։ Սա մեզ համար մեծ անակնկալ էր, ինչի համար մեր շնորահակալությունն ենք հայտնում շրջանի ղեկավարությանը և մարզչին։ Ասկերանում մարզադաշտի կառուցումով ֆուտբոլ մարզաձևը, կարելի է ասել, բարձր հիմքերի վրա դրվեց ,- ասաց Ս. Գաբրիելյանը։ Թերևս, ինչպես նշում են Ասկերանի հավաքականի պատանիները, նրանք սիրելով ու հարգելով իրենց մարզչին ու գնահատելով նրա նվիրվածությունն ու հոգատարությունը թիմի յուրաքանչյուր անդամի հանդեպ ջանում էին առավելագույնս դրսևորվել կարևորագույն այդ առաջնությունում։ Թերևս, երկրորդ հորիզոնականը զբաղեցնելը ևս լավ ցուցանիշ է, իսկ ապագայում կձգտեն ավելիին։ Կարելի է հստակ ասել, որ Ասկերանում մարզադաշտի կառուցումը շրջադարձային եղավ Ասկերանի ֆուտբոլի պատմության մեջ։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |