ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 55 ՏԱՐԵԿԱՆ
17.09.2016 16:48

  Արցախյան ազատամարտում բազմաթիվ նվիրական անուններ ու հերոսներ ծնվեցին, ովքեր ելնելով հասարակ ժողովրդի ծոցից, ըմբոստացան անարդարության ու բռնության դեմ, պայքարեցին պատմական արդարության համար ու դարձան հավերժի ճամփորդներ…

Սեպտեմբերի 13-ին Նորագյուղի եղբայրական գերեզմանոցում տեղի ունեցավ նորագյուղցի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար - հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանը, ազատամարտի վետերաններ, նորագյուղցիներ։ Բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Էդիկ Մարդյանը, ապա զեկուցման համար խոսքը տրեց Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էրիկ Վարդանյանին։ Տնօրենը ներկաներին համառոտ ներկայացրեց նորագյուղցիների անցած մարտական ուղին։ Փառավոր ու հերոսական մարտական ուղի են անցել նորագյուղցի մարտիկները, իսկ 33 հերոսներ անմահացել են՝ անձնվիրաբար մարտնչելով  հող-հայրենիի ազատության համար։

Նշեմ, որ խաչքար-հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողությունը համընկել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Վիտալի Պետրոսյանի ծննդյան 55-ամյակի հետ։ Բացման արարողությունից հետո ներկաներն ուղղվեցին դեպի գյուղապետարանի դահլիճ, մասնակցելու Վիտալի Պետրոսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթին։

Դահլիճում հավաքվել էին Վիտալիի հարազատները, մարտական ընկերներն ու համագյուղացիները, իսկ դահլիճի կենտրոնից իր մաքրամաքուր հայացքով ու ծով  բարությամբ լեցուն աչքերով մեծադիր նկարից բոլորին դիմավորում էր օրվա անխոս հերոսը։

Ողջունելով ներկաներին դպրոցի փոխտնօրեն Լիդա Հայրիյանը հուշ-ցերեկույթը՝ նվիրված մեծ հերոսի ծննդյան 55-ամյակին հայտարարեց բացված։ Արցախի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ներկաները հոտնկայս հարգեցին արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հիշատակը։

1961 թվականի սեպտեմբերի 13-ին Հակոբ և Թամարա Պետրոսյանների բազմազավակ ընտանիքում ծնվեց չորրորդ զավակը՝ Վիտալին։ 1969 թվականին հաճախել է Նորագյուղի նորակառույց դպրոցի առաջին դասարանը։  Ուսումնառության տարիներին նա գերազանց և հարվածային գնահատականներով է սովորել, առանձնանում էր հատկապես իր նկարչական ընդունակություններով և բացառիկ հայրենասիրական, ազգասիրական հայացքներով։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ստացել ինժեներ-էներգետիկի մասնագիտություն։ Ուսմանը զուգընթաց հաճախել է գեղանկարչության դասընթացներ։ Ավարտելով ուսումը վերադարձել է գյուղ և աշխատանքի անցել գյուղի կոլտնտեսությունում, իսկ ազատ ժամերին զբաղվել նկարչությամբ՝ էսքիզներից մինչև մեծածավալ կտավներ։ Կտավներում իր սրտի անհուն սերն ու հավատամքն է արտացոլել Հայրենիքի հանդեպ։ Առանձնահատուկ էին Կառկառի հովիտն իր մարդաշեն գյուղերով և բնության տեսարաններով պատկերող կտավներն ու հարազատ գյուղի համայնապատկերը ներկայացնող մեծածավալ երկու կտավները, որոնցից մեկը կոլվարչության   շենքի դահլիճի պատին էր (շենքի ռմբակոծության հետևանքով ամբողջապես ոչնչացել է), մյուսը, ստեղծագործական հիանալի լրացումներով, 2.5մետր լայնությամբ և 9 մետր երկարությամբ մի կտավ է, որը զարդարում է գյուղի հանդիսությունների տունը։ Հենց այս  կտավների մասին էր խոսքը, երբ ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանը զարմանքով ասաց. Բազմափորձ նկարիչը ռիսկ չի անի այսպիսի մեծ գործի ձեռք զարկել, այս ուսանող տղան ինչպե՞ս է հանդգնել այսպիսի մեծ կտավ սկսել ու տակից դուրս գալ։ Այդպես համարձակ կարող է լինել միայն ղարաբաղցին։

Մեծ ու հեռանկարային էին Վիտալիի պլանները, սակայն սկիզբ առած արցախյան շարժումն ու դրան հաջորդած պարտադրված պատերազմն այլ ուղղությամբ նրան տարան՝ Հայրենիքի փրկության քարքարոտ, սակայն սրբազան  ճանապարհով։

Ներկաների հետ սրտի խոսքով կիսվեց Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, համադասարանցի Ադելա Մնացականյանը, ում համար լավագույն ընկերոջ մասին անցյալով խոսելն անչափ դժվար է։

- Դեռևս 3-րդ դասարանում նկարչության ժամին ընկեր Գրիգորյանն ազատ թեմա էր հանձնարարել նկարել։ Վիտալին նկարեց Արարատ լեռն ու վրան գրեց ՍԱ ՄԵՐԸ ԿԼԻՆԻ։ Ուսուցչուհին ապշահար էր եղել, որտեղի՞ց 3-րդ դասարանցու մեջ այսքան հայրենասիրություն։ 70-ական թվականներին այդ մասին մտածելն անգամ վտանգավոր էր, իսկ ընկեր Գրիգորյանը վախվորած ու հուզված աչքերով համբուրեց Վիտալիի ճակատը և ասացª ապրես։ Անվերջանալի են իմ հիշողությունները Վիտալիի մասին, որոնք խոսում են մեծ հայրենասերի, ազգասերի, ազգին նվիրյալի մասին։ Նա դասամիջոցներին մեզ քոչարի պարել էր սովորեցնում և խիստ վրդովվում էր, երբ որևէ մեկն ադրբեջանցիների մշակույթի, սպորտի մասին էին խոսում և ասում էր, որ ամբողջ §Նևթչին¦ մեր §Արարատի¦ մի ֆուտբոլիստի մազն անգամ չարժե։ Վիտալին միշտ նախաձեռնողի դերում էր, սիրում էր, որ դասարանցիներով հաճախ հավաքվենք։ Ճիշտ է նրա զոհվելուց հետո կրկին փորձեցինք համադասարանցիներով հավաքվել, սակայն այնպես չէր ստացվում ինչպես նրա ներկայությամբ, նրա աթոռը միշտ ազատ էր, իսկ նրա բացակայությունը՝ տանջող։ Սիրելի՛ Վիտալի, կանցնեն էլի տասնյակ տարիներ, սակայն քո թողած անջնջելի հիշողություններն ու անմնացորդ հայրենասերի անմահ կերպարը միշտ վառ կմնա մեր հիշողություններում,- ասաց Ա. Մնացականյանը։

Վիտալին առաջին ստորագրություններ հավաքողների  մեջ էր, մեծ եռանդով տնե-տուն շրջում, բացատրում էր մարդկանց, ստորագրություններ հավաքում։ Հանուն ընդհանուր գործի հաղթանակի նա նախաձեռնում ու մեծ նվիրվածությամբ գնում էր ցանկացած գործի։ Իսկ երբ հասկանալի պատճառներով կոլտնտեսությունում աշխատող ադրբեջանցիները հեռացան նա հայրենասիրական մղումներից ելնելով հավաքեց ընկերներին ու գնաց հորթերը խնամելու։ Խոջալուն հանգիստ չէր տալիս նորագյուղցիներին։ Տղաները գյուղից ներքև պահակակետ էին դրել ու գիշերները հերթապահում էին, երեք օրը մեկ տղաները փոխարինում էին իրար, իսկ Վիտալին հրաժարվում էր տուն գնալուցª գերադասելով միշտ մնալ հերթապահությունում։ Շուտով անհրաժեշտություն առաջացավ զենք հայթհայթելու և եղբայրներով՝ Վալերիի և Վլադիմիրի հետ մտածեցին հեռահար զենք պատրաստելու մասին։ Եղած-չեղած երկաթներով երեք հրանոթ պատրաստեցին (վերջինն ավելի կատարելագործված ու նպատակային ստացվեց) և այդ հրանոթի առաջին համազարկից խոջալուն խուճապի մատնվեց։

Անջնջելի հիշողություններով ներկաների հետ կիսվեց Վիտալիի եղբայրը՝ Վլադիմիրը, ով ոչ միայն եղբայր էր, այլև ուսանողական, մարտական ընկեր, ում հետ կիսել է անհոգ ուսանողական տարիներն ու արցախյան ազատամարտի արհավիրքները։

Վիտալի Պետրոսյանը 1991 թվականից գյուղի ինքնապաշտպանական ջոկատի (այնուհետև վաշտի) կազմում մասնակցել է գյուղի պաշտպանությանը, Խոջալուի հենակետերի ոչնչացմանը, Քարագլխի, Ասկերանի մատույցների պաշտպանությանը, Նախիջևանիկի ենթաշրջանի գյուղերի ազատագրմանը, Աղդամի և նրա շրջակա գյուղերի հենակետերի ոչնչացմանը, Հորադիզի և Օմարի մարտերին։ Շարքայինից հասել է մինչև վաշտի քաղղեկի պաշտոնի՝ ավագ լեյտենանտի կոչումով։ Անկախ գործի բնույթից նա միշտ առջևում էր։ Մարտական ընկերները պատմում են, որ մի անգամ այնքան էր ոգևորված մարտնչել, որ ընկերներից բավականին առաջ էր անցել, սողալով մոտեցել թշնամու խրամատին ու հանկարածակիի բերելովª կոտորել բոլորին։  Ապա խանդավառված ուզում էր ավելի առաջ գնալ, սակայն հրամանատարը կանխեց և հրամայեց ետ դառնալ։ Զինվորական կարգ ու կանոն կա, ենթարկվեց։ Այդ օրը Վիտալիի ընկերներն առաջին անգամ նրա բերանից հայհոյանք լսեցին, իհարկե, թշնամու հասցեին։ Նմանատիպ դրվագներ Վիտալիի անցած մարտական ուղուց շատ կան, որոնց մասին պատմում են նրա մարտական ընկերները։

Վիտալին ինքնաձիգի հետ միասին տետր ու գրիչ, ֆոտոխցիկ էր վերցնում։ Նրա կատարած գրառումները տեղավորվել են 13 հաստափոր տետրերում։ Դրանցից մեկում գրառումները թվագրվում են 1983 թվականով։ Այստեղ նա նշումներ էր կատարել հայոց անհուն վշտի՝ մեծ կոտորածի, Արցախը Ադրբեջանին բռնակցելու փաստի մասին։ Ասել է թե, Վիտալիի մոտ Շարժումը սկսվել էր ուղիղ 5 տարի առաջ։ Իսկ 88-ին սկիզբ առած շարժումն իսկույն իր հորձանուտն առավ Հայրենիքի հանդեպ անարդարությունները կոկորդում սեղմած երիտասադրին։ Նա համոզված էր, որ եկել է օրհասական պահը և ամեն ինչ պետք է գործի դնել ազատության և արդարության պայքարում ադրբեջանական ծանր լուծը թոթափելու համար։

Չարաբաստիկ օրը 1994 թվականի ապրիլի 13-ն էր։  Գիշերը հիվանդությունը գլուխ էր բարձրացրել, մի կերպ լուսացրեց։ Անսալով ընկերների հորդորներին մարտին չմասնակցելու մասին, նա կրկին առաջ նետվեց։ Այդպիսին էր նա իր ամբողջ բնությամբ ու էությամբ՝ միշտ լինել առջևում։ Անհավասար մարտեր էին ընթանում Կարագաշլի, Քենգերլի գյուղերի ուղղությամբ, որի ժամանակ էլ թշնամու դավադիր գնդակը գտավ Հայրենիքի ազատության ցավով տառապող քաջ հերոսին, ում այդպես էլ բախտ չվիճակվեց տեսնելու ազատագրված Արցախը։ Ասում են յուրաքանչյուր մարդու ապրած կյանքը մի մեծ կտավ է՝ լույսի ու ստվերի համադրությամբ, վառ ու պաղ գույներով, ներքին դրամատիկ պատկերներով, բայց յուրօրինակ ու ինքնատիպ կտավ։ Վիտալի Պետրոսյանի կտավի գույները վառ են ու թանձրացված։ Կարծես թե նա շտապել է հոգու բոլոր գույները պահ տալ կտավին, շտապել է՝ կարծես կանխազգալով, որ նախախնամությունն իրեն ընդամենը 33 տարվա կյանք է շնորհելու։

Վիտալի Հակոբի Պետրոսյանը մարտական գործողություններին ակտիվ մասնակցության, մարտերում ցուցաբերած խիզախության ու սխրագործության համար հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։1998 թվականից Նորագյուղի միջնակարգ դպրոցը կրում է Վիտալի Պետրոսյանի հերոսական անունը, իսկ Ն զորամասի վաշտերից մեկը կրում է քաջ հերոսի անմահ անունը։

Ն զորամասի 3-րդ գումարտակի շտաբի պետ մայոր Տիգրան Հովհաննիսյանը փառք ու պատիվ տալով արցախյան ազատամարտի նահատակներին ասաց, որ վաշտը հպարտությամբ է կրում Վիտալի Պետրոսյանի անունը և ամեն անվանակոչի զինվորները նախ Վիտալի Պետրոսյանի անունն են հնչեցնում և նրա ներկայությունը նրանց համար ամենուր է, իսկ զորանոցում տեղադրված նրա մահճակալը Վիտալիի կենդանի վկայությունն է։

Հուշ-ցերեկույթի ընթացքում ելույթներն ընդհատվում էին դպրոցի աշակերտների և պաշտպանության բանակի §Ասպետ¦ երգչախմբի հայրենասիրական բանաստեղծությունների ու երգերի գեղեցիկ ու անչափ հուզիչ կատարումներով։  Ներկաները դիտեցին  Վիտալիի եղբոր՝ Վալերիի ստեղծած ֆիլմը` նվիրված սիրելի եղբոր 55-ամյակին, որտեղ պատկերված էր Վիտալիի կյանքը՝ մանկությունից մինչև արցախյան ազատամարտ։ Սրտաճմլիկ ու անկրկնելի կադրերը փոխարինում էին մեկը-մյուսին՝ տակնուվրա անելով հարազատների հոգիները։ Ու անհնարին էր դառնում զսպել արցունքները՝ ցավի, ափսոսանքի, կարոտի…

Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանը ներկայացրեց ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի երախտիքի խոսքը, որտեղ մասնավորապես ասված էր. ՙԱրցախյան ազատամարի նվիրյալ Վիտալի Պետրոսյանն այսօր կդառնար 55 տարեկան, բայց ճակատագիրը հայրենասեր որդու համար մի այլ առաքելություն էր ընտրել, այն է՝ պաշտպանել Հայրենիքի սահմանները, չխնայելով ամենաթանկը՝ կյանքը։ Վիտալի Պետրոսյանի անցած մարտական ճանապարհը մեծ խորհուրդ ու նշանակություն ունի. այն իր մեջ պարունակում է արիության ու անձնվիրության դասեր, հայրենի հողն ազատագրելու բացառիկ առաքելություն, որ ըտնրյալների շնորհն է։ Եվ իրոք, Վիտալի Պետրոսյանը ընտրյալ է։ Նա փրկելով հող-հայրենին, գիտակցաբար գնաց դեպի անմահություն։ Եվ իր ազատատենչ մարտիկի արյունը խառնելով հայրենի հողին, սրբագործեց և իմաստավորեց հայրենիքի ոչ միայն անցյալն ու ներկան, այլև ապագան։ Գլուխ ենք խոնարհում Արցախյան գոյապայքարում մարտիրոսված ազատամարտիկների հիշատակի առաջ։ Հարգարժան Թամարա մայրիկ, Արցախյան ազատամարտիկների միության վարչության և անձնամ իմ անունից խորին երախտագիտություն եմ հայտնում ձեզ՝ այդպիսի հայրենանվեր, քաջարի և ազգասեր զավակ մեծացնելու և դաստիարակելու համար։ Վիտալի Պետրոսյան հրամանատարի հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ, քանզի նա կյանքի գնով փրկելով հող հայրենին, միաժամանակ ամրապնդեց ու հզորացրեց բոլորիս համար այնքան թանկ ու անփոխարինելի Հայրենիքը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՚։

Վիտալի Պետրոսյանի ծննդյան 55-ամյակին նվիրվածª դպրոցում անցկացվեց մինի ֆուտբոլի, շախմատի և հնգամարտի հուշամրցաշար էր անցկացվել։ Մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերն ու անհատական մրցումներում հաղթող ճանաչված աշակերտները պարգևատրվեցին դպրոցի տնօրենի պատվոգրով։ Իսկ Վ. Պետրոսյանի քրոջ՝ Պոլինայի որդի Արայիկ Հակոբյանին հանձնվեց շնորհակալագիր՝ դպրոցին թենիսի սեղան նվիրելու համար։

Միջոցառման վերջում Վիտալի Պետրոսյանի հարազատների անունից հուշ-ցերեկույթի կազմակերպիչներին երախտագիտության և շնորհակալության խոսք ասաց Վիտալիի քրոջ դուստրը՝ Անուշ Հակոբյանը։ Անուշը նաև արտասանեց իր գրած բանաստեղծությունը՝ նվիրված սիրելի Թամարա տատիկին, ով իսկական հայկական կնոջ կերպար է, արարիչ, անձնազոհ, հեզ ու բարի, ով անհուն վշտից փոքրացել, մի բուռ է դարձել։

Իմ տառապած, իմ հեզ տատիկ,

Ա՜խ որքան ես կյանքում լացել

Իմ տառապած, իմ վե՛հ տատիկ

Արցունքներդ հատիկ-հատիկ ծով են դարձել

Ու քո թափած ամեն արցունք

Սրտիս վրա բեռ են դարձել ու ծանրացել։

Իմ սուրբ տատիկ, իմ ծով արցունք,

Ո՞նց կուզեի ցավդ մեղմել…

Անուշը դպրոցի տնօրեն Էրիկ Վարդանյանին նվիրեց դստեր նկարած նկարներից մեկը՝ ում արյան մեջ անկասկած խոսում են Վիտալի Պետրոսյան տաղանդավոր նկարչի գեները։ Նա նաև  հույս հայտնեց, որ նկարն իր մի փոքրիկ անկյունը կգտնի մորեղբոր անունը կրող դպրոցում։

Հիրավի, միայն հայ մայրերի աչքերի մեջ այդքան թախիծ ու վիշտ կա։ Գլուխ ենք խոնարհում ձեր վեհության առաջ, հերոսածին մայրեր, անհուն վիշտը կոկորդում սեղմած՝ սգավոր հայրեր։  Մեր՝ ողջ մնացածներիս սուրբ պարտքն է նրանց հիշատակը վառ պահելն ու նրանց արդար գործը շարունակելը։ Ու այդ պարտականությունը պարտքի մեծ գիտակցումով է կատարում Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, իսկ փոխտնօրեն Լիդա Հայրիյանի նվիրվածության ու նրբանկատության շնորհիվ այդ միջոցառումներից յուրաքանչյուրը դառնում է մի իսկական հերոսապատում։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter