ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է |
06.09.2016 15:02 |
Արցախի անկախության 25 - ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումն Ասկերանում մեկնարկեց պատմական բերդի մատույցներից, որտեղից Ն զորամասի զինվորները՝ նվագախմբի ուղեկցությամբ, հանդիսավոր քայլերթով անցան քաղաքով։ Շրջանի ուժային կառուցների ղեկավարները, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենները և վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչները շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Այստեղից մեքենաների շարասյունն ուղղվեց դեպի Տանկ հուշահամալիր, որտեղ ևս ծաղիկներ տեղադրվեցին։ Հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշավահանակի մոտ։ Բացման խոսքով հանդես եկավ վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը և շնորհավորելով ներկաներին Արցախի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ նշեց, որ Արցախի անկախությունը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշ է։ Ապա հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին այն քաջորդիների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել ազգի ու Հայրենիքի փրկության, հանուն ազատ ու անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու համար։ Վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը շնորհավորելով ներկաներին նշանակալից տոն օրվա առթիվ նշեց, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում ու դարձավ նրա դարավոր երազանքների իրականացման սկիզբը։ Ս. Գրիգորյանն անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմին՝ հպարտությամբ նշելով, որ թշնամու ագրեսիան կասեցվեց, քանզի մենք միասնական ու համախմբված ենք մեկ նպատակի շուրջ, իսկ Հայրենիքի սահմանների պաշտպանությունը գտնվում հուսալի ձեռքերում։ -1991 թվականի երկու ամսաթվեր գրանցվել ու մնալու են հայոց պատմության մեջ. Սեպտեմբերի 2-ը, երբ Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը և սեպտեմբերի 21-ը, երբ Հայաստանն անցկացրեց Անկախության իր հանրաքվեն։ Այդ պատմական թվականից 25 տարի անց կարելի է ասել, որ ընտրվեց ճշգրիտ տարբերակ։ Անկախության ճանապարհը լի էր բազմաթիվ խոչընդոտներով, այդ ճանապարհը կարող է տասնամյակներ տևել։ Սակայն եթե ժողովուրդը հավատում է անկախության գաղափարին, ապա այն մի օր դառնում է իրականություն։ 2016թ. ապրիլի 2-ին՝ ուղիղ 5 ամիս առաջ, մենք արթնացանք ուրիշ իրականության մեջ։ Հակառակորդը վերջ դնելով ավելի քան 20 տարի գոյություն ունեցող փխրուն խաղաղությանը, լայնածավալ գործողություններ էր սկսել Արցախի սահմանի ողջ երկայնքով։ Բաքվի ագրեսիան դիմակայվեց և մենք ցույց տվեցինք, որ Արցախի Հանրապետությունը ուժեղ է ու անառիկ, քանի որ նրա սահմաններին կանգնած է իր հողն ու տունը պաշտպանող զինվորը, նրա թիկունքում է ողջ հայ ժողովուրդը։ Հայկական բանակը համախմբելով և միավորելով ուժերը ձախողեց թշնամու պլանները՝ նրան հասցնելով ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծ կորուստներ։ Քաղաքացիական այս աննախադեպ համախմբման ոգևորությունը ցավոք, չանցավ առանց կորուստների։ Մենք կորցրինք մեր լավագույն եղբայրներին. Փա՜ռք ու պատի՛վ նրանց։ Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ, ձեռք - ձեռքի մենք այսուհետ էլ անելու ենք ամեն ինչ Արցախի պետականության ապահովման, պաշտպանության մակարդակի բարձրացման, տնտեսության զարգացման, մարդկանց կենսապայմանների բարելավման ուղղությամբ։ Արցախը պետք է դառնա զարգացած ու ժամանակակից հանրապետություն և իր արժանի տեղը զբաղեցնի միջազգային հանրության շարքում։ Սիրելի հայրենակիցնե՛ր. Շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու հավատ ապագային հանդեպ։ Փա՜ռք մեր անկախ պետությանը։ Փա՜ռք մեր հերոսական բանակին ու ժողովրդին,- ասված էր վարչակազմի ղեկավարի ուղերձում։ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ ազատությունն ու անկախությունը արցախցու համար պատվո խնդիր՝ գաղափարներ են, իսկ հնազանդությունը՝ հավասազոր մահվան։ -Ամեն մի ժողովուրդ իր պատմության ողջ ընթացքում ինչպես հաղթանակներ, այնպես էլ պարտություններ է կրել։ Արցախցու համար այդ պարտությունը եղավ ոչ թե մարտի դաշտում այլ պալատներում՝ սևով սպիտակի վրա գրված։ Խոսքս 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի չարաբաստիկ պայմանագրի մասին է՝ ստորագրված խորհրդային կարգերի մեծ բռնապետ Ստալինի կողմից։ Այդ պայմանագիրը մեր բոլոր զրկանքների, դառնությունների պատճառ դարձավ, որը մեր թշնամու ձեռքին հաղթաթուղթ է, բարբաջանքների հիմք։ Բռնակցվելով Ադրբեջանին ոտնահարվեց արցախցու ազգային ինքնորոշման իրավունքը։ Յոթանասուն երկար ու ձիգ տարիներ մեր ժողովուրդն ատամները սեղմած դիմակայում էր խորհրդա-ադրբեջանական չինովնիկների կոշտ ու համազգային վտանգ ներկայացնող կտտանքներին։ Գորբաչովյան վերակառուցումը կարծես փրկության դուռ կբացեր, բայց ավա՜ղ իսկական պայքարը դեռ առջևում էր։ 1988-ի փետրվարին հասունացավ պահը, արցախահայությունը սթափվեց և իր առջև տեսնելով Նախիջևանի օրինակը, հստակ վճռեց գնալ նոր պատերազմի՝ հանուն անկախության, հանուն սերունդների բարօրության։ Եվ արդեն երրորդ սերունդ է, որ դաստիարակում ենք §Սերունդը պիտի դաստիարակվի այն ոգով, որ պետք է մեռնել ապրելու ու ապրեցնելու համար, և ոչ թե ապրել մեռնելու համար¦ Նժդեհյան կարգախոսով։ Սերունդ, ով բարձր է գնահատում այդ հաղթանակը՝ ազատ ու անկախ Հայրենիքի գաղափարը, որը ոչնչից չի երկնչում, չի վարանում, չի զլանում Հայրենիքը պաշտպանելուց, նրա սահմաններին գիշեր ու զոր պահակելուց,- ասաց Լ. Խաչատրյանը։ -70 տարի բռնակցված լինելով Ադրբեջանին արցախահայությունը շարունակ ենթարկվել է բազում փորձությունների ու կրել ծանր զրկանքներ։ Սակայն արցախցին երբեք չի հուսալքվել, չի կորցրել ազգային ինքնությունը, հավատն ու լեզուն և պահ անգամ չի հրաժարվել իր նպատակներից, որոնք իրականություն դարձան 88-ին սկիզբ առած համազգային զարթոնքով, ապա 1991-ի հանրաքվեով և վերջպես մեզ պարտադրված պարտերազմով։ Դա էր մեր փրկության միակ ճանապարհը, հաղթանակների ու ձեռքբերումների, կայացման և ինքնահաստատման ուղին, որը նա անցնում է արժանապատվորեն՝ իր միասնականության ու անսասան ոգու շնորհիվ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, օր-օրի ամրապնդելով ու զորացնելով հայրենի երկիրը և կերտելով լուսավոր ապագան։ Սակայն այդ ճանապարհին կորցրեցինք շատ նվիրյալ հայորդիների, որոնց կյանքի գնով փրկվեց արցախահայությունը ֆիզիկական բնաջնջումից։ Փա՛ռք ու պատի՛վ մեր մարտիրոսված մարտական ընկերներին։ Շնորհավոր 25-ամյա տոնդ Արցա՛խ,- իր ելույթում ասաց արցախյան ազատամարտի վետերան Արմեն Գասպարյանը։ Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Ալյոշա Գաբրիելյանի ելույթն իսկական երդում էր, ապագա զինվորի երդում։ -Անկախությունը շատ բան է տվել մեզ։ Անկախ Արցախի Հանրապետությունն օր-օրի հզորանում է, շենանում են մեր գյուղերն ու քաղաքները, զարգացում է ապրում գիտությունը։ Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը չեն խնայել մեր այսօրվա խաղաղ օրվա համար։ Նրանք մեզ ավանդել են մի այնպիսի Հայրենիք, որի համար, իրոք, արժե ապրել ու պայքարել։ Այսօր մենք ապրում և սովորում ենք խաղաղ պայմաններում։ Գլուխ խոնարհելով մեր սահմանները գիշերուզօր հսկող մեր քաջարի զինվորների առաջ, միաժամանակ երդվում ենք լինել նրանց արժանի հերթափոխը,- ասաց Ա. Գաբրիելյանը՝ արտասանելով դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը գրած բանաստեղծությունը՝ նվիրված ապրիլյան պատերազմին։ Ոգևորիչ ու միաժամանակ հուզիչ էր Ն զորամասի շարքային Նաջարյանի ելույթը, ով հպարտությամբ է կրում հայ զինվոր պատվավոր կոչումը, և խոստանում լինել արժանի հետնորդն իր նախնիները, քազնի իրականացել է նրանց վաղեմի երազանքը՝ ունենալ ազատ ու անկախ պետությունը։ Անկախության 25 - ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ներկայացուցիչները։ Միջոցառման վերջում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի շնորհավորական ուղերձը ներկայացրեց սոցիալական ապահովության, առողջապահական ծրագրերի բաժին պետ Էվելինա Եղիազարյանը։ Ուղերձում ասնավորապես ասված էր. -Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության 25 – ամյակի կապակցությամբ։ Արցախի Հանրապետության համար Անկախության օրը պետականության վերականգնման պանծալի օրն է, որը ձեռք է բերվել հայրենասեր սերունդների մաքառումների ու զոհողության գնով։ Արցախի Հանրապետությունը դժվարին, սակայն վերընթաց ուղի է անցել՝ անխոնջ ջանքերի և անսպառ նվիրումի շնորհիվ, հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ։ Արցախի ազատությունը ողջ հայության համար մեր Հայրենիքի կենսունակության և առաջընթացի, պայծառ ապագայի և իղձերի իրականացման հաղթաթուղթն է։ Կրկին շնորհավորում եմ պետականաստեղծման նշանակալի օրվա կապակցությամբ, մաղթում բարօրություն, խաղաղություն, իսկ Արցախի ազատատենչ ժողովրդին՝ հուսալի ապագա և տոկունություն՝ երկրի հետագա հզորացման և բարգավաճման գործում։ Կեցցե՛ ազատ Արցախը։ Արա Սադոյանի անունից նա նաև նվիրներ հանձնեց շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին և քաղաքապետ Սամվել Աղաջանյանին։ Արցախի Հանրապետության անկախության 25 - ամյակին ընդառաջ Ասկերանը տոնական տեսք էր ստացել։ Առանձնապես աչք էր շոյում Ասկերանի մուտքը զարդարող հատուկ այդ օրվա համար կառուցված մետաղյա թռիչքաձև շինությունը՝ զարդարված հայոց եռագույնով և լուսային էֆեկտներով։ Այն մի խումբ բարերաների նվերն էր Ասկերանի շրջանին՝ Անկախության 25- ամյակի առթիվ։ Անկախության օրվան նվիրված մարզամշակութային միջոցառումները մեկնարկեցին երեկոյան ժամը 6-ին՝ Ասկերանի քաղաքային մարզադաշտում։ Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների պետական վարչության տնօրեն Արթուր Հարությունյանը, շրջանի ուժային կառույցների ղեկավարները, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունը, բարերարներ, շրջանի բնակիչներ։ Մարզադաշտի մուտքի մոտ Ասկերանի արվեստի դպրոցն ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ցուցահանդես - վաճառք էին կազմակերպել։ Տոնական միջոցառման ժամանակ հայրենասիրական երգերի ու պարերի գեղեցիկ ու անզուգական կատարումներով հանդիսատեսին ներկայացավ §Մենք ենք մեր սարերը¦ համույթը։ Համերգային ծրագիրն ընդմիջվեց պարանի ձգում մարզախաղով, որին մասնակցում էին Ասկերանի, Նորագյուղի և շրջանի տարածքում տեղակայված զորամասերի թիմերը։ Համառ պայքարում հաղթեց Ասկերանի թիմը, որն իր ստացած մրցանակն ասպետաբար հանձնեց տանկիստների թիմին։ Համերգային ծրագիրը շարունակվեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների, §Բերդ¦ համույթի երգիչների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի Ասկերանի և Նորագյուղի մասնաճյուղի սաների ազգային երգերի ու պարերի գեղեցիկ կատարումներով։ Առավել խանդավառված էին ասկերանցի փոքրիկները, ովքեր զինվորների հետ շուրջպար էին բռնել համերգային ծրագրի ողջ ընթացքում։ Վերջում տեղի ունեցավ շքեղ հրավառություն, որը տրամադրել էր §Երքաղլույս¦ ՓԲԸ տնօրեն Վարդան Գաբրիելյանը, շարունակելով հոր՝ Ասկերանի պատվավոր քաղաքացի, երջանկահիշատակ Սամվել Գաբրիելյանի ստեղծած բարի ավանդույթը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|