ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆ Է ՄԱՐԴՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՀԶՈՐ ԵՎ ՄԵԾ
24.09.2016 12:42

- Պարոն Աղաբաբյան, հետևում մնաց 2015-16 ուսումնական տարին, ինչպիսին է այն շրջանի հանրակրթական դպրոցների համար։

-2015-2016 ուսումնական  տարում ունեցել ենք ինչպես հաջողություններ, ձեռքբերումներ,  այնպես էլ  թերացումներ  ու բացթողումներ:

Ցանկանում եմ  ձեր ուշադրությանը ներկայացնել կատարածը, կանգ առնելով  վրիպումների ու թերությունների, դրանց  վերացման ուղղությունների  նախանշման վրա:

Ընթացիկ ուսումնական  տարում շրջանում գործել է  32 հանրակրթական դպրոց, որից  24- ը՝  միջնակարգ,  8-ը՝ հիմնական:

2015-2016 ուս. տարում հանրակրթական դպրոցներ է հաճախել 2339 աշակերտ, որը 52-ով ավելի է անցած ուսումնական տարուց: ԼՂՀ ԿԳՍ նախարարության ԿՊՏ-ի կողմից  համընդհանուր ստուգվել է  շրջանի Դաշուշենի և Լուսաձորի հիմնական դպրոցները, աշխատանքները գնահատվել են բավարար, սակայն դա չի նշանակում, որ մանկավարժական կոլեկտիվներն  այլևս անելիքներ  չունեն: Ընդհակառակը,  պետք է  ավելին անեն, որ և՛ ուսուցիչների, և՛ դպրոցների աշխատանքները   ընդօրինակելի լինեն մյուսների համար:

Ունեցել ենք հաջողություններ օլիմպիադայում , սպորտային միջոցառումներում : 160 շրջանավարտներից 92-ն ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ:

 -Առավել ակնառու ինչպիսի՞ ինչպիսի հաջողություններ են գրանցվել կրթության բնագավառում։

-Սովորողների շրջանում առանձնահատուկ նշանակություն և դեր ունի  ավանդական առարկայական օլիմպիադաների կազմակերպումը: Օլիմպիադան կազմակերպվել է 3 փուլով` ներդպրոցական, շրջանային և հանրապետական: Շրջանային փուլը, կազմակերպվել է 2016թ. փետրվարի 9-12-ը: Օլիմպիադային մասնակցելու հայտ են ներկայացրել 295 աշակերտ՝ մասնակցել են 280-ը (բացակայությունները  պայմանավորված  են վիրուսային հիվանդություններով):  Օլիմպիադային մասնակցել են 24 միջնակարգ դպրոցների 274 և 5 հիմնական դպրոցների` 6 աշակերտ: Օլիմպիադային  մասնակցել են  նաև 6-8-րդ դասարանների 41 աշակերտ: Կարելի  է  ասել այդ  աշակերտներն արդարացրել են մեր սպասումները` հավաքելով բարձր միավորներ: Այսպես` Ակնաղբյուրի  միջնակարգ դպրոցի  8-րդ  դասարանի  աշակերտուհիներ  Աննա  Մանուչարյանը (հայոց և  ռուսաց լեզուններ) և Սոսե  Մարգարյանը (քիմիա), Նախիջևանիկի  միջնակարգ դպրոցի 8-րդ  դասարանի  աշակերտուհի  Ռիմա  Ղազարյանը (աշխարհագրություն),  Ասկերանի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Շահրամանյանը (օտար  լեզու), Դաշուշենի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի  աշակերտուհի Մերի  Աղաջանյանը (կենսաբանություն) օլիմպիադայի շրջանային, հանրապետական և եզրափակիչ փուլերում վաստակել  են բարձր միավորներ:

Բարձր  միավորներ  հավաքած  47 աշակերտներ  մասնակցել են հանրապետական  փուլին և  շրջանը  միավորների  առումով զբաղեցրել  է 3-րդ մրցանակային տեղը:

Հնգական աշակերտ արժանացել է 2-րդ  և 3-րդ կարգի  մրցանակի և ստացել համապատասխանաբար 30000-ական և 23000 - ական դրամական պարգև։

ԼՂՀ  ԿԳՍ   նախարարության  գովասանագրերով պարգևատրվել են  Իվանյանի,  Քռասնու, Խաչենի, Խնապատի, Հարավի, Պատարայի, Այգեստանի և  Խնածախի  կրթական հաստատությունների 8  աշակերտներ:

-Արդյոք շրջանի աշակերտներին հնարավորություն է ընձեռվել ամառային ճամբարներ հաճախելու։ Ի՞նչ կասեք այս ուղղությամբ։

-Ուսումնական գործընթացի հաջող  կազմակերպման գրավականը պայմանավորված  է   առույգ, առողջ, ամառային  հանգիստը հետաքրքիր անցկացրած դպրոցականներով:

Հագեցած  էր դպրոցականների առօրյան ամառային ժամանակահատվածում:

Բազմազավակ և սակավակարող ընտանիքների 20 երեխաներ ամառային հանգիստն անցկացրել են ՀՀ Հանքավանի ՙԼուսաբաց՚ ճամբարում: Հունիսի 6-12-ը 60 աշակերտ հանգստացել է ՀՀ  Գեղարքունիքի մարզի   ՙԵրկրապահ՚ ճամբարում, իսկ  15-ը (հուլիսի 18-ից օգոստոսի 2-ը)  Ծաղկաձորի  ՙՏիրամայր Հայաստան՚  ճամբարում: Բակային ճամբար է կազմակերպվել Ասկերանի միջնակարգ դպրոցում` շուրջ 150 աշակերտների  ընդգրկմամբ` Ասկերանի, Խնապատի, Իվանյանի, Նորագյուղի, Ստեփանակերտի  դպրոցականներով:

-Շրջանի դպրոցներն ապահովվա՞ծ են համապատասխան մասնագետներով։

-Շրջանի դպրոցների մանկավարժական կադրերի պահանջարկը հիմնականում լուծված է: Առաջնորդվելով ԼՂՀ ԿԳ նախարարի  հրամանով մասնագետների պահանջարկ առաջանալու դեպքում, թափուր տեղի համար հայտարարվում է մրցույթ: Արդեն ներկայացված է 2016-2017 ուս.տարվա ուսուցչի թափուր տեղերի պահանջարկը:  Հայտարարություն է տրված և արդեն մրցույթը կայացել է Խնապատի, Ուղտասարի , Հովսեփավանի, Լուսաձորի , Կարմիր գյուղի, Դահրավի կրթական հաստատություններում: Մրցույթային կարգով  թափուր տեղերը  զբաղեցրած շրջանի 8 ուսուցիչներ  օգտվում են ԼՂՀ կառավարության  կողմից  ընձեռնված  արտոնություններից /հավելավճարից/:

-Պարոն Աղաբաբյան, խոսենք շրջանային և հանրապետական տարբեր մրցույթներում մեր շրջանի ունեցած հաջողությունների մասին։

-2015-2016 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը հագեցած էր բազմապիսի միջոցառումներով` ասմունք, շարադրությունների մրցույթ,  մարզական առաջնություններ:

Մայիսյան Եռատոնին նվիրված (ՙԵս եմ  իմ երկրի  պաշտպանը՚ խորագրով)  2016թ. մայիսի 3-ին անցկացված  շարադրությունների մրցույթի 20 մասնակիցներից  11  աշակերտների աշխատանքներ (Խնածախի, Այգեստանի,  Ակնաղբյուրի, Նախիջևանիկի, Հարավի, Իվանյանի, Ավետարանոցի և Խաչենի միջնակարգ դպրոցներից) ներկայացվել է հանրապետական  հանձնաժողովին, որի արդյունքներով Խնածախի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներ Լիզա Միրզոյանը, Սոնա Մուսայելյանը և Այգեստանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ցողիկ Բարսեղյանն   արժանացել են  մրցանակների: Շրջանի  մանկավարժական կոլեկտիվները մեծ պատասխանատվությամբ են նշել մայրենիի  միամսյակը,  ինչի արդյունքում 11 մանակավարժական կոլեկտիվների բաժնի հրամանով շնորհակալություն է հայտնվել, իսկ Շոշի, Խաչենի, Ուղտասարի  կրթական հաստատությունները պարգևատրվել են լեզվի տեսչության պատվոգրերով:

Շրջանի մի շարք դպրոցականներ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Շուշիում   կազմակերպված ասմունքի մրցույթին: Ինչպես նկատում ենք, բերված թվերը մեզ հուշում են, որ սովորողների մոտ առանձնակի սեր է ձևավորվում պոեզիայի նկատմամբ: Խաչենի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Յուրա  Մարգարյանը ՙՍասնա  ծռեր՚  էպոսի    արցախյան  բառբառով ասմունքի  մրցույթում մրցանակային տեղ է զբաղեցրել և  իրավունք նվաճել մասնակցելու Երևանում անցկացվող մրցույթի եզրափակիչ փուլին:

Ընթացիկ ուսումնական տարում ՙՏարվա  լավագույն տնօրեն՚ մրցույթի  հաղթող  է ճանաչվել  Շոշի միջնակարգ դպրոցի տնօրեն Համլետ  Հարությունյանը  ՙՏարվա լավագույն զինղեկ՚` Խնապատի միջնակարգ դպրոցի զինղեկ Արման Ավանեսյանը, ՙՏարվա լավագույն ուսուցիչ՚`  Ասկերանի միջնակարգ դպրոցի օտար  լեզվի    ուսուցչուհի Շուշան  Ավանեսյանը,  ՙՏարվա լավագույն դաստիարակ՚ մրցույթի հաղթող  է ճանաչվել Խնապատի  մանկապարտեզի դաստիարակչուհի Անուշ Ասրյան, ՙՏարվա լավագույն աշակերտ՚ մրցույթի  կրկնակի  հաղթող է ճանաչվել Ասկերանի միջնակարգ դպրոցի 11-րդ (այժմ՝ 12-րդ)   դասարանի աշակերտ Աշոտ Գաբրիելյան:

Ընթացիկ ուսումնական տարում մեր դպրոցականները մասնակցել են մարզական  տարբեր միջոցառումների և կազմելով հավաքական թիմեր մասնակցել հանրապետական առաջնություններին: Մարզական  մրցումներին ակտիվ մասնակցել են Ասկերանի, Նորագյուղի, Խնապատի, Այգեստանի, Խնձրիստանի, Պատարայի, Ակնաղբյուրի, Իվանյանի կրթական հաստատությունների աշակերտները: 2015- 2016 ուս.տարում շրջանի հանրակրթական դպրոցների հավաքական թիմերը ըստ մարզաձևերի հանրապետությունում գրավել են հետևյալ մրցանակային տեղերը՝ ֆուտբոլ - 2-րդ մրցանակային տեղ, վոլեյբոլ/տղաներ/ -2-րդ տեղը, վոլեյբոլ/աղջիկներ/-2-րդ տեղը և հրաձգություն/տղաներ/-3-րդ տեղը։

Ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով սպորտային մի շարք մրցույթներ  չեն կազմակերպվել:

-Աշակերտների թվաքանակի աճի միտում նկատվո՞ւմ է շրջանում։

-Վերլուծությունները ցույց են տվել, որ վերջին 5 տարվա կտրվածքով, չնայած  քիչ, բայց նկատվում է աշակերտների աճի միտում: 2015-2016 ուսումնական տարում աշակերտների թիվը 2339  էր, 2016-2017  ուսումնականում այդ թիվը հասել է  2370-ի:  Անցած ուսումնական տարում 1-ին դասարան հաճախող աշակերտների թիվը 271 էր, այս ուսումնականում՝ 294:

-Նախապատրաստական ինչպիս՞ի աշխատանքներ են տարվել  նոր ուսումնականին ընդառաջ։

-Որոշակի աշխատանքներ են տարվել դպրոցական շենքերի վերանորոգման  և հիմնանորոգման ուղղությամբ: Մի քանի դպրոցներում վերանորոգվել են շենքերի  տանիքները, որոշներում ձևավորվել է վառելափայտի պահպանման համար փայտանոցների հարմարություններ: Ընթացքում է Խնապատի և Հիլիսի կրթական հաստատությունների  ջրագծերի  նորոգումը: Առանձին դպրոցներում կառուցվել և վերակառուցվել են  սանհանգույցները, նորոգվել է Նորագյուղի և Բերքաձորի  դպրոցների դասասենյակների  մանրահատակը: Ընդհանուր  առմամբ, շիննորոգման  աշխատանքների  համար  ձեռք  է  բերվել 5155500 դրամ արժեքով շինանյութեր: Առաջիկայում կստանանք դասագրքերի նոր  խմբաքանակ,  դասամատյաններ,  ուսումնական ձեռբնակներ, ուղեցույցեր, ինչը կարճ  ժամկետում կբաշխվի և կառաքվի դպրոցներին:

-Վերջում ձեր բարեմաղթանքները շրջանի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվներին։

-Շնորհավորում եմ  բոլորիս նոր ուսումնականի, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների պետական անկախության հռչակման տոների առթիվ։ Առջևում ուսուցիչների տոնն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ շրջանի ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում առողջություն, բեղմնավոր աշխատանք, անձնական երջանկություն, հաջողություններ խաղաղ կյանքում և ուսումնական աշխատանքներում: Ուսուցիչներին է վստահված կարեւորագույն մի գործ, որը նրանք միշտ առանձնակի սիրով ու նվիրումով են կատարում, քանզի գերազանցապես գիտեն, որ գալիք սերունդների կրթության եւ դաստիարակության գործի լավագույն արդյունքներով է պայմանավորված մեր նորանկախ  Արցախ աշխարհի ներկան ու ապագան։ Իսկ աշակերտներին մաղթում եմ ուսումնառությունն անցկացնեն խաղաղ ու անմապ երկնքի տակ և մեծապես գիտակցեն, որ գիտելիքներով զինված մարդն անպարտելի է և որ այն զրահ է բոլոր դժվարությունների դեմ։

-Շնորհակալություն։

Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ


Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ






 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter