ԱՐԺԱՆԻ ՄԱՐԴՈՒՆ` ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
24.09.2016 12:38

   Գիտեք, ինչքան երջանիկ է այն մարդը, ով իր հարազատ բնօրրանում վայելում է բոլորի սերն ու հարգանքը, սիրված է թե’ մեծի և թե’ փոքրի կողմից: Նշանակում է, նա ճիշտ է ապրել, նա կարողացել է շահել իր ժողովրդի համակրանքը և արժանանալ նրա գնահատանքին:

Սեպտեմբերի 10-ին վերստին Ն. Սզնեք գյուղում ենք և մասնակցում ենք գեղեցիկ ու իմաստալից մի միջոցառման: Այս անգամ սզնեքցինեը հավաքվել էին մեծարելու մի մարդու, ով այս վերջին տարիներին դարձել էր գյուղի նվիրյալը, բոլորի սիրելին: Նրա բազում բարեգործություններին ծանոթ են ինչպես գյուղում, այնպես էլ ողջ շրջանում: Վալերի Անդրեի Ասծատրյանը

բնակվում է Ռուսաստանի Սոչի քաղաքում, սակայն տարվա մեծ մասը նա անց է կացնում հայրենի գյուղում: Աշխատում է այստեղ լինել բոլոր հիշարժան և տոն օրերին ու ամեն անգամ ներկայանում է նոր ծրագրերով ու անակնկալներով: Նրա այցելություններն ուրախություն էին պարգևում առանձնապես մանուկներին ու դպրոցականներին: Չէ որ երբեք դատարկաձեռն չէր մտնում դպրոցի շեմով:

Այս անգամ անակնկալը նախապատրաստվել էր հենց նրա`հայրենասերի, բարեգործի ու պարզապես լավ մարդու համար: Նկատելի հուզմունք էր պատել Վալերի Ասծատրյանին, երբ համայնքի ավագանու որոշման համաձայն նրան տրվեց Ասկերանի շրջանի Ն.Սզնեք համայնքի պատվավոր քաղաքացու կոչում: Կոչում, որին նա արժանացել էր իր արած ու թողածի, իր մեծ ու բարի սրտի շնորհիվ: Ինչ խոսք, այդ օրը նա ստացավ իր կյանքի  ամենաբարձր գնահատականը, այն է` ժողովրդի տված գնահատականը:

Համայնքի ղեկավար Էդուարդ Մուսայելյանը բացման խոսքում նշեց.

-Սիրելի’ համագյուղացիներ: Այս գեղեցիկ միջոցառումը պետք է կազմակերպվեր դեռևս ապրիլ ամսին, սակայն հայտնի պատճառներով այն հետաձգվել է: Բոլորս քաջատեղյակ ենք, որ Վալերի Անդրեյի Ասծատրյանի կողմից իրականացվել են բազում աշխատանքներ համայնքի բարգավաճման և բարեկարգման գործում: Նա յուրահատուկ վերաբերմունք է դրսևորել դպրոցում առկա խնդիրների և դպրոցականների հանդեպ: Համայնքի ավագանու որոշմամբ այսօր նա ստանում է պատվավոր քաղաքացու կոչում, որը մեծ հպարտություն է թե’ նրա, թե’ բոլորիս համար: Ցանկանում եմ տեղեկացնել, որ բոլորովին վերջերս մեր բարերարը ցանկություն է հայտնել մասնակցություն ունենալ նաև համայնքի հանդիսությունների տան վերանորոգման աշխատանքներին:

Երախտագիտությամբ էր լցված նաև Սզնեքի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մելիքսեթ Սահակյանի ելույթը: Նա գյուղի ողջ բնակչության անունից շնորհավորեց Վ.Ասծատրյանին պատվավոր կոչման առթիվ և երախտագիտություն հայտնեց նրա բազմաթիվ բարեգործությունների և երեխաների հանդեպ տածած առանձնահատուկ վերաբերմունքի համար:

Միջոցառումն ուղղորդվում էր աշակերտների ասմունքով ու երգով: Նրանք մեծարում էին բարի մարդուն, խոստանում լավ սովորել և բարձր պահել դպրոցի անունը:

Ցերեկույթին հանդիսավոր շուք էր հաղորդում Ասկերանի համույթն իր հիանալի կատարումներով, որը կազմակերպվել էր բարերարի հովանավորչությամբ: Սզնեքցիների համար նախապատրաստվել էր հիասքանչ մի համերգային ծրագիր: Հայրենասիրական և ազգասիրական երգերի շարանը մեծ ոգևորություն էր առաջացնում միջոցառման մասնակիցների մոտ:

Հիրավի, օրվա յուրահատուկ միջոցառումն անցավ բարձր մակարդակով: Յուրաքանչյուր մասնակից հպարտություն էր զգում, որ արժանի մարդն ստացավ արժանի գնահատական: Իսկ Վալերի Ասծատրյանն ընդունելով այդ բարձր կոչումը` ավելի նվիրվեց հարազատ հող ու ջրին, և հավանաբար բազմապատկվեցին նրա բյուր ծրագրերն ու նպատակները:

Համոզված ենք, միջոցառման մասնակիցները հեռացան մեծ բավականությամբ պարուրված և նշանակալից այս օրը երկար կմնա նրանց հիշողության մեջ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter