ԵԿՄ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԿԵՐԱՆ
26.08.2016 15:02

   ՀՀ Երկրապահ կամավորականների ավանդական ուխտագնացության ներկայացուցիչները հոբելյանակ 25-րդ անգամ ներկայացան Արցախի ժողովրդին։ Այս տարվա ուխտագնացությունը նվիրվում է Հայկական երկու Հանրապետությունների անկախության 25-ամյա տարելիցին։ Ամենամյա ուխտագնացության նպատակը հայրենասիրության անշեջ կրակ վառելն է երիտասարդ սերունդների սրտերում և այն մշտապես վառ պահելը։ Որպեսզի նրանք միշտ համախմբված լինեն ու միասնաբար տեր կանգնեն մեր անկախ պետականությանն ու հող-հայրենիին։ ԵԿՄ ուխտագնացությունները մեկնարկում են ամեն տարի մարտի 5-իր՝ Արարատի մարզից` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցի օրը։ Ամենամյա ուխտագնացությունները նվիրված են հերոս այն տղաներին, ովքեր կյանքի գնով Հայրենիք են փրկել, 5-րդ բրիգադի բոլոր մարտիկներին և մեր սուրբ ու հերոսածին մայրերին։ Ուշագրավ է նաև այն, որ ուխտագնացությանը մասնակցում են ոչ միայն ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքների անդամները, այլ նաև մտավորականներ, արվեստագետներ, ովքեր այս օրերին իրենց ներկայությամբ փորձում են միասնություն, ընկերասիրություն և հավատ սերմանել՝ իրենց երգ ու պարով բարձր տրամադրություն ստեղծել Արցախ աշխարհում։

Երիտասարդ սերուդը չի տեսել այն, ինչի միջոցով անցել են նրանց նախնիները և հասակ են առել պապերից ժառանգած ազատ ու անկախ Հայրենիքում։ Այժմ նրանց հերթն է տեր կանգնել այնքան թանկ գնով ձեռք բերված անկախությանն ու փոխանցել գալիք սերունդներին։   Եվ ինչպես մեծն Նժդեհն է ասել. §Հայրերի ուղիով գնալ՝ նշանակում է ավելի մեծ թափով ու նվիրումով շարունակել նրանց գործը՝ ոչ թե կրկնել նրանց սխալներն ու տկարությունները, այլ սրբագրել¦։

Օգոստոսի 21-ին երկրապահ կամավորականների միության երիտասարդական թևը հյուրընկալվել էր ասկերանցիներին։ Հայրենասիրական խրոխտ երգերն  ու ուրախ տրամադրությունը համակել էր բոլորին։ Միության ներկայացուցիչները հանդիսականներին ներկայացրեցին ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում էր. §Ապրիլյան քառօրյա պատերազմի  հաղթանակը մեր ժողովրդի միասնության և բանակի հզորության արդյունք է։ Թշնամին մեկ անգամ ևս համոզվեց, որ միլիոնավոր ժողովուրդը ոչինչ է հայ ազգի դեմ, որի յուրաքանչյուր զինվոր մարտնչում է որպես անհատ հերոս։ Այս ուխտագնացությունը նվիրվում է նաև ապրիլյան քառօրյա պատերազմում  նահատակված հերոսներին։ Փառք ու պատիվ բոլոր ժամանակների հայ հերոսներին։ Ես հավատում եմ, որ հարկ եղած դեպքում դուք կկրկնեք ձեր հայրերի ու պապերի հերոսական սխրանքները, նոր և ջախջախիչ հարված կհասցնեք ոսոխին, և կշարունակեն Աստծո և պատմության կողմից մեզ պատգամված ազատության սուրբ գործը¦։

Հայ ժողովրդի ազատության սուրբ առաքելությանը կամավորագրված Մանվել Գրիգորյանը հրադադարից հետո լծվեց Հայրենիքը շենացնելու հայրենանվեր գործին։ Նրա հովանավորությամբ հայոց պատմական հողերում խաչքարեր տեղադրվեցին, որոնց վրա փորագրված ամեն մի անուն հերոսական մի պատմություն է, հերոս տղաների անմահ կենսագրություն, ովքեր մահվան աչքերին ժպիտով նայելով նետվել են մարտի և հիմա ժպտադեմ խաչքարի հայացքով նայում են մեզ։

Բազմաթիվ են Մ. Գրիգորյանի հովանավորչական ծրագրերն ու բազմաբնույթ։ Մատաղ սերնդի մոտ հայրենասիրություն սերմանելու նպատակով 25 տարի անընդմեջ ուխտագնացություններ են կազմակերպվում։ Իսկ ամեն ուսումնական տարում ՀՀ և ԼՂՀ առաջին դասարան հաճախող աշակերտներին միությունը դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ է նվիրում։ Օգոստոսի 21-ին 2016-17 ուսումնական տարվա Ասկերանի շրջանի 305 առաջին դասարանցիների համար կամավորականները պայուսակներ էին բերել։ Ասկերանի Էդմոն բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց հաճախող 42 առաջին դասարանցի նույն օրը ստացավի իր հասանելիք գրենական պիտույքներն ու պայուսակը։

Համերգային ծրագրի վերջում §Ասկերանի շրջանի ուսումնական հաստատությունների տնօրինություն¦ ՊՈԱԿ տնօրեն Կառլեն Մայիլյանն Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնեց հյուրերին ամենամյա ուխտագնացությունների համար և ուխտագնացության կազմակերպիչ և հովանավոր, ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին պարգևատրեց շրջվարչակազմի պատվոգրով՝ ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, երկրապահական ավանդական ուխտանացության ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանի բնակչությանն աջակցելու, բոլոր առաջին դասարանցիներին անհրաժեշտ գրենական պիտույքներով ապահովելու համար։

Նշենք նաև, որ 2016 թվականի ուխտագնացություններն իրենց նպատակների և խորհուրդների հետ միասին նվիրվում է զորավար Մանվել Գրիգորյանի ծննդյան 60 ամյակին։ Իսկ որ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ կատարվում է իսկապես Աստվածահաճո գործ՝ երկու կարծիք լինել չի կարող։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter