ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՊԱՀ ԴԻՐՔԵՐ
01.09.2016 17:55

  Մեր շրջանում բարի ավանդույթ է դարձել տոն և հիշարժան օրերին զորամասեր և առաջապահ դիրքեր այցելելը: Եվ ամեն անգամ ավելի մեծ ոգով, սիրով ու ջերմությամբ են կազմակերպվում այդ առաքելությունները: Չէ որ հայրենիքի սահմաններն անառիկ պահող, մեր խաղաղ քունն ապահովող հայ զինվորը պետք է համոզված լինի, որ ինքը մենակ չէ, նա ունի մի հզոր խումբ, ով ամեն մի վայրկյան պատրաստ է հայտնվել սահմանում և թիկունք դառնալ զինվորին:

ԼՂՀ անկախության 25-ամյակի նախօրեին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց առաջապահ դիրքեր: Ներկա էին ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Գեորգի Պետրոսյանը, շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արտուր Մելքումյանը, Ասկերանի շրջանի արհեստակցական կազմակերպությունների նախագահ Գայանե Գաբրիելյանը, շրջվարչակազմի բաժինների վարիչներ: Պատվիրակությանն ուղեկցում էին Ն զորամասի հրամանատարական և սպայական կազմը:

Շրջելով մարտական դիրքերում`մոտիկից ծանոթացանք զինվորի առօրյային և վերստին համոզվեցինք, որ նա պատվով ու մեծ պատասխանատվությամբ է կատարում իր պարտականությունները: Նրա անձնուրաց և անմնացորդ ծառայության շնորհիվ այսօր մենք վստահորեն ենք կանգնած մայր հողին:

Շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը շնորհավորելով զինվորների ԼՂՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ`մաղթեց խաղաղ և անփորձանք ծառայություն: Նա հորդորեց զինվորներին լինել միշտ զգոն և վճռական, քանզի նենգ թշնամին երբեք չի քնում: Վստահեցրեց զինվորներին, որ նրանք գտնվում են համայն հայության ուշադրության կենտրոնում, նրանցով հիանում և հպարտանում են բոլորը:

§Բազմիցս ենք համոզվել ձեր ուժեղ կամքի, բարձր ոգու և վճռական տրամադրվածության մասին: Համոզված ենք, դուք կկարողանաք անսասան պահել մեր սահմանները, քանզի ձեր երակներով հոսում է հայի արյունը…¦,-շեշտեց Սերգեյ Գրիգորյանը:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը նույնպես իր սրտի խոսքն ասաց.

-Ձեր նվիրական ծառայության շնորհիվ մենք մեզ վստահ և ապահով ենք զգում: Ապրիլյան իրադարձությունները կրկին ապացուցեցին, որ կարող ենք հույս դնել քաջ զինվորի վրա: Մենք հպարտանում ենք, որ ունենք նման քաջակորով ու նվիրյալ տղաներ: Թո՛ղ ամուր կամքը և հայ տղամարդուն վայել արժանապատվությունը ուղեկցի ձեզ…

Մարտականորեն տրամադրված զինվորներն անչափ ոգևորված էին: Այդ էին վկայում նրանց ուրախությամբ լեցուն աչքերը, որոնք փայլում էին հաճելի անակնկալից: Միաժամանակ նրանց դեմքերին կարելի էր կարդալ. մենք ենք այս հողի տերն ու տիրակալը, ատամներով կպահպանենք մեր ապուպապերից ժառանգած այս սուրբ հողի ամեն մի թիզը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter