ԴՈՒ ԿՄՆԱՍ ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՐՊԵՍ ԲԱՐԻ ՈՒ ԼՈՒՍԵ ՄԻ ԵՐԱԶ
24.09.2016 12:33

  Թեև չափազանց դժվար, սակայն ես պետք է գրեմ մի մարդու մասին, ով իր անբասիր էությամբ ու ընդգծված համեստությամբ խորապես մնաց բոլորիս հիշողությանմեջ: Հիրավի, ծանր է նրա մասին խոսել անցյալով: Չէ որ դեռևս երեկ նա ասում, խոսում, ծիծաղում էր և բոլորին ուղղում իրբարի հայացքը: Հաղթանդամ այս տղամարդն ուներ փխրուն սիրտ և բարի հոգի: Օրինակելի ամուսին, սիրող հայր ու հոգատար զավակ էր նա…

Ժիրայր Արմոյի Մկրտչյանը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 20-ին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում: Ծնվելով ու դաստիարակվելով մանկավարժների ընտանիքում` նա ստացել է օրինակելի դաստիարակություն: Ավանդապահ այս օջախում սերմանվում էր սեր հարազատ գյուղի ու ժողովրդի հանդեպ: Ծնողներն իրենց զավակներին սովորեցնում էին լինել բարի, համեստ, հայրենասեր ու սրտացավ: Այս ընտանիքում մեծ տեղ էր տրվում աշխատասիրությանը, բարի գործերի արարմանը: Մարդկային բարձր արժանիքներով օժտված Արմո և Գյուլչորա Մկրտչյաններին հաջողվեց հայեցի ոգով դաստիարակել իրենց երեք զավակներին /ցավոք, նրանց ավագ որդին`Հովհաննեսը երիտասարդ հասակում դժբախտ պատահարի զոհ դարձավ/: Սեղմելով ցավն ատամների տակ`Մկրտչյանների ընտանիքը շարունակեց ապրել: Զավակներն ստացան

բարձրագույն կրթություն և դարձան հմուտ մասնագետներ: Կյանքն սկսեց ընթանալ իր հունով:


Սկսվեց Արցախյան շարժումը և Ժիրայրն իր հասակակիցների պես անմիջապես անդամագրվեց կամավորական ջոկատներին: Նա հերթապահություն էր տանում հարազատ գյուղի պաշտպանության համար, հետագայում մասնակցեց պատերազմական գործողություններին: Անշուշտ, ինչպես բոլոր խրամորթցիները, Մկրտչյանները ևս շատ ծանր տարան, երբ գյուղն ընկավ թշնամու ձեռքը: Մեկ տարուց ավելի Խրամորթին կարոտ մնացին խրամորթցիները, իսկ երբ գյուղն ազատագրվեց, նրանց բերկրանքին ու սահման չափ չկար: Մկրտչյանների ընտանիքն անմիջապես վերադարձավ գյուղ: Վերականգնվեց տեղի միջնակարգ դպրոցը, որի տնօրենն էր Արմո Մկրտչյանը:

Ապրել ու շենացնել հայրենի Խրամորթը` ահա այն միակ նպատակը, որ ուներ ընտանիքի հայրը, փորձառու մանկավարժը:

Ժիրայրն ստեղծեց իր ընտանիքը` ամուսնանալով համագյուղացի Մադլենա Ղահրամանյանի հետ: Ծնվեցին երեք զավակները և Մկրտչյանների գերդաստանին հավատարիմ` այս նոր օջախում ևս գնահատվեց կրթության, սիրո և նվիրվածության բարձր գինը: Ժիրայրի երկու դուստրերն ավարտելով Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը` ընդունվեցին Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններ: Հիրավի, Ժիրայրը պիտի քաղեր այն բարի պտուղները, որ կնոջ հետ ցանել էին տարիներ շարունակ: Նա պիտի հպարտանար իր զավակներով, պիտի տեսներ, թե ինչպիսի հմուտ մասնագետներ են դարձել նրանք և իրենց լուման են ներդնում մեր երկրի շենացման ու բարգավաճման գործում: Ավա¯ղ, նա չտեսավ…

Օգոստոսի 3-ն էր...Ժիրայրը հարազատ գյուղում էր…Չարաբաստիկ լուրն անմիջապես ներխուժեց ժողովրդի մեջ …Անողորմ ու անգութ ճակատագիր, միթե աններելի չէր քո կատարածը, միթե դու չէիր տեսնում, որ նա տակավին երիտասարդ էր և ապրել էր ուզում: Ասում են, ժամանակը բուժում է վերքերը, սակայն կբուժվի արդյոք քարացած մորս իրտը, կամոքվի արդյոք վշտացած կնոջ ցավը, դժվարանում եմ պատասխանել…

Պարզապես ճանաչելով այս ընտանիքին և մշտապես շփվելով նրանց հետ` օրեցօր ավելի եմ համոզվում, թե որքան ուժեղ են այս գերդաստանի կանայք: Համոզված եմ, նրանք կդիմանան այս ցավին ևս և կշարունակեն ապրել հանուն իրենց զավակների: Չէ որ նրանք պատասխան պիտի տան իրենց սիրելիին. §Քո զավակները դարձան քո արժանի հետնորդները: Նրանք բարձր են պահում քո բարի անունը և շարունակում են քո կիսատ թողածը¦:

Իսկ քո երեխաները կասեն.§Սիրելի հայրիկ, մենք շարունակում ենք հոգ տանել տատիկի հանդեպ, իսկ մայրիկին քեզանից փոխանցված սիրով ու ջերմությամբ ենք շրջապատում: Միայն թե, քեզ շատ ենք կարոտում, հայրի°կ…¦:Դու կնայես նրանց երկնքից և լուսաշող ճառագայթներ կարձակես նրանց ճանապարհը միշտ հարթ ու պայծառ պահելու համար: Դու կհսկես, որ քո զավակների կյանքի ուղին անաղարտ մնա, իսկ կնոջդ, թերևս ասես.§Ինչ անեմ, այսպես ստացվեց, ների°ր…¦:

Քո հեռանալուց օրեր են անցել…Սեպտեմբերի 20-ին ծննդյանդ տարեդարձն է, այն կնշվի առանց քեզ: Քո շիրիմը կառնվի աշնանային բուրումնավետ ծաղիկների մեջ, իսկ քո մերձավորները կաղոթեն քեզ համար:

Շնորհավոր տարեդարձդ, սիրելի Ժիրայր: Դու կմնաս բոլորիս հիշողության մեջ, որպես բարի ու լուսե մի երազ…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter