ԿԱՅԱՑԱՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
01.09.2016 17:48

  Օգոստոսի 30-ին կայացավ Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություն, որի մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ ԿԳ և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, տեսչության պետ Սոս Արզումանյանը, ԿԳ ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ:

Մինչ խորհրդակցության աշխատանքներին անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների հիշատակը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը և ներկայացրեց 2015-2016 ուսումնական տարվա հաշվետվությունը:

Ընթացիկ ուսումնական տարում շրջանում գործել են 32 հանրակրթական դպրոցներ, որից 24-ը` միջնակարգ, 8-ը`հիմնական: Մասնաճյուղ դպրոցներ են գործել Սառնաղբյուրի, Արմենակավանի, Փառուխի, Հիլիսի, Ջրաղացների և Մոշխմհատի համայնքներում:

2015-2016 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներ են հաճախել 2339 աշակերտներ:

Շրջանում սովորողների կրթության և դաստիարակության գործն իրականացնում են 672 ուսուցիչներ, որից 652-ն ունեն բարձրագույն, 20-ը`միջնակարգ մասնագիտական և թերի բարձրագույն կրթություն: Սպասարկման աշխատանքներն իրականացնում են 308 հիմնական և սեզոնային աշխատողներ:

Շրջանների դպրոցների մանկավարժական կադրերի պահանջարկը հիմնականում լուծված է: Մասնագետների պահանջարկ առաջանալու դեպքում, թափուր տեղի համար հայտարարվում է մրցույթ:

Ընթացիկ ուսումնական շրջանում գործել է ՄՊՍ կենտրոն` 36 խմբակով, 380 սաների ընդգրկմամբ, արվեստի դպրոց` 14 խմբակով, 150 աշակերտների ընդգրկմամբ, մանկապատանեկան մարզադպրոց` 18 խմբակով, 251 աշակերտների ընդգրկմամբ: Աստղաշենում գործում է արվեստի դպրոց` 17 խմբակով, որտեղ հաճախում են 153 աշակերտներ:

Պետական կարգավիճակով նախադպրոցական հիմնարկներ են գործում Ավետարանոց, Ակնաղբյուր, Խնապատ, Խաչեն, Այգեստան համայնքներում, իսկ Ասկերան և Խնձրիստան համայնքներում գործում են հովանավորչական հիմունքներով:

Նախապատրաստական խմբեր են գործում Խրամորթի, Նորագյուղի, Պատարայի, Իվանյանի, Ասկերանի և Հարավի կրթական հաստատություններում:

Ուսումնական տարվա ընթացքում համընդհանուր տեսչական ստուգումներ են անցկացվել շրջանի Դաշուշենի և Լուսաձորի կրթական հաստատություններում: Հանձնախմբի եզրակացությամբ տեսչավորված երկու դպրոցների աշխատանքի արդյունքները գնահատվել են բավարար: Նոր ուսումնական տարում համակողմանի ստուգման ենթակա են Նախիջևանիկի մասնաճյուղ Սառնաղբյուրի, Ուղտասարի, Նորագյուղի, Սարդարաշենի, Պատարայի և Ասկերանի կրթական հաստատությունները:

Ընթացիկ ուսումնական տարում շրջվարչակազմի կրթության բաժինը աշխատանքներ է տարել դպրոցներում ներքին կարգապահական կանոնները կարգավորելու ուղղությամբ:

ԼՂՀ ԿԳՆ-ի պետական տեսչության և կրթության բաժնի կողմից ուսումնասիրվել է դասալսումների քանակը և որակը, ինչն էլ վերլուծվել է ԼՂՀ ԿԳՆ տեսչության պետ Ս.Արզումանյանի կողմից §Լուսարար¦ պաշտոնաթերթում:

Մարտ ամսում կազմակերպված վերապատրաստման դասընթացները, որին մասնակցել են շրջանի դպրոցների առարկայական 98 մանկավարժներ, մեծապես նպաստել են մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը, մեթոդական շատ հարցերի պարզաբանմանը:

Սովորողների շրջանում առանձնահատուկ նշանակություն և դեր ունի ավանդական առարկայական օլիմպիադաների կազմակերպումը: Օլիմպիադան կազմակերպվել է 3 փուլով` ներդպրոցական, շրջանային և հանրապետական: Բարձր միավորներ հավաքած 47 աշակերտներ մասնակցել են հանրապետական փուլին, և շրջանը միավորների առումով զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը:

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժինն աշխատանքներ է տարել ավարտական `9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համապատասխանաբար 242 և 161 շրջանավարտների քննությունների կազմակերպման անցկացման ուղղությամբ:

Հայտնի է, որ ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացվում է դպրոցից դուրս գործող համապատասխան կազմակերպությունների կողմից: Արտաքին գնահատումը բացահայտում է ուսումնական գործընթացի ամբողջական արդյունքները, ինչպես նաև առանձին առարկաների յուրացման մակարդակը: Այդ առումով ԼՂՀ ԿԳ նախարարության ԳԹԿ-ի կողմից բավականին աշխատանքներ են տարվել ավագ դպրոցի և միջին օղակի սովորողների գիտելիքների մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Ընթացիկ տարում ԳԹԿ-ի կողմից կազմված թեստերով շրջանի հանրակրթական ուսումնական հաստատություններում անց են կացվել արտաքին ընթացիկ գնահատումներ 4-8-րդ և 10-11-րդ դասարաններում: Արտաքին ընթացիկ ստուգումներն ավելի ակնառու են դարձնում սովորողների գիտելիքների մակարդակն ու իմացությունը, ինչպես նաև վստահություն է դրսևորվում մանկավարժական կոլեկտիվների հանդեպ`ստուգումներն օբյեկտիվ անցկացնելու գործում:

Ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը հագեցած էր բազմապիսի միջոցառումներով`ասմունքի, շարադրությունների մրցույթ, մարզական առաջնություններ: Մայիսյան Եռատոնին նվիրված §Ես եմ իմ երկրի պաշտպանը¦ խորագրով անցկացված շարադրությունների մրցույթի 20 մասնակիցներից 11 աշակերտների աշխատանքներ` Խնածախի, Այգեստանի, Ակնաղբյուրի, Նախիջևանիկի, Հարավի, Իվանյանի, Ավետարանոցի, Խաչենի միջնակարգ դպրոցներից ներկայացվել են հանրապետական հանձնաժողովին, որի արդյունքներով 3 աշակերտուհի արժանացել են մրցանակների: Շրջանի մանկավարժական կոլեկտիվները մեծ պատասխանատվությամբ են նշել նաև մայրենիի միամսյակը և որոշ կոլեկտիվներ արժանացել են շնորհակալագրերի ու պատվոգրերի: Մի շարք դպրոցականներ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Շուշիում կազմակերպված ասմունքի մրցույթին: Ակնհայտ է, որ սովորողների մոտ առանձնակի սեր է ձևավորված դեպի պոեզիան:

Դպրոցականներն ակտիվորեն են մասակցել նաև մարզական բոլոր միջոցառումներին և կազմելով հավաքական թիմեր` մասնակցել են հանրապետական առաջնություններին ու գրավել մրցանակային տեղեր:

Հագեցած էր նաև սովորողների առօրյան ամառային ժամանակահատվածում: Ամառային արձակուրդներին թվով 60 աշակերտներ հանգստացել են ՀՀ Գեղարքունիքի մարզի §Երկրապահ¦, 20 աշակերտներ` Հանքավանի §Լուսաբաց¦, 15 աշակերտներ` Ծաղկաձորի §Տիրամայր Հայաստան¦ ճամբարներում: Բակային ճամբար է կազմակերպվել նաև Ասկերանի միջնակարգ դպրոցում` շուրջ 130 աշակերտների ընդգրկմամբ: Լավ կազմակերպված հանգիստը կնպաստի գիտելիքների յուրացմանը և ուսումնական գործընթացի հաջող կազմակերպմանը:

2015-2016 ուսումնական տարվա մայիսին ճշտվել է շրջանի հանրակրթական դպրոցների առաջին դասարան հաճախողների քանակը: Գրանցվել է ուրախալի փաստ`303 երեխաներ կհաճախեն առաջին դասարան: Պետության կողմից հատկացվող արտոնությունների շրջանակում նրանց կտրամադրվի 20000-ական դրամ օգնություն: ՀՀ ԵԿՄ-ի կողմից հատկացվել են պայուսակներ և գրենական պիտույքներ:

Որոշակի աշխատանքներ են տարվել դպրոցական շենքների վերանորոգման, հիմնանորոգման ուղղությամբ: Մի քանի դպրոցներում վերանորոգվել են շենքերի տանիքները, որոշներում ձևավորվել են վառելափայտի պահպանման համար փայտանոցները: Ընթացքի մեջ է Խնապատի և Հիլիսի կրթական հաստատությունների ջրագծերի նորոգումը: Առանձին դպրոցներում կառուցվել և վերակառուցվել են սանհանգույցները, նորացվել է Նորագյուղի և Բերքաձորի դպրոցների դասասենյակների մանրահատակը: Շիննորոգման աշխատանքների համար ձեռք են բերվել 5155500 դրամ արժեքով շինանյութեր:

Կրթության բաժնի վարիչը շեշտեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմում շրջանի մանկավարժական կոլեկտիվները ցուցաբերեցին բարձր պատասխանատվություն, ուսումնական գործընթացը շարունակվեց բնականոն հունով և ավելի քան 42 տղամարդ-ուսուցիչներ իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան օրհասական օրերին:

Շ.Աղաբաբյանը շնորհավորելով բոլորին գիտելիքների օրվա և ԼՂՀ անկախության 25-ամյակի առթիվ` մաղթեց առողջություն, բեղմնավոր աշխատանք և հաջողություններ խաղաղ կյանքում:

ԼՂՀ ԿԳ և սպորտի նախարար Սլավա Ասրյանն իր խոսքում շեշտեց.

-Անցած ուսումնական տարում շրջանն ունեցել է հաջողություններ և ձեռքբերումներ: Իրոք, կան մանկավարժական կոլեկտիվներ, որ կարողանում են կրթական մակարդակը պատշաճ որակի հասցնել: Այսօր, յուրաքանչյուր կատարված լավ աշխատանք գնահատվում է մեր իշխանությունների կողմից, և թե° դասավանդող ուսուցիչը, թե° աշակերտն ստանում են իրենց արժանի գնահատականը: Բոլորիս գերխնդիրը պետք է լինի ուսման որակի բարձրացումը: Ուրախալի  ու գնահատելի է, որ օլիմպիադաներում մրցանակային տեղեր են սկսել զբաղեցնել նաև նոր դպրոցներ /Քռասնի, Սզնեք/:

Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր առարկայական մասնագետ սկսի զբաղվել ինքնակրթությամբ, գիտենք, որ համացանացում անսահամանափակ է գրականությունը: Հատուկ ուշադրություն պետք է սևեռել բնագիտական առարկաների վրա և աշակերտների մեջ հետաքրքրություն ու սեր սերմանել դեպի այդ առարկաները: Ուսուցիչը պետք է կարողանա աշակերտին ճիշտ կողմնորոշում տալ, իսկ դրա համար նա պարտավոր է իդեալ հանդիսանալ սովորողի համար: Ցավոք, այստեղ մենք խնդիր ունենք: Կան ուսուցիչներ, որոնք ընդամենը ժամանակ են վատնում դպրոցում և չեն տիրապետում իրենց մասնագիտությանը: Անհերքելի է, որ ուսուցիչն իր պահվածքով, վերաբերմունքով է կարողանում համակրանք ստեղծել դեպի ուսուցչի մասնագիտությունը:

Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել տնօրենների, փոխտնօրենների դասալսումներին: Տնօրենը լինելով իր մասնագիտության հմուտ գիտակը և օրինակ ծառայելով կոլեկտիվի համար`այդ դեպքում կարող է միայն ուսուցիչներից պահանջել նույնը:

Ինչ խոսք, ուրախալի փաստ է, որ շրջանը մարզական առաջնություններով զբաղեցնում է երկրորդ տեղը: Դպրոցներում արվում է ամեն ինչ, որպեսզի երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը լինի բարձր մակարդակի վրա:

Բազմաբնույթ ելույթներով հանդես եկան նաև տեսչության պետ Սոս Արզումանյանը և ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը:

Բարձրացված հարցերին, նրանք տվեցին պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ:

Վերջում մի շարք տնօրեններ, փոխտնօրեններ և ուսուցիչներ շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի կողմից առարկայական բարձր պատրաստվածության համար ստացան պատվոգրեր:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter