ՄԵՐ ՈՒԺԸ ՄԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
08.02.2012 00:51

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության բաժնի մի խումբ մասնագետների, ուսուցիչների եւ աշակերտների այցելությունն Ասկերանի շրջան կոնկրետ հասցե ուներ` Նախիջեւանիկի միջնակարգ դպրոց: Հյուրերին ասկերանցիներն ավանդույթի համաձայն ընդունեցին բերդի մատույցներում:

Նախիջեւանիկի միջնակարգ դպրոցում դեռեւս տեսանելի են պատերազմի հետքերը` կորցրել են մասնաշենքի մի մասը, աշակերտների թիվը կրճատվել է մեկ երրորդով: Դպրոցն այսօր յոթանասուն աշակերտ ունի: Տնօրենն ուրախությամբ է նշում ունեցած հաջողությունները` սկսած նոր ուսումնականից: Իսկ դրանք քիչ չեն: Նախ գույքն է ամբողջովին փոխվել. նոր նստարանները, գրապահարանները, գրատախտակները, համակարգիչն ու տպիչ սարքը դպրոցին նվիրել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը, դրան հաջորդել էր պետական կառավարման ինստիտուտի ուսանողների այցը դպրոց: Հաճելի հանդիպումներ ու հուզիչ պահեր Նախիջեւանիկի դպրոցականներն այսօր էլ ունեցան:

- Մենք անհուն կարոտով ու ջերմությամբ ենք եկել Արցախ: Շրջելով դպրոցում մենք տեսանք եւ ուրախացանք, որ մեր բերած նվերներն իրենց նպատակին են ծառայում: Նմանատիպ այցելությունները շարունակական կլինեն,- ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության բաժնի պետ Գայանե Սողոմոնյանը:

Այցելությունը Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ իրականացվող ՙՕգնի'ր դպրոցիդ՚, ՙՕգնի'ր մանկապարտեզիդ՚ ծրագրի շրջանակներում էր: Ավելի հզոր դպրոցներն այս ծրագրով սատարում են օգնության կարիք ունեցող դպրոցներին:

Նախիջեւանիկի միջնակարգ դպրոցի լավագույն բարեկամների շարքում է Երեւանի Չեխովի անվանի Nօ 55 դպրոցը: Դպրոցի ուսուցիչները մեկական պարապմունք են անցկացրել աշակերտների հետ, մանկավարժներն էլ` փորձեր փոխանակել: Առաջին անգամ չէ, որ Չեխովի անվան դպրոցի ուսուցիչներն ու սաներն այցելում են Արցախ: Յուրովի են մեկնաբանվում նաեւ յուրաքանչյուր այցելությունից ստեղծված տպավորությունները:

- Զգում ես Հայրենիքիդ անկախության շունչը եւ ամեն անգամ ավելի ես պարտավորվում այդ ամենի մեջ քո մասնակցությունն ունենալ: Որովհետեւ հույզերն ու խոսքերն արդեն տեսել եւ լսել ենք: Իսկ այժմ  կոնկրետ գործողությունների անցելու ժամանակն է,- ասաց Երեւանի Չեխովի անվան Nօ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը:

Դպրոցի մասնաշենքում է տեղակայված նաեւ գյուղի նախադպրոցական հաստատությունը: Այստեղ 15 երեխա է հաճախում: Մանկապարտեզին Երեւանի քաղաքապետարանը սեղաններ եւ աթոռներ է ուղարկել, իսկ Աջափնյակի վարչական շրջանի Nօ 47 մանկապարտեզի սաները` նվերներ:

Կրթօջախի սաները մարզահագուստ, գրենական պիտույքներ, գեղարվեստական գրականություն, ուսուցիչները` ուսումնական ձեռնարկներ նվեր ստացան: Ինֆորմատիկայի կաբինետն էլ չորս նոր համակարգչով համալրվեց: Տնօրենի խոսքերով ինֆորմատիկայի նոր կաբինետ կստեծվի: Տեղում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ ինֆորմատիկայի ուսուցչի վերապատրաստման խնդիրը կարգավորելու ուղղությամբ:

- Մենք շատ ոգեւորված ենք, եւ զգում ենք, որ մեր ուժը մեր միասնության մեջ է: Այսպիսի այցելությունները թող շարունակական լինեն, քանի որ դրանով նրանք մեզ թեւ ու թիկունք են տալիս: Եվ ես ուսուցչական եւ աշակերտական կոլեկտիվների անունից խորին երախտագիտություն եմ հայտնում ծրագրի հեղինակներին ու իրականացնողներին,- ասում է դպրոցի տնօրեն Վարյա Արամյանը:

Հրաժեշտից առաջ հերթական այցելության մասին էին խոսում: Իսկ հերթական այցելությունը չի ուշանա: Այս անգամ Չեխովի անվան դպրոցն է հյուրընկալվելու Նախիջեւանիկի դպրոցականներին: Ոչ հեռու ապագայում Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Արցախի ծայրամասային 55 կրթօջախներ նմանատիպ բարեկամական կապեր կհաստատեն երեւանյան կրթօջախների հետ:

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter