ԱՄԵՆ ՄԻ ԳՐԱԴԱՐԱՆ ՄԻ ԲԱՆՏԻ ԴՈՒՌ Է ՓԱԿՈՒՄ |
08.02.2012 00:52 |
Գրադարանն ամենապայծառ ու ջերմ օջախներից է, ուր մարդ կարողանում է կտրվել առօրյա հոգսերից ու ընկնել գրքերի լուսավոր աշխարհը: Այստեղ, դռները բաց, ընթերցողին սպասում են գրադարանի ինքնանվեր աշխատողները, ովքեր պատրաստ են մշտաժպիտ ընդունել ընթերցողներին, զրուցել նրանց հետ, խորհուրդներ տալ եւ լուսավորել նրանց ճանապարհը: Եվ հենց գրադարանավարի համեստ աշխատանքը գնահատելով է, որ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարի օր: Ահա այս գեղեցիկ օրվա կապակցությամբ հոկտեմբերի 6-ին Ասկերանի մշակույթի տանը կայացավ միջոցառում, որը կազմակերպել էր Ասկերանի Գ.Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանի աշխատախումբը: Մասնակցում էին Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, Ասկերանի քաղաքային կենտրոնական գրադարանի անունը կրող Գուրգեն Գաբրիելյանի տիկին Նունիկ Գաբրիելյանը, հյուրեր, ասկերանցիներ: Բացման խոսքով հանդես եկավ Շ.Աղաբաբյանը: Նա, շնորհավորելով ներկաներին այս հիասքանչ տոնի կապակցությամբ, միաժամանակ շնորհակալություն հայտնեց Ասկերանի կենտրոնական գրադարանի աշխատողներին այս միջոցառումը նախաձեռնելու համար: Այնուհետեւ շնորհավորանքի խոսք ասաց Ասկերանի քաղաքապետ Ա.Գաբրիելյանը,- ՙՈւրախ եմ, որ հոկտեմբեր ամսվա սկզբներին կառավարության որոշմամբ իրար հետ զուգորդված նշվում են երկու կարեւոր մասնագիտական տոներ` ուսուցչի եւ գրադարանավարի: Մասնագետներ, որոնց աշխատանքից է կախված մեր մշակույթը, ազգային ավանդույթները միջազգային հանրությանը ներկայացնելու գործը: Այսօր ակամայից վերհիշեցի իմ մանկության եւ պատանեկության ժամանակաշրջանը, քանզի իմ անհատականության ձեւավորման գործում այդ տարիներին գրադարանը եւ, կոնկրետ, գիրքը մեծ դերակատարություն են ունեցել: Գտնում եմ, որ անձի ձեւավորման գործում գիրքը, հատկապես, դասականների ստեղծած բազմահարուստ արժեքները, կարեւորագույն դերակատարություն ունեն եւ միշտ կունենան` անկախ լրատվական նորանոր միջոցների հայտնությանն ու բարձր տեխնոլոգիաների ներդրմանը: Շնորհակալություն մեր բոլոր գրադարանավարներին, որ պատերազմի թոհուբոհի մեջ կարողացել են պահել ու խնամել գիրքը: Երբեք չպետք է մոռանալ, որ մեր ազգի ամենամեծ հարստություններից մեկը համարվում է հենց ձեռագրերի եւ հայոց պատմության մատյանների պահպանման եւ ուսումնասիրության գործը: Եվ վերջերս Մատենադարանի նոր շենքի կառուցումը վկայում է, որ հնամենի գիր ու գրականություն ստեղծող ու գնահատող ազգը շատ բան ունի հաղորդելու ու ներկայացնելու միջազգային հանրությանը՚: Գրադարանի տնօրեն Նունե Կարապետյանը, շնորհավորելով գրադարանավարներին, նշեց, որ նրանց աշխատանքն անգնահատելի է, եւ ուրախությամբ փաստեց, որ օրեցօր ավելանում է ընթերցողների թվաքանակը: Իհարկե, դա նաեւ գրադարանի աշխատողների աշխատանքի արդյունքն է, քանի որ նրանք կարողանում են ըստ արժանվույն ընդունել ընթերցողներին եւ ճիշտ ճանապարհ ցույց տալ: Նա գրադարանի կողմից նվերներ հանձնեց գրադարանավար Լ.Սարգսյանին, տարվա ակտիվ ընթերցողներ Ս.Գաբրիելյանին, Ռ.Հայրապետյանին եւ գրադարանի միջոցառումներին ակտիվ մասնակցող Լ.Աթայանին: Շ.Աղաբաբյանը, մեկ անգամ եւս շնորհավորելով շրջանի բոլոր գրադարանավարներին, վարչակազմի պատվոգրերով պարգեւատրեց Խնձրիստանի, Ակնաղբյուրի, Շոշի գրադարանավարներին եւ Ասկերանի կենտրոնական գրադարանի նկարիչ-ձեւավորող Լ.Դանիելյանին: Այնուհետեւ սկսվեց միջոցառման երկրորդ մասը` գրական-գեղարվեստական ցերեկույթ` նվիրված Մեծն արցախցի Գուրգեն Գաբրիելյանին: Մի մարդու, ով լրագրող-հրապարակախոս էր, քաղաքական գործիչ, հոգեբան-մանկավարժ, շնորհալի երգահան ու սիրված երգիչ, բայց առաջին հերթին` բանաստեղծ, սիրված մանկագիր: Ներկայացվեց Գ. Գաբրիելյանի կյանքն ու գործունեությունը, եւ տարիների հեռավորությունից նայելով նրա անցած ճանապարհին` կրկին համոզվում ես նրա մարդկային մեծության մեջ եւ զգում, որ Գ.Գաբրիելյանը չկա միայն ֆիզիկապես, նրա արարող ոգին ճախրում է Արցախի երկնակամարում, երգի փոխված թեւածում բոլոր այն տարածքներում, ուր գոնե մի հայ երեխա շուրթերին հնչեցնում է նրա այբուբենված երգը: Գ.Գաբրիելյանը երեւույթ է, բազմաշնորհ տաղանդ եւ որպես մանկագիր` գրեթե անմրցելի: Նրա բանաստեղծությունները հուզառատ են ու սրտաբուխ, վարակիչ են ու անմիջական, եւ բոլորն էլ գրված են սրտի կրակով: Ահա այդ ամենն իրենց ելույթում ցույց տվեցին Ասկերանի միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանցիները, որոնք իրենց ուսուցչուհի Լաուրա Աթայանի շնորհիվ մեսրոպյան այբուբենը սեփականություն են դարձրել եւ քաջ գիտեն, որ հայ մնալու համար հայերեն գիր պետք է իմանալ, քանզի ժամանակին դա լավ էր գիտակցել արցախցի ազգասերը: Փոքրիկների ելույթը հուզմունքի ալիքներ էր բաձրացնում դահլիճում եւ ուրախացնում ներկաներին: Մեծ է բանաստեղծի ծառայությունը ղարաբաղյան ժողովրդական երգերի ու խաղիկների մշակման ու տարածման գործում: Միշտ նվիրյալ մնալով իր ազատագրական գաղափարներին` օրինակ հանդիսացավ շատ-շատերի համար: Նա ապացուցեց, որ հայրենիքը խոսքով չէ որ սիրում են, այլեւ` այնտեղ ապրելով, թիկունք դառնալով այդ հողը պաշտպանող մարդուն` երկրապահին, զինվորին, ազատամարտիկին: Այդ էին վկայում հոգու կրակով գրված նրա հայրենասիրական ստեղծագործությունները: Նա կարողացել է նաեւ անսխալ վերարտադրել աշխատավոր մարդու հոգեբանությունը, նրա անուրախ կյանքը, սերն ու նվիրվածությունը հայրենի օջախի, ընտանիքի պատվի հանդեպ: Իսկ ինչպիսի¯ մեծ վարպետությամբ ու սիրով երեխաները ներկայացրին Գ.Գաբրիելյանի ՙՄաքուր խիղճ՚ հեքիաթ-պոեմը: Բեմականացումը անթերի էր ու զգացվում էր, որ փոքրիկները գիտակցելով են կատարում իրենց դերը, չէ որ այն դաստիարակչական նշանակություն ուներ: Հիրավի, երջանիկ մարդ էր Գ.Գաբրիելյանը: Նա չի հեռացել կյանքի առանցքներից, նա միշտ գալիս է իր անկրկնելի երգերով, իր սրտաբուխ տողերով, գալիս է հեռուներից, դառնում իրականություն: Միջոցառման վերջում իր հուզմունքը հազիվ զսպելով` Գուրգեն Գաբրիելյանի տիկին Նունիկ Գաբրիելյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին ու փոքրիկներին, որոնք իրենց կատարումներով կենդանացրին Գ.Գաբրիելյանին` այդ իսկ ձեւով հարգելով ու գնահատելով բանաստեղծին: Վերջում շրջանի արհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանը նվեր հանձնեց Ն.Գաբրիելյանին: Իրոք, միջոցառումը բարձր մակարդակով էր կազմակերպված : Երբ անմահ է մարդն իր գործով, Կյանքում երբեք չի ծերանում, Ապրում է իր ստեղծածով Եվ լեռան պես չի վերանում… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |