ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԾԱՂԿԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԼՈՒԾՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐ
07.10.2016 16:42

  Հոկտեմբերի 6-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում տեղի ունեցավ խմելու ջրի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, շրջանի ուժային կառույցների ղեկավարներ, ծաղկաշատցիներ, հյուրեր։ Ծաղկաշատում խմելու ջրի հիմնախնդիր վաղուց կար, որին բազմիցս էին անդրադարձել համայնքի և շրջանի ղեկավարությունն ու Արցախի կառավարությունը։ Եվ ահա Արցախում SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության գործերի համակարգող Ժակ Մաթոսյանի աջակցությամբ և §Սեդրիկ Մարտեն¦ հիմնադամի ֆինանսավորմամբ Արցախյան գյուղերից մեկում ևս լուծվեց խմելու ջրի անչափ հրատապ ու կարևոր հարցը։ §Սեդրիկ Մարտեն¦ հիմնադրամը ստեղծվել է ի հիշատակ Ժակ և Դանիել Մարտենների որդու՝ Սեդրիկի։ Հիմանդրամն ունի

կոնկրետ նպատակ. օգնության ձեռք մեկնել գյուղական համայնքներին՝ սանիտարական վիճակի բարեկարգման՝ հատկապես ջրերի մաքրման ու մատակարարաման հարցում։  Քանզի նրանց որդին՝ Սեդրիկն ստանալով Ժնևի համալսարանի Երկիր մոլորակի գիտությունների դիպլոմը և հմտանալով տելեդետեկցիայի բնագավառում (արբանյակի միջոցով Երկիր մոլորակի ուսումնասիրության մեթոդ) Կարմիր խաչի միջազգային կոմիտեում աշխատանքի է անցնում որպես սանիտարական ինժեներ և աշխարհի տարբեր մասերում (հատկապես պատերազմական գոտիներում) իրականացնում ջրերի ախտահանման ու մաքրման առաքելություն։ Այդպիսի վտանգավոր առաքելություն իրականացնելուց հետո վերադառնալիս է, որ Սեդրիկ Մարտենն իր երկու ընկերների հետ սպանվում է։

Ծաղկաշատցիները հյուրերին ընդունեցին ավանդական աղ ու հացով և ղարաբաղյան բարբառով բարեմաղթանքներով։

Բացման և ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Ծաղկաշատի Գարիկ Մեհրաբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Կասյանը՝ հանդիսավոր միջոցառումը հայտարարելով բացված։ Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։

Դեռևս տասնամյակներ առաջ համայնքը բազմաթիվ խնդիրներ ուներ։ Այսօր գյուղն ապահովված է բնական գազով, ինտերնետային կապով, բնակիչներն օգտվում են ֆիքսված և բջջային հեռախոսակապից, հիմնանորոգված է դպրոցական շենքը, գյուղի կենտրոնական ճանապարհները բարեկարգված են, կառուցվել են հիմնապատեր, փողոցները լուսավորված են։ Ու ինչպես նշեց Ա. Կասյանը համայնքային մի շարք խնդիրներ իրենց լուծումներն են ստացել շրջանի ղեկավարության աչալուրջ վերաբերմունքի, մշտական հոգածության և գյուղում իրականացվող բազմապիսի բարեգործական ծրագրերի շնորհիվ։ Գյուղի զարգացման և կայացման գործում մեծ է Ժասիկ Բունիաթյանի և նրա եղբայր Կարեն Բունիաթյանի ներդումը, ի շնորհիվ որոնց Նիկոլ Դումանի տուն-թանգարանն Արցախի այցեքարտերից մեկն է հանդիսանում։

Իսկ խմելու ջրի հիմնախնդրի լուծմամբ ծաղկաշատցիների համար իրականություն դարձավ ևս մեկ երազանք՝ ունենալ շուրջօրյա ջրամատակարարում, ինչը սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում և թեթևացում է ապահովում։ Ասել է, թե մարդասիրական նման վեհ առաքելությամբ տեր և տիկին Մարտենները կիսում են արցախցու հոգսերն ու Արցախ աշխարհը տանում դեպի տնտեսապաս հզորացում՝ քաջ գիտակցելով, որ Արցախի Հանրապետությունը կանգուն ու հզոր է իր գյուղերով։

-Շուրջօրյա ջրամատակարարումն այսօր այլևս խնդիր չէ, այլ ի կատար ածված գործանական քայլ, որով մեր ազգի բարեկամներն ու բարերաներն ապացուցեցին, որ արցախցին միայնակ չէ իրեն բաժին ընկած հոգսերը կրելու, երկիրը տնտեսապես հզորացնելու մեջ։ Մենք Սփյուռքի և մեզ զորավիգ կանգնող հայրենակիցների հետ հասկացանք մի պարզ ճշմարտություն, որ լիակատար հաղթանակի համար անհրաժեշտ է ոչ միայն մարտունակ և հզոր ոգի, այլև հզոր և տնտեսապես զարգացած երկիր, հասկացանք և հասկացրինք մեր հակառակորդին, որ մենք ամեն մի արկակոծված դպրոցի, տան փոխարեն նորն ենք կառուցում՝ հիմքում դնելով մեր անկոտրում կամքն ու ապրելու անմար սերը։ Եվ հարատև է լինելու արցախցու աննկուն ոգին՝ վիրավոր, բայց ոչ պարտվող՝ հաղթական ու անպարտ,- ասաց Ա. Կասյանը։

Ծաղկաշատի համայնքի ղեկավար Շմավոն Շահրամանյանը ներկայացրեց գյուղի պատմությունն ու ներկայիս վիճակը, ասելով, որ խմելու ջրի խնդիրը տարիներ շարունակ հուզում էր Ասկերանի շրջանի և հանրապետության ղեկավարությանը, ովքեր ուղիներ էին փնտրում խնդրի լուծման ուղղությամբ։ Եվ այսօր ծաղկաշատցիների համար իսկական տոն է, քանզի լուծվել է  նաև ռազմավարական նշանակության խնդիր։

-Եվ այս ամենն իրականացավ մեր ղեկավարության և գթասիրտ մարդկանց շնորհիվ՝ հանձին Սեդրիկ Մարտեն հիմնադրամի նախագահ Ժակ Մարտենի և բազմաթիվ բարեգործների։ Մեր խորին հարգանքն ու երախտագիտությունն ենք հայտնում Ժակ Մաթոսյանին, ով անչափ հետաքրքրված է մեր չնաշխարհիկ երկրամասով և այստեղ բազմապիսի ծրագրեր է իրականացնում,- ասաց Շ. Շահրամանյանը։

Ծաղկաշատցի Ժորա Սարգսյանը ելույթ ունենալով համագյուղացիների անունից  երախտագիտություն հայտնեց բարերարներին՝ նշելով, որ հետևում է մնացել խմելու ջրի խնդիրը և համայնքի հիմնախնդիրները քայլ առ քայլ լուծվում են։ Նա նաև հույս հայտնեց, որ խմելու ջրի առկայությամբ կկանխվի գյուղից արտահոսքը։

Ծաղկաշատում խմելու ջրացանց անցկացնելու և համայնքի բնակիչներին  շուրջօրյա ջուր մատակարարելու համար Ժակ Մարտենին համայնքի ավագանու որոշմամբ շնորհվեց Ծաղկաշատի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։

Մեծ բարերար Ժակ Մարտենը շնորհակալություն հայտնելով նման պատվի արժանացնելու համար, նշեց, որ իրենց համար մեծ ուրախություն է մարդկանց երջանկություն պարգևելն ու նրանց սոցիալ-կենցաղային խնդիրները փոքր-ինչ չափով թեթևացնելը։ Նա նաև զարմացած էր, թե ինչպես է հաջողվել նման քարքարոտ վայրում այպիսի հրաշալի աշխատանք իրականացնել։ Ծաղկաշատցիներին բարի վայելում ցանկանալով՝ Ժակ Մարտենը երջանկություն և հարատև խաղաղություն մաղթեց բոլորին։

Հանդիսավոր միջոցառմանը դպրոցի աշակերտները հանդես եկան հայրենասիրական բանաստեղծությունների արտասանություններով, ինչպես նաև տեղեկություններ հաղորդեցին ջրի կարևորության մասին։ Արտասանություններ հնչեցին ղարաբաղյան բարբառով, խոնարհումի խոսքեր՝ Արցախն ազատագրած հերոսների, հերոսածին մայրերի հասցեներին։

Կարմիր ժապավենը կտրելու պատվավոր առաքելությունը տրվեց Ժակ և Դանիել Մարտեններին և Ժակ Մաթոսյանին։

Որպես հավերժության խորհրդանիշ դարերից եկող ու դեպի դարեր հոսող կենարար ջուրը բուռ առ բուռ ըմպվում էր, որի ամեն մի կաթիլը հագեցնում էր հայրենիքի կարոտը։

Միջոցառման վերջում հյուրերն այցելեցին Նիկոլ Դումանի տուն-թանգարան և ծանոթացան հայ մեծ հայդուկապետ, ծննդով ծաղկաշատցի Նիկոլ Դումանի կյանքին ու ֆիդայական ուղուն։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



































































































































































































































Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter