ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
01.09.2016 17:52

   Օգոստոսի 30-ին կայացավ Ասկերանի շրջվանի վարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստը, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը:

Նիստի աշխատանքներին մասնակցում էին §Արցախ ֆրութ¦ ՓԲԸ տնօրեն Արմեն Ծատրյանը, շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, համայնքների ղեկավարներ:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը հանդես եկավ §Արցախ ֆրութ¦ ՓԲԸ տնօրեն Արմեն Ծատրյանը: Նա տեղեկացրեց, որ անցած տարիների համեմատ, այս տարի ահագին նվաճումներ են արձանագրվել մրգի և բանջարեղենի մթերման և պահածոյացման գործընթացում: Եթե նախկինում մթերքները մեծամասնությամբ ընդունվում էին ՀՀ-ից, ապա այս տարի համարյա 70 տոկոսով ընդունվել են տեղական գյուղմթերքներ: Ասկերանի շրջանն այս ուղղությամբ մեծ աշխատանքներ է իրականացրել և ընկերությունը պատրաստ է այսուհետ ևս տեղական գյուղմթերքներ ընդունել:

Շրջվարչակազմի ղեկավարը հանձնարարականներ տվեց համայնքների ղեկավարներին աջակցել գյուղմքերք արտադրող գյուղացիներին սեփական արտադրանքը §Արցախ ֆրութ¦ ՓԲԸ-ին հանձնելու գործում:

Նիստի օրակարգային առաջին հարցը շրջանում բերքահավաքի հանրագումարի և աշնանացանի նախապատրաստության մասին էր, որի շուրջ տեղեկանք ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը:

2016 թվականի բերքի տակ շրջանի համայնքների վարչական տարածքներում և դրանց սահմաններից դուրս հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքները կազմել են 11928 հա` նախորդ տարվա համեմատ1493 հա-ով ավելի, այդ թվում աշնանացան` 11212 հա, գարնանացան` 707 հա /ներառյալ եգիպտացորենը/:

ԼՂՀ կառավարության աջակցությամբ բերքահավաքի ողջ ժամանակաշրջանում հետևողական աշխատանքներ են տարվել հակահրդեհային-նախազգուշական համապատասխան միջոցառումների իրականացման ուղղությամբ, որի արդյունքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը կատարվել է կազմակերպված և անկորուստ: Արտադրվել է 28658 տոննա հացահատիկայինների բերք, միջին բերքատվությունը կազմել է 25ց/հա: Ցորենի հնձված 8834 հա-ից ստացվել է 23333 տոննա բերք, գարու 2297 հա հնձված տարածքներից ստացվել է 4570 տոննա բերք: Շարունակում է ցածր մնալ հաճարի բերքատվությունը`14ց/հա, հնձված 423 հա-ից ստացվել է 567 տոննա բերք:

Ընթացիկ տարում ցանվել է 130 հա հնդկացորեն, ստացվել է 188 տոննա բերք:

Օգոստոսի 29-ի դրությամբ շրջանում կատարված է ընդամենը 2000 հա հերկ, այդ թվում 660 հա սկավառակահերկ:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների նոր ուսումնականի  նախապատրաստվածությանը:

Ինչպես հանդես եկավ շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արտուր Մելքումյանը`ուսումնական գործընթացի հաջող կազմակերպմանը մեծապես նպաստում է դպրոցական շենքերի նախապատրաստվածությունը, դպրոցական գույքի թարմությունն ու նորացվածությունը, կաբինետների ճաշակով կահավորումը, գրքային հարուստ ֆոնդը, մասնագետ-մանկավարժներով համալրումը, աշակերտների ամառային հանգստի բավարար կազմակերպումը: Այդ առումով որոշակի աշխատանքներ են տարվել դպրոցների տնօրինության, կրթության բաժնի, §Ուսումնական հաստատությունների տնօրինություն¦ ՊՈԱԿ-ի կողմից:

2015-2016 ուսումնական տարվա մայիսին ճշտվել է շրջանի հանրակրթական դպրոցների առաջին դասարան հաճախողների քանակը: Գրանցվել է ուրախալի փաստ`303 երեխաներ կհաճախեն առաջին դասարան: Պետության կողմից հատկացվող արտոնությունների շրջանակում նրանց կտրամադրվի 20000-ական դրամ օգնություն: ՀՀ ԵԿՄ-ի կողմից հատկացվել են պայուսակներ և գրենական պիտույքներ:

Որոշակի աշխատանքներ են տարվել դպրոցական շենքների վերանորոգման, հիմնանորոգման ուղղությամբ: Մի քանի դպրոցներում վերանորոգվել են շենքերի տանիքները, որոշներում ձևավորվել են վառելափայտի պահպանման համար փայտանոցները: Ընթացքի մեջ է Խնապատի և Հիլիսի կրթական հաստատությունների ջրագծերի նորոգումը: Առանձին դպրոցներում կառուցվել և վերակառուցվել են սանհանգույցները, նորացվել է Նորագյուղի և Բերքաձորի դպրոցների դասասենյակների մանրահատակը: Շիննորոգման աշխատանքների համար ձեռք են բերվել 5155500 դրամ արժեքով շինանյութեր:

Նոր ուսումնականի նախօրյակին ուսուցչի թափուր տեղերը համալրելու համար անց են կացվել մրցույթներ:

Ա. Մելքումյանը նշեց նաև, որ ամառային արձակուրդներին թվով 60 աշակերտներ հանգստացել են ՀՀ Գեղարքունիքի մարզի §Երկրապահ¦, 20 աշակերտներ` Հանքավանի §Լուսաբաց¦, 15 աշակերտներ` Ծաղկաձորի §Տիրամայր Հայաստան¦ ճամբարներում: Բակային ճամբար է կազմակերպվել նաև Ասկերանի միջնակարգ դպրոցում` շուրջ 130 աշակերտների ընդգրկմամբ: Լավ կազմակերպված հանգիստը կնպաստի գիտելիքների յուրացմանը և ուսումնական գործընթացի հաջող կազմակերպմանը:

Օրակարգային հարց էր նաև 2016 թվականին Ասկերանի շրջանի համաճարակային իրավիճակը, որի մասին տեղեկանքով ներկայացավ Ասկերանի շրջանային ՀՀ բաժնի սանիտարական բժիշկ Համլետ Աղաբաբյանը:

Բաժնի կողմից աշխատանք է տարվում շրջանում սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման, համաճարակային իրավիճակի բարելավման ուղղությամբ: Ընթացիկ տարվա 8 ամսվա ընթացքում ստացվել է 119 շտապ հաղորդման հայտ ինֆեկցիոն հիվանդությունների մասին, բոլոր օջախներում կատարվել են համաճարակային հետազոտություններ, ընթացիկ և եզրափակիչ ախտահանումներ:

Կատարվել է 5 շրջագայություն պրոֆիլակտիկ պատվաստումների իրականացման համար: Ընթանում է հսկողություն հանրային սննդի, սննդի արդյունաբերության, առևտրի օբյեկտների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է Ասկերան քաղաքի և որոշ գյուղական համայնքների ջրատար ցանցի և ջրավազանների լվացում և ախտահանում: Սույն թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում կազմակերպվել է բնակչության ջրամատակարարման համակարգերի ամենօրյա մոնիտորինգ, որի ընթացքում կատարվել է ջրի նմուշառում լաբորատոր հետազոտությունների համար:  Սան հիգիենիկ բաժնի կողմից իրականացվել է պլանային վերահսկողական և ընթացիկ ստուգումներ շրջանում տեղակայված 382 օբյեկտների նկատմամբ:

2016 թվականի ընթացքում վերցվել է 366 ջրի նմուշ լաբորատոր հետազոտությունների համար, մանրէաբանական ցուցանիշներով 27 նմուշ չի համապատասխանում սանիտարական նորմերին: Բոլոր համայնքների ղեկավարները գրավոր տեղեկացված են ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին:

Նիստում քննարկվեցին նաև օրակարգային մի շարք հարցեր, ընդունվեցին համապատասխան որոշումներ և արվեցին հայտարարություններ:

Վերջում շրջվարչակազմի ղեկավարը հանձնարարականներ տվեց ԼՂՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և ակտիվ մասնակցություն ապահովելու համար:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter