ՆՇՎԵՑ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆ ՕՐԸ |
07.10.2016 16:44 |
  Գիրքն ու գրադարանը եղել են հայ ժողովրդի պահպանման գրավականը, իսկ գրադարանավարի օր ունենալը վաղուց պահանջմունք էր հայերիս համար: Այսօր մեր գրադարաններում աշխատում են ինքնանվեր և բանիմաց մասնագետներ, ովքեր իրենց հոգատար և բարյացակամ վերաբերմունքով կարողանում են գրավել ընթերցասեր հասարակության ուշադրությունը, արժանանալ փոխադարձ հարգանքի: Հիրավի, մեզանից յուրաքանչյուրը հասկանում է գրքի զորությունը և գնահատում այն, իսկ գրադարանավարի անխոնջ աշխատանքի հանդեպ տածում ենք առանձնահատուկ վերաբերմունք: Հոկտեմբերի 7-ին Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը քաղաքային մշակույթի տանը կազմակերպեց հանդիսավոր միջոցառում նվիրված գարադարանավարի մասնագիտական տոն օրվան: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, ԼՂՀ ՄԵ հարցերի նախարարության մշակութային ժառանգություն և ժողովրդական արհեստների բաժնի պետ Երազիկ Դանիելյանը, գլխավոր մասնագետ Վաչիկ Հարությունյանը, շրջանի դպրոցների գրադարանավարներ, ընթերցասեր դպրոցականներ: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը. -Գրադարանավարի մասնագիտությունը միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել հասարակության կյանքում: Ձեր աշխատանքը կարևոր է, իսկ ազդեցությունը հասարակության վրա` անգնահատելի: Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գրադարանավարի օրվա առթիվ և մաղթում առողջություն, բարեկեցություն և լավատեսություն: Համոզված եմ, դուք կիրականացնեք ձեր առջև դրած խնդիրները և արժանի ներդրում կունենաք մշակութային ժառանգության պահպանման, զարգացման և տարածման գործում: Միջոցառման մասնակիցները հավաքվել էին մեծարելու գրադարանավարի սրբազան գործը: Չէ որ նրանց ձեռքից ստացած գրքերն են լուսավորում երեխաների մտքերը, բազմացնում նրանց գիտելիքները, ճաշակը և դաստիարակում մեր ազգին արժանի ապագա սերունդ: Գրադարանային գործի համար մեծ պատասխանատվություն են կրում մեր գրադարանավարները: Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի վերաիմաստավորվի գրքի և ընթերցանության խորհուրդը, ամրապնդվի գրադարան-ընթերցող կապը: Հաղորդավար Սաթենիկ Տոնյանը մեծ հպարտությամբ ներկայացրեց գրադարանի առօրյան: Գրադարանավարներն իրենց ջերմ ընդունելությամբ կարողանում են պահպանել համագործակցությունը ընթերցողների, կրթական և մշակութային օջախների, հիմնարկ-ձեռնարկությունների հետ: Նրանք պատրաստակամ են օգնելու ցանկացած հարցում և կարողանում են բավարարել այցելուների հետաքրքրությունները: Այս հյուրընկալ օջախում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, իսկ դպրոցականների համար նախատեսվում են հաճելի անակնկալներ: ԼՂՀ անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ գրադարանի աշխատողների ուժերով գրադարանում ձևավորվեց ազգային ազատագրական պայքարի իրադարձություններին նվիրված անկյուն: Առանձնակի ուշադրություն է գրավում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս տղաներին նվիրված հուշապաստառը: Յուրաքանչյուր այցելու գլուխ է խոնարհում անկյան առաջ և մեկ րոպե լռությամբ հարգում զոհվածների հիշատակը: Միջոցառումն ուղղոդվում էր Ասկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների, Ասկերանի արվեստի դպրոցի, Ասկերանի ՄՊՍԿ-ի սաների հիանալի ասմունքով, երգ ու պարով: Իրենց սրտի խոսքն ասացին Ծաղկաշատի և Սարուշենի միջնակարգ դպրոցների գրադարանավարներ Գյուլարա Շահրամանյանը և Սիլվա Հայրիյանը: Նրանք փաստեցին, որ գրադարանն ամենապայծառ ու ջերմ օջախներից է, ուր մարդ կարողանում է կտրվել առօրյա հոգսերից ու ընկնել գրքերի լուսավոր աշխարհը: Գրադարանավարի համեստ աշխատանքը գնահատելով` հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարի օր: Ուրախալի է, որ հոկտեմբեր ամսվա սկզբներին իրար հետ զուգորդված նշվում են երկու կարևոր մասնագիտական տոներ` ուսուցչի և գրադարանավարի: Գյուլարա Շահրամանյանը և Սիլվա Հայրիյանը շնորհավորելով բոլոր գրադարանավարներին մասնագիտական օրվա առթիվ` ցանկացան առողջություն, մասնագիտական ոլորտում արգասաբեր աշխատանք, իսկ Արցախ աշխարհին մաղթեցին խաղաղություն: Երախտագիտությամբ էր լցված նաև գրադարանավարի ակտիվ ընթերցող Ռուզաննա Հայրապետյանի խոսքը. -Հիրավի, գրքերի աշխարհն անփոխարինելի է: Մեր օրերում, երբ համացանցը, կարծես թե, դարձել է յուրաքանչյուրիս կյանքի անբաժանելի մասը, գրքերի դերն ու կարևորությունը դարձյալ չի փոխվել` մասնավորապես կրթված ու զարգացած սերունդ ունենալու գործում: Գրադարանավարներին մասնագիտական տոն օրվա առթիվ շնորհավորելով `ցանկանում եմ շեշտել, որ նրանք շատ լավ են իրականացնում իրենց աշխատանքները: Մտնելով գրադարան` կարող ես տեսնել միայն բարի ժպիտներ և հասկացող դեմքեր: Շնորհակալություն Ասկերանի կենտրոնական գրադարանի ողջ աշխատախմբին: Շրջանի գրադարանավարները հանդես եկան նաև գեղեցիկ ասմունքով: Հաղթող ճանաչվեց Մադաթաշենի միջնակարգ դպրոցի գրադարանավար Կարինե Մայիլյանը և արժանացավ շրջվարչակազմի պատվոգրի: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը շնորհավորելով համակարգի աշխատողներին մասնագիտական տոն օրվա կապակցությամբ Ծաղկաշատի, Իվանյանի և Սարուշենի միջնակարգ դպրոցների գրադարանավարներ Գյուլարա Շահրամանյանին, Լենորա Գրիգորյանին և Սիլվա Հայրիյանին՝ մատաղ սերնդի հետ տարվող նպատակասլաց աշխատանքի համար հանձնեց շրջվարչակազմի պատվոգրեր: Ասկերանի արվեստի դպրոցը գրադարանին մատուցեց հաճելի անակնկալ և նվիրեց ձեռքի հիանալի մի աշխատանք: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |