ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԱՍՆ է |
08.02.2012 00:46 |
Սեպտեմբերի 13… Աշնանային գույներով ոսկեւորված դպրոցի բակն ալիք էր տալիս: Հավաքվել էին գյուղի ղեկավարները, ուսուցիչներ, դպրոցականներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ: Ներկա էին Ազատամարտի քաջ պաշտպան Վիտալի Պետրոսյանի ծնողները: Մեծադիր նկարից եթերային հայացքով հավաքվածներին էր նայում Վիտալին, ում անունով է կոչվում Նորագյուղի միջնակարգ դպրոցը: Հահաքվել էին` նշելու Արցախամարտի քաջ նահատակ Վիտալի Պետրոսյանի 50-ամյակը: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի կազմակերպիչ Լ. Հայրիյանը: Նա տեղեկացրեց, որ հիշարժան օրվա նախօրյակին դպրոցում կազմակերպվել է ֆուտբոլի եւ կրոսավազքի գծով հուշամրցաշար, որի հաղթողները պարգեւատրվում են գովասանագրերով եւ թանկարժեք նվերներով: Արարողությանը հաջորդեցին Ա. Մնացականյանի եւ Վ. Պետրոսյանի ելույթները: Նրանք, ներկայացնելով Վիտալիի կյանքի ուղին, ընդգծեցին ազատամարտիկի անհատականությունը, մարդկային կերպարի վեհությունը: Նա խտացումն է 32 քաջ նորագյուղցիների, ովքեր աներեր գնացին մարտի` հանուն մայր հողի ու արյան կանչի: Վիտալին իր հողին ու ժողովրդին անմնացորդ նվիրված մտավորականի պայծառ կերպար է, որ իր ապրած կյանքի օրինակով վարում է իր անմահության դասը մահից հետո էլ... Արարողությանն առանձին շուք հաղորդեց դպրոցականների գրական-երաժշտական կոմպոզիցիան: - Գարուններ են գալիս ու գնում, բայց նա մնում ջահել ու լուսավոր, ինչպես մեր փթթուն Արցախի երազներով լեցուն կապույտ երկինքը,- ազդարարում է աղջկա երազախառը ձայնը: Ներկաների ուշադրությունը թրատում է Թամարի հուզախռով ձայնը. Վրձինն էր, հորեղբայ’ր, քո զենքը միայն, Գույները` ական, վառոդ ու գնդակ, Անկեղծ արդարը, երազ ակունքն այն, Որին ձգտում է քո սիրտը պապակ: Բայց սուր բռնեցին մատները քո նուրբ Ու դարձար խիզախ զինվորն Արցախի. Թշնամին էր նենգ ու գնդակն անգութ, Որ հատեց մատաղ թելը քո կյանքի... Կայծկլտում են հոգու պայծառ լույսերը` դառնալով երդման խրոխտ խոսք. -Մենք մեր հիշողության մեջ միշտ վառ կպահենք քո պայծառ անունը: Իսկ եթե հարկ լինի, առանց վարանելու, հետեւելով քո օրինակին, կպաշտպանենք սրբության սրբոց մեր հող-հայրենին: - Որդիս իզուր չի զոհվել,- երկար չկարողանալով խոսել` մշուշված աչքերի միջից կերկերուն ձայնով ասում է Վիտալիի հայրը: Նայում ես արծվահայաց պատանիներին ու աղջիկներին, հոգիդ ալիք է տալիս, եւ հավատում ես, որ խոստումնալից է մեր հայրենիքի ապագան, դեռ գարուններ են գալու ու երբեք մեզ չեն լքելու... ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ Նորագյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի |