ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ |
06.09.2016 15:20 |
Սեպտեմբերի 5-ին Ասկերանի Ն.Ստեփանյան փողոցի բազմաբնակարան շենքերի բակում առանձնահատուկ տրամադրություն էր: Խանդավառությունն ու ցնծությունն էին այստեղ իշխում, իսկ մանուկների ուրախ ծիծաղը փոխանցվում էր մեծերին` հիշեցնելով նրանց մանկության անաղարտ օրերը: Մեծ ու փոքր հավաքվել էին նորակառույց մանկական խաղահրապարակի բացմանը ներկա լինելու համար: Այստեղ էին Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, տեղակալ Հայկ Շամիրյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներ, շինարարությունն իրականացրած կազմակերպության՝ §Կոտտեդժ¦ ՍՊԸ տնօրեն Արմեն Աղաբալյանը, հյուրեր: Մանկական հրապարակն այստեղ կառուցվել է պետական միջոցների հաշվին` Ասկերանի քաղաքապետի նախաձեռնությամբ և ծնողների խնդրանքով: Շինարարական աշխատանքներն սկսվել էին մարտ ամսից, սակայն ապրիլյան իրադարձությունների պատճառով միառժամանակ այն կանգ էր առել: Աշխատանքները լայն թափ ստացան ամռան ամիսներին և բացման արարողությունը նվիրվեց ԼՂՀ անկախության 25-ամյակին: Ինչպես նշեց Ասկերանի քաղաքապետը` այս խաղահրապարակը մեծ նշանակություն ունի թե՛ երեխաների և թե՛ ծնողների համար: Ծնողը կարող է ամեն րոպե համոզված լինել, որ իր երեխան ապահով տեղում է և իր աչքի առաջ: Սակայն քաղաքում դեռևս այս խնդիրը լուծված չէ, որովհետև շատ բակերում նման խաղահրապարակների կարիք կա: Պետք է հաշվի առնել այն, որ քաղաքում օրեցօր ավելի է մեծանում երեխաների թիվը: Ծնողների անունից շնորհակալական խոսք ասաց Նարինե Ասրյանը` համոզմունք հայտնելով, որ խաղահրապարակի մաքրության և պահպանման աշխատանքները միշտ կլինեն ծնողների ուշադրության կենտրոնում: <<Կոտտեդժ>> ՍՊԸ-ն հաճելի անակնկալ մատուցեց երեխաներին: Փոքրիկների ոգևորությանը չափ չկար, երբ տեսան սիրած մուլտհերոսներին` Մաշային, Արջին, Սարդամարդին ու Ծաղրածուին: Երեխաներն արտասանեցին, երգեցին, իսկ հեքիաթային հերոսների հետ շուրջպարը մեծ ցնծություն պարգևեց նրանց: Վերջում երեխաները շինարարների և քաղաքապետարանի կողմից նվերներ ստացան: Դե ինչ, Ասկերանի պատմության մեջ ամրագրվեց ևս մի գեղեցիկ ու անմոռանալի օր: Հուսանք, որ մանկական խաղահրպարակների թիվը կավելանա քաղաքում և ասկերանցի մանուկները կկարողանան խաղալ հաճելի ու գրավիչ պայմաններում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |