ՈՒՍՈՒՑԻՉԸ ՍԱՆԵՐԻ ՀՈԳԻՆԵՐԸ ՋԵՐՄԱՑՆՈՂ ԱՐԵԳԱԿ Է
14.10.2016 10:39

  Ասկերանի շրջանի Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցը երկար տարիների հարուստ պատմություն ունի։ Դպրոցի բարի համբավը տարածված է ոչ միայն մեր շրջանում այլև ամբողջ հանրապետությունում։ Եվ այդ ամենը շնորհիվ նրա բազմավաստակ ու իրենց գործին գիտակ ուսուցիչների ու շնորհաշատ ու ուսման ծարավ աշակերտների։ Այսօր դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ ուսում են ստանում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ բարձր պահելով հարազատ կրթօջախի անունն ու պատիվը։ Իսկ Թամար Պետրոսյանը, գերազանց գնահատականներով սովորելով ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնի 4-րդ կուրսում, ստանում է նախագահական կրթաթոշակ։

Ուսուցչուհի Ադելա Մնացականյանն արդեն 33 տարի է, ինչ դասավանդում է հարազատ կրթօջախում, որից 30-ը տարրական դասարաններում։ Ինչպես բազմավաստակ մանկավարժն է ասում, իր կյանքն առանց դպրոցի ու սիրասուն բալիկների չի պատկերացնում։ Երեխաների մասին խոսելիս ուսուցչուհին խանդավառվում է, ու լուսաշող ժպիտով պարուրվում։ Անկարելի էր չնկատել տիկին Մնացականյանի անթաքույց սերն իրեն դասավանդած ուսուցիչների մասին խոսելիս։ Իսկ առաջին ուսուցչուհուն անչափ սիրելուց էլ ծնվել է ուսուցչուհի դառնալու երազանքը։ Անկասկած դասվար Մնացականյանն

իր ուսուցիչներից ժառանգած մանկավարժության նրբությունները կարողանում է  հմտորեն վերարտադրել դասապրոցեսի ժամանակ՝ դասը դարձնելով հետաքրքիր ու դյուրըմբռնելի։ Նա իր աշակերտների հուսալի ընկերն է, ում հետ վերջիններս կարող են կիսվել՝ նույնիսկ առաջին հայացքից  անհարմար թվացող բազմաթիվ խնդիրներով։ Եվ հասկանալի է, որ այս ամենը տեղի է ունենում փոխվստահության հողի վրա ու այն փոխադարձ սիրո ու հարգանքի, որն առկա է վաստակաշատ դասվարի ու աշակերտների միջև։


 - Տիկին Մնացականյան, ի դեմս Ձեզ շնորհավորում ենք Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի բոլոր ուսուցիչներին, մասնագիտական տոնի առթիվ և մաղթում ամենալավն ու բարինª ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքում։ Հետաքրքիր է իմանալ Ձեր անձնական կարծիքն այն մասին, թե մանկավարժությունն ի՞նչ է իրենից ներկայացնում այսօր:

-Շնորհակալություն բարեմաղթանքների համար։ Ժամանակակից հասարակության զարգացման հետ մեկտեղ այսօր մեծ արագությամբ զարգանում է նաև կրթական համակարգը։ Մանկավարժական համակարգում շարունակվում են ներդրվել մի շարք նորարարություններ։ Արդի մանկավարժության կուտակած տեսական գիտելիքներն ու պրակտիկ փորձը ցույց են տալիս, որ ժամանակակից մանկավարժությունը պետք է ունենա անձնակողմնորոշիչ միտում։Մանկավարժական գործընթացի հանդեպ ավանդական ավտորիտար մոտեցումն այսօր չի կարող արդյունավետ լուծել մանկավարժության առջև ծառացած բոլոր խնդիրները։ Ժամանակակից կրթական համակարգը միտված է դեպի անձնակողմնորոշիչ մանկավարժությունը։ Ես համոզված եմ, որ ժամանակակից մանկավարժությունը՝ Մարդ, Հայրենիքի լիարժեք քաղաքացի կերտելու արվեստ է։

 -Մանկավարժ լինելն ինքնին բարդ ու պատասխանատու առաքելություն է։ Ժամանակակից պայմաններում ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի  այն, որևէ խնդիրների առնչվելիս ինչպե՞ս է հաջողվում լուծել դրանք:

-Ուսուցիչը սաների հոգիները ջերմացնող արեգակ է։ Եթե նախկինում աշակերտն իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները կարող էր ստանալ ուսուցչից, թերթերից կամ հեռուստացույցից, այժմ բազմաթիվ են տեղեկատվություն ստանալու աղբյուրները։ Համացանցը համարյա անարգել մուտք է գործել բոլորիս տները և իշխում է այստեղ։ Սակայն նույնիսկ այս պայմաններում ուսուցիչն իր ինտելեկտով պետք է բարձր լինի իր շրջապատից և աշակերտն անվերապահորեն պետք է վստահի նրան՝ իրեն հուզող ցանկացած հարցի պատասխանը գտնելիս։ Ծագած բոլոր խնդիրներն ուսուցիչը կարողանում է լուծել, եթե սիրում է իր աշակերտներին և անմնացորդ նվիրված է իր գործին։

 -Մեզանից շատ քչերն են մոռանում իրենց առաջին ուսուցչին, դուք էլ դասավանդելով տարրական դասարաններում կուզենայի կիսվեիք մեր ընթերցողների հետ, թե ինչ են տալիս ձեզ երեխաների հետ ամենօրյա  շփումներն ու ինչպե՞ս է հաջողվում երեխաների ցանկացած խումբ վերածել կազմակերպված դասարանի։

 -Անկեղծ ասած, ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, շատ եմ սիրում փոքրիկներին։ Ինձ համար շատ վիրավորական է, երբ որևէ ուսուցիչ բողոքում է իր աշխատանքից կամ մանկավարժությունից։ Մինչև հիմա էլ սիրով եմ հիշում իմ առաջին ուսուցչուհուն՝ Միլա Իսրայելյանին և երևի թե ես հենց նրա և 2-րդ դասարանից իմ դասվար, վաստակաշատ Ռիտա Գրիգորյանին սիրելով եմ ընտրել իմ մասնագիտությունը։

Երեխաների հետ իմ ամենօրյա շփումները կարծես ավելի են ուժ ու կորով տալիս ինձ, նրանց հետ ես էլ եմ նորից մանկանում։ Փոքրիկների դպրոց գալու հենց առաջին օրվանից ջանում եմ, որ նրանք սիրեն ինձ, ես էլ նրանց, հակառակ պարագայում աշխատելն անհնար է։ Յուրաքանչյուր երեխայի մեջ փնտրում եմ ինչ-որ լավ գիծ, հատկանիշ, և հենվելով այդ դրականի վրա՝ ձևավորում բնավորության գծեր։ Հորդորում, հարկ եղած դեպքում նաև պահանջում եմ սիրեն ու հարգեն միմյանց, չվիրավորեն իրար, կիսվեն իրենց ուտելիքներով, դասամիջոցներին միասին խաղան, միասին տուն գնան։ Եվ ամենօրյա տքնաջան աշխատանքի ու հոգածության արդյունքում ձևավորվում, կազմակերպվում է դասարան, որի յուրաքանչյուր աշակերտի խնդիրն ամբողջ դասարանինն է նաև։

 -Ի±նչ հիմքերի վրա է դրված դպրոց-ծնող հարաբերությունները։

-Ընդհանրապես մեր դպրոցում դպրոց-ծնող հարաբերությունները միշտ էլ գտնվել են բարձր հիմքերի վրա։ Սեպտեմբերի 2-րդ տասնօրյակում հրավիրում եմ ծնողական ժողով, ծնողներին ներկայացնում անհրաժեշտ պահանջներն ու անհրաժեշտության դեպքում խնդրում նրանց օգնությունը։ Ասեմ նաև, որ ծնողները հաճախ են ներկայանում դպրոց, կատարում դասալսումներ և կարծիք կազմում իրենց և ամբողջ դասարանի երեխաների մասին։

 -Համաձա՞յն եք, որ աշխարհի ամենագեղեցիկ աչքերն աշխարհը բացահայտող մանկան աչքերն են։ Կպատմե՞ք որևէ զավեշտալի դեպք ձեր մանկավարժական գործունեությունից։

-Իհարկե, մեր կյանքը գեղեցկացնողներն ու քաղցրացնողները մեր մանուկներն են։ Նրանք մեր ներկան ու ապագան են, մեր նորաբողբոջ ծաղիկները։ Զավեշտալի դեպքեր շատ են եղել իմ մանկավարժական գործունեության ընթացքում, սակայն վախենում եմ իմ սաների մանկական հոգիները պղտորելուց և ուզում եմ, որ դա լինի իմ ու իմ փոքրիկների գաղտնիքը։

 -Տիկին Մնացականյան, ինքներդ էլ աշակերտ եք եղել։  Եթե համեմատելու լինեք ձեր ժամանակաշրջանի ու ներկա դպրոցական համակարգը, ապա ի՞նչը կցանկանայիք փոխել։

-Ես անմոռանալի հուշեր ունեմ խորհրդային դպրոցի երկարօրյա խմբերի աշխատանքից, ինձ թվում է, որ հիմա ծնողներն ավելի շատ են զբաղված զանազան աշխատանքներով և ժամանակ չեն ունենում ինչպես հարկն է զբաղվել իրենց երեխաների դասապատրաստման գործով։ Գուցե և հենց դա է պատճառը, որ նույնիսկ տարրական դասարաններում ծնողները ստիպված են լինում դիմել կրկնուսույցների օգնությանը։ Իսկ երկարօրյա  խմբերը լավագույն մասնագետների օգնությամբ կարող են զգալի թեթևացնել ծնողների բեռը։

Ես կցանկանայի փոխել տարրական դասարանների գնահատման համակարգը։ Ամբողջ մեկ կիսամյակի ընթացքում աշակերտը մայրենիից ունենում է առավելագույնը 14 գնահատական։ Այդ գնահատականները հիմնականում գրավոր աշխատանքների արդյունքներն են։ Բանավոր թեմատիկ հարցումների մի մասը ևս անցկացնում ենք գրավորի տեսքով։ Չնայած ունենք բանավոր համալիր և համընդհանուր հարցում, սակայն բոլորն էլ ներկայացվում են գրավորի տեսքով։ Արդյունքում աշակերտների ամենօրյա բանավոր աշխատանքը՝ կարդալը, պատմելը, վերլուծությունները կարծես մնում են ստվերում։ Իսկ աշակերտները ցանկանում են տեսնել իրենց աշխատանքի արդյունքը։ Ցանկալի է երեխաներին ոգևորելու կամ նրանց պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով, ինչու չէ, նորից գնահատել նաև նրանց ուսուցանող աշխատանքները։

 -Ի±նչ կցանկանայիք ավելացնել վերջում։

-Այսպիսով, եթե ուսուցիչը ճանաչի իր սաներից յուրաքանչյուրին, բացահայտի նրանց ողջ ներուժը, ապա կկարողանա ստեղծել բարենպաստ պայմաններ նրանց զարգացման և ինքնակատարելագործման համար։ Պետությունն էլ պետք է կանգնած լինի ուսուցչի թիկունքին և հոգատարությամբ շրջապատի նրան։

Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter