ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԸ ՄԵԾ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՈՒՆԻ |
24.09.2016 12:17 |
- Պարոն Ղուլյան, ավարտին է մոտենում հացահատիկային մշակաբյուսերի բերքահավաքը, անելիքներ կա՞ն դեռևս։ - Ընդհանուր առմամբ 2016 թվականի բերքի տակ շրջանում կատարվել է 11928 հա աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ցանքս։ ԼՂՀ կառավարության աջակցությամբ բերքահավաքի ողջ ժամանակաշրջանում հետևողական աշխատանքներ են տարվել հակահրդեհային նախազգուշական համապատասխան միջոցառումների իրականացման ուղղությամբ, ինչի արդյունքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը կատարվել է կազմակերպված և անկորուստ։ Նշեմ, որ բերքահավաքի ժամանակաշրջանում ակտիվ համագործակցել ենք §Ագրոտնտեսություն թիվ 1¦ ՓԲԸ-ի հետ, գյուղատնտեսական տեխնիկական միջոցների և բեռնատար ավտոմեքենաների պակաս չենք ունեցել, աշխատանքները կատարվել են ժամանակին: Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում և մեր կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները աշնանացանի աշխատանքները ժամանակին ու որակով կատարելու ուղղությամբ։ - Գոհացուցիչ են արդյոք բերքահավաքի արդյունքները։ - Իհարկե։ Ասկերանի շրջանի պատմության մեջ առաջին անգամ արտադրվել է 28658 տոննա հացահատիկայինների բերք՝ 25ց/հա միջին բերքատվությամբ։ Ցորենի հնձված 8834 հեկտարից ստացվել է 23333 տոննա բերք, նախորդ տարվա ցուցանիշից 5200 տոննայով ավելի։ Ցորենի միջին բերքատվությունը կազմել է 27ց/հա։ 2297հա հնձված գարու տարածքներից ստացվել է 4570 տոննա բերք, միջին բերքատվությունը կազմել է 20 ց/հա։ Ցավոք, շարունակում է ցածր մնալ հաճարի բերքատվությունը՝ 14ց/հա, հնձված 423 հեկտարից ստացվել է 567 տոննա բերք։ Ընթացիկ տարում ցանվել է նաև 130հա հնդկացորեն, որից ստացվել է 188 տոննա բերք՝ 15 ց/հա միջին բերքատվությամբ։ Արժե նշել, որ այս տարի հանրապետության մասշտաբով բերքահավաքի արդյունքների առումով շրջանն առաջատար դիրք է գրավել։ Ակնկալիքներ ունենք նաև բանջարաբոստանային մշակաբույսերի, խաղողագործության և պտղաբուծության բնագավառներում։ - Բերքահավաքի ընթացքը խոչընդոտող հանգամանքներ եղե՞լ են։ - Ինչպես և նախորդ տարիներին այս տարի ևս զերծ չենք մնացել բնական աղետներից։ 2016թ. հունիսի 6-ին Ակնա թաղամասում կարկուտից և ուժեղ քամուց տուժել են 38հա ցորենի և 20 հա գարու ցանքեր, իսկ օգոստոսի 1-ին վերին ենթաշրջանի 7 համայնքներում 50.8հա հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքները վնասվել են կարկուտից և սելավներից։ Բոլոր դեպքերում կազմվել են համապատասխան մասնագիտական ակտեր։ Օգոստոս ամսում երաշտի հետևանքով հետ են մնացել գալիք տարվա բերքի տակ հերկի կատարման աշխատանքները։ - Ապրիլյան իրադարձություններն ազդե՞լ են գարնանացանի աշխատանքների վրա և արդյոք դրանից վնաս է կրել գյուղացին։ - Եթե ապրիլյան իրադարձությունների առաջին օրերին կասկածներ կային, որ խոչընդոտներ կլինեն բերքահավաքի աշխատանքների հետ կապված, ապա բերքահավաքի առաջին իսկ օրերին դրանք իսպառ անհետացան։ Չնայած, որ սահմանամերձ գոտում թշնամին հաճախակի էր հրդեհավտանգ պայմաններ ստեղծում, սակայն և՛ հրշեջ-փրկարաներն էին կազմ ու պատրաստ, և՛ սահմանապահ զինվորներին էին աչալուրջ, իսկ բերքահավաքի ողջ ընթացքում շրջկենտրոնի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներից կազմված խմբերի կողմից շուրջօրյա հերթապահություններ են կազմակերպվել հարթավայրային գոտիներում: Նման փոխհամագործակցության արդյունքում երկրորդ տարին է ոչ մի քառակուսի մետր հացահատիկի տարածքներ չեն տուժել հրդեհներից: -Ո՞ր մշակաբույսի աճեցմանն են նախապատվությունը տվել հողի մշակները, և առհասարակ, ինչպիսի՞ մշակաբույսեր են ցանվում մեր շրջանում։ - Ինչպես և նախորդ տարիներին այս տարի նույնպես ցանքատարածությունների գերակշիռ մասը հացահատիկային մշակաբույսեր են, մասնավորապես ցորենը։ Հարկ եմ համարում նշել, որ ի տարբերություն անցած տարիներին, երբ հացահատիկը ցանվում և բախտի քմահաճույքին էր թողնվում, այժմ հողագործները կատարում են հստակ հաշվարկներ և առաջնորդվում հողի մշակության ագրոկանոններով, ակտիվորեն զբաղվում են հողերի պարարտացման, մոլախոտերի և վնասատուների դեմ պայքարի կազմակերպման աշխատանքներով: Եվ դրան գումարվելով բարենպաստ բնակլիմայական պայմանները՝ հողի մշակը ստանում է առատ բերք, ինչը խթան է հանդիսանում հաջորդ տարում առավել ինտենսիվորեն հողի մշակությանը կցվելուն։ Առհասարակ շրջանում ցանվում է ցորեն, գարի, հաճար, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղիկ, սոյա, այսինքն կիրառվում են ցանքաշրջանառություններ։ - Նախապատրաստական ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվում ներկայում աշնանացանի աշխատանքների համար։ - Սեպտեմբերի 3-ի դրությամբ շրջանում կատարված է 2750 հա հերկ, այդ թվում 830 հա սկվառակահերկ։ Որոշ հողագործներ բերքահավաքի աշխատանքներից անմիջապես հետո կատարում են հերկ, ինչը բավականին հեշտացնում է աշնանացանի աշխատանքները։ Մենք ընձեռնված բոլոր հնարավորությունների դեպքում կոչ ենք անում հողօգտագործողներին չվառել դաշտերը, քանի որ հողի վերին շերտի վառվելու դեպքում հողը զրկվում է բազմաթիվ օգտակար նյութերից։ - Այս տարի ինչպիսի՞ աջակցություն կարող են ակնկալել հողօգտագործողները պետության կողմից։ - Հանրապետության հողօգտագործողներին աջակցության ծրագրի շրջանակներում ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից առաջարկվում է մթերված ցորենի և գարու դիմաց բարձրորակ ռուսական §գրոմ¦ և ավստրիական §տացիտուս¦ սորտերի ցորենի սերմացու, ինչպես նաև շուկայականից ցածր արժեքով դիզելային վառելիք՝ հաշվանցման կարգով։ - Պարոն Ղուլյան, նորագույն ինչպիսի տեխնոլոգիաների կիրառումը խորհուրդ կտայիք օգտագործել հողօգտագործողներին՝ բերքատվության բարձրացման համար։ - Ներկայում մեր առաջնահերթ խնդիրն է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները գալիք տարվա բերքի տակ հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար նախապատրաստական աշխատանքների ճիշտ կատարումն ապահովելու ուղղությամբ։ Շրջանում արդեն ներդրվում են հողի մշակության նոր տեխնոլոգիական լուծումներ: Քայլեր են կատարվել հատկապես պտղատու այգիների` նռան, ոռոգման կաթիլային համակարգերի տեղադրման ուղղությամբ, փորձեր են արվում այն կիրառելու սոխի մշակության գործում: Նոր մեթոդների արդյունավետությունը բարձր է, միաժամանակ՝ ծախսատար: Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման գործում կարևոր նշանակություն ունեն ագրոտեխնիկական ժամկետներում և որակով հողի մշակության աշխատանքների կատարումը: Այսօր գյուղատնտեսական մթերքների ծավալների ավելացման գործում լուրջ խոչընդոտ են հանդիսանում դրանց իրացման խնդիրները, իսկ գյուղմթերքների արտադրության խթանման գործում շրջանը մեծ պոտենցիալ հնարավորություններ ունի: Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |