ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐ՝ 2016-17 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ
01.09.2016 17:58


 
Ամառային երկարատև արձակուրդից հետո Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը կրկին հյուրընկալ դռներն էր բացել իր սիրասուն աշակերտների առջև, որոնց քանակն այս ուսումնականում համալրվեց ևս 42-ով։ Գիտելիքների, գրի և դպրության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, շրջանի հոգևոր հովիվ տեր քահանա Առաքելյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ։ Բացման և ողջույն խոսքով հանդես եկավ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը՝ շնորհավորելով ներկաներին գիտելիքների օրվա և Արցախի անկախության 25 - ամյակի առթիվ։ Հնչեց Արցախի պետական օրհներգը։ Ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախ աշխարհի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակը։

Դպրոցականներին շնորհավորանքի խոսք ասաց տեր քահանա Առաքելյանը՝ կարևորելով սեպտեմբերի 1-ի խորհուրդը, քանզի այն գիտելիքի օր է, մի բանի, առանց որի անհնար է ազգի գոյատևումը։ Հոգևոր հովիվը բեղմնավոր և արգասաբեր ուսումնական տարի մաղթեց ուսուցչական և աշակերտական կոլեկտիվներին՝ պատվիրելով միշտ իրենց հոգիներում վառ պահել Աստծո ամենագլխավոր պատվիրաններից մեկը՝ հույսը ապագայի հանդեպ, հավատը սեփական ուժերի նկատմամբ և սերը դեպի ուսումը։ Քանզի հաջողության հասնելն ու ամուր պետություն կառուցելը սկսվում է դպրոցական նստարանից։ Տեր քահանա Առաքելյանը կատարեց նաև օրհնության կարգ։

Դպրոցի տնօրեն Մարելա Ավանեսյանը ողջունելով ներկաներին դպրոցը բնութագրեց ռուս ականավոր քիմիկոս Դմիտրի Մենդելեևի խոսքերով՝ դպրոցը մի վիթխարի ուժ է, որը որոշում է ժողովուրդների ճակատագիրն ու կենցաղը։ Հայ ժողովրդի համար դպրությունը միշտ էլ ապագայի ուղենիշ է եղել՝ լուսավորելով սերունդների լուսավոր և հարատև ճամփան։ Դժվար է պատկերացնել երկրի ապագան առանց դպրության և գիտելիքի։ Այն նաև ժամանակակից մարդ կոչվելու չափանիշ է, զենք՝ խավարի դեմ պայքարելու, ուստի նաև գիտելիքով մենք պետք է հաղթենք։

Խոսելով ուսուցիչների կատարած մեծ ու անգնահատելի աշխատանքի՝ սերունդների կրթության ու դաստիարակության մասին Մարելա Ավանեսյանը ուսուցչիներին համեմատեց սահմանապահ զինվորների հետ, քանզի զինվորը տարածքային սահմաններն է պաշտպանում, իսկ ուսուցիչը՝ հոգու։ Երկուսը միասին Հայրենիք են պաշտպանում։ Դպրոցի տնօրենը շնորհավորեց ներկաներին նաև Անկախության 25 - ամյակի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ երկինք և ստեղծագործ առօրյա։

Առաջին զանգը հնչեցնելու պատիվը տրվեց առաջին դասարանցիներ Սամվել Աղաջանյանին, Անի Պետրոսյանի և 12-րդ դասարանցի ուսման առաջատարներ Քնար Պետրոսյանին և Աշոտ Գաբրիելյանին։ Ապա դասվարներ Քրիստինե Օհանյանի և Դիանա Ղազարյանի ուղեկցությամբ 1-ին դասարանցիներն իսկական զինվորների պես երդվեցին միշտ բարձր պահել արդեն հարազատ դարձած Էդմոն Բարսեղյանի անունը կրող կրթօջախի անունն ու պատիվը։

Ուսուցչական և աշակերտական կոլետիվներին շնորհավորական խոսք ասաց նաև Ն զորամասի ներկայացուցիչը՝ պատգամելով աշակերտներին արժանի հետնորդը լինել իրենց նախնիների ինչպես հայրենասիրությամբ, այնպես էլ ուսման մեջ։

Ողջունելով և շնորհավորելով նոր ուսումնականի և Արցախի անկախության 25 - ամյակի առթիվ Ազգային ժողովի պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը հպարտությամբ նշեց, որ հայ աշակերտները միջազգային օլիմպիադաներում լավագույն արդյունքներ են ցուցաբերել և հայրենիք վերադարձել բազմաթիվ մեդալներով, որքան որ չեն բերել մեր հարևան երկու պետությունների աշակերտները միասին վերցրած։ Ալյոշա Գաբրիելյանը հորդորեց աշակերտներին մեծ ուշադրության դարձնել բնագիտական առարկաներին՝ որոնք մեծ և ճակատարգական նշանակություն ունեն ամուր պետականություն ունենալու համար։

Վերջում դպրոցի տնօրեն Մարելա Ավանեսյանը 2015-16 ուսումնական տարվա գերազանցիկ աշակերտներին պարգևատրեց պատվոգրերով։ Տարբեր անվանակարգերում պատվոգրեր ստացան նաև մի շարք ուսուցիչներ։

Գիտելիք, գրի և դպրության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը համեմված էր դպրոցականների և Ասկերանի ՄՊՍ կենտրոնի սաների ուրախ երգերով և ազգային պարերով։

Նոր ուսումնականի առաջին օրը դպրոցի բոլոր դասարաններում անցկացվեցին արիության դասեր։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter