ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ
11.11.2016 16:02

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Գ Լ ՈՒ Խ 1

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1. Արցախի Հանրապետությունը

1.Արցախի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է:

2.Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են:

Հոդված 2. Իշխանությունը ժողովրդին պատկանելը

1.Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

2.Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների եղանակով, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

3.Իշխանության յուրացումը հանցագործություն է:

 

Հոդված 3.

Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները

1. Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

4. Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան:

 

Հոդված 4.

Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

 

Հոդված 5.

Իրավական նորմերի աստիճանակարգությունը

1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:

2. Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ օրենքներին:

3. Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 6.

Օրինականության սկզբունքը

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

2. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

3. Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

 

Հոդված 7.

Ընտրական իրավունքի սկզբունքները

Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար,  ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 8.

Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը

1. Արցախի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը:

2. Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ:

3. Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:

4. Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:

 

Հոդված 9.

Տեղական ինքնակառավարման երաշխավորումը

Արցախի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

 

Հոդված 10.

Սեփականության երաշխավորումը

1. Արցախի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

2. Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:

 

Հոդված 11.

Տնտեսական կարգը

Արցախի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

 

Հոդված 12.

Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը

1. Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:

Հոդված 13.

Արտաքին քաղաքականությունը

 

Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

 

Հոդված 14.

Զինված ուժերը և պաշտպանությունը

1. Արցախի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Արցախի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

2. Արցախի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:

3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Արցախի Հանրապետության պաշտպանությանը:

 

Հոդված 15.

Մշակույթի, կրթության, գիտության խթանումը, հայոց լեզվի և մշակութային ժառանգության պաշտպանությունը

1. Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը:

2. Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են։

 

Հոդված 16.

Ընտանիքի պաշտպանությունը

Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:

 

Հոդված 17.

Պետությունը և կրոնական կազմակերպությունները

1. Արցախի Հանրապետությունում ճանաչվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

 

Հոդված 18.

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին

Արցախի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

 

Հոդված 19.

Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի հետ կապերը

1.Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ իրականացնում է քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական խոր համագործակցությանն, համակողմանի կապերի և անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականություն:

2.Արցախի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի  զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը:

 

Հոդված 20.

Արցախի Հանրապետության պետական լեզուն

1.Արցախի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

2. Արցախի Հանրապետությունում երաշխավորվում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածումը:

 

Հոդված 21.

Արցախի Հանրապետության խորհրդանիշերը

1. Արցախի   Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով, աջ կողմի երկու ծայրերից սկսվող և դրոշի մեկ երրորդ հատվածում միացող սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով: Դրոշի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով:

2. Արցախի   Հանրապետության զինանշանը և օրհներգը սահմանվում են օրենքով:

Հոդված 22.

Արցախի Հանրապետության մայրաքաղաքը

Արցախի Հանրապետության մայրաքաղաքը Ստեփանակերտն է:


Գ Լ ՈՒ Խ 2

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 23.

Մարդու արժանապատվությունը

Մարդու արժանապատվությունն անխախտելի է:

 

Հոդված 24.

Կյանքի իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:

3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

 

Հոդված 25.

Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:

2. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:

4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:

 

Հոդված 26.

Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

2. Մարմնական պատիժներն արգելվում են:

3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:

 

Հոդված 27.

Անձնական ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

7) անձի անօրինական մուտքը Արցախի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:

3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

 

Հոդված 28.

Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

 

Հոդված 29.

Խտրականության արգելքը

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

 

Հոդված 30.

Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

 

Հոդված 31.

Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

 

Հոդված 32.

Բնակարանի անձեռնմխելիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:

2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր:

 

Հոդված 33.

Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:

2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով:

 

Հոդված 34.

Անձնական տվյալների պաշտպանությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:

2. Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում:

4. Անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

5. Անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 35.

Ամուսնանալու ազատությունը

1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ:

3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

 

Հոդված 36.

Ծնողների իրավունքները և պարտականությունները

1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

2. Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով:

3. Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 37.

Երեխայի իրավունքները

1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

 

Հոդված 38.

Կրթության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը:

 

Հոդված 39.

Մարդու ազատ գործելու իրավունքը

Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

 

Հոդված 40.

Ազատ տեղաշարժվելու իրավունքը

1. Արցախի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի Արցախի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

3. Յուրաքանչյուր քաղաքացի և Արցախի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Արցախի Հանրապետություն մուտք գործելու իրավունք:

4. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Արցախի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:

 

Հոդված 41.

Մտքի, խղճի և կրոնի ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:

2. Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 42.

Կարծիքի արտահայտման ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

 

Հոդված 43.

Ստեղծագործության ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն:

 

Հոդված 44.

Հավաքների ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

2. Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:

3. Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ։

4. Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:

5. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

 

Հոդված 45.

Միավորումների ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ մասնավոր միավորման:

2. Միավորումների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

3. Միավորումների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

4. Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով` միայն դատարանի որոշմամբ:

 

Հոդված 46.

Կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելու իրավունքը

1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության:

2. Դատավորները, դատախազները և քննիչները չեն կարող լինել կուսակցության անդամ: Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ:

3. Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև իրենց գույքի մասին:

4. Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Գերագույն դատարանի որոշմամբ: Այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են և ենթակա են արգելման Գերագույն դատարանի որոշմամբ:

 

Հոդված 47.

Արցախի Հանրապետության քաղաքացիության իրավունքը

1. Արցախի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Արցախի Հանրապետության քաղաքացի է:

2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Արցախի Հանրապետության քաղաքացի է, ունի Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

3. Ազգությամբ հայերը Արցախի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

4. Ազգությամբ հայերը Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:

5. Արցախի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Արցախի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

6. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը, Արցախի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը, ինչպես նաև դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով:

7. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

8. Արցախի Հանրապետության քաղաքացիները Արցախի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության ներքո են:

 

Հոդված 48.

Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը

1. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք:

2. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

3. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

4. Տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրությունների ժամանակ  ընտրելու իրավունք ունեն  ընտրության օրը տասնութ տարին լրացած, իսկ  ընտրվելու՝ քսանհինգ տարին լրացած Արցախի Հանրապետության քաղաքացիները: Օրենքով կարող է սահմանվել Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունքը:

5. Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

 

Հոդված 49.

Հանրային ծառայության անցնելու իրավունքը

Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 50.

Պատշաճ վարչարարության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

2. Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

Հոդված 51.

Տեղեկություններ ստանալու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 52.

Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը

Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 53.

Հանրագիր ներկայացնելու իրավունքը

Յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 54.

Քաղաքական ապաստանի իրավունքը

Քաղաքական հետապնդման ենթարկվող յուրաքանչյուր ոք ունի Արցախի Հանրապետությունում քաղաքական ապաստան հայցելու իրավունք: Քաղաքական ապաստանի տրամադրման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 55.

Արտաքսման կամ հանձնման արգելքը

1. Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե իրական սպառնալիք կա, որ տվյալ անձը կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

2. Արցախի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 56.

Ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք:

2. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:

3. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով:

 

Հոդված 57.

Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։

5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝

1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.

2) զինվորական   ծառայությունը.

3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

 

Հոդված 58.

Գործադուլի իրավունքը

1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրացման կարգը սահմանվում է օրենքով:

2. Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

 

Հոդված 59.

Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը

1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:

 

Հոդված 60.

Սեփականության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

2. Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:

6. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

7. Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

8. Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

 

Հոդված 61.

Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:

 

Հոդված 62.

Վնասի հատուցման իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

2. Եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

 

Հոդված 63.

Արդար դատաքննության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

2. Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:

3. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:

 

Հոդված 64.

Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 65.

Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը

Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Օրենքը կարող է սահմանել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

 

Հոդված 66.

Անմեղության կանխավարկածը

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հոդված 67.

Մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը

Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք.

2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք.

3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք.

4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաև, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք.

5) թարգմանչի անվճար ծառայությունից օգտվելու իրավունք, եթե նա չի տիրապետում հայերենին:

 

Հոդված 68.

Կրկին դատվելու արգելքը

1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա:

 

Հոդված 69.

Դատապարտվածի բողոքարկման իրավունքը

Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք:

 

Հոդված 70.

Ներման խնդրանքի իրավունքը

Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման, ներառյալ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 71.

Մեղքի սկզբունքը և պատժի համաչափության սկզբունքը

1. Հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է:

2. Օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:

 

Հոդված 72.

Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը

Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

 

Հոդված 73.

Օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժը

 

1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

 

Հոդված 74.

Հիմնական իրավունքների և ազատությունների կիրառելիությունն իրավաբանական անձանց նկատմամբ

 

Հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները և ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

 

Հոդված 75.

Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը

 

Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

 

Հոդված 76.

Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ

 

Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 6-րդ մասի 1-ին նախադասությունում և 9-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

 

Հոդված 77.

Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը

 

Արգելվում է հիմնական իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:

 

Հոդված 78.

Համաչափության սկզբունքը

 

Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

 

Հոդված 79.

Որոշակիության սկզբունքը

 

Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

 

Հոդված 80.

Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը

 

Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

 

Գ Լ ՈՒ Խ 3

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հոդված 81.

Աշխատանքային պայմանները

 

Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

 

Հոդված 82.

Սոցիալական ապահովությունը

 

Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:

 

Հոդված 83.

Արժանապատիվ գոյությունը և նվազագույն աշխատավարձը

 

1. Յուրաքանչյուր կարիքավոր և տարեց մարդ, օրենքին համապատասխան, ունի արժանապատիվ գոյության իրավունք:

2. Նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 84.

Առողջության պահպանությունը

 

1. Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք:

2. Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը:

 

Հոդված 85.

Պետության քաղաքականության հիմնական նպատակները

 

Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`

1) գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը.

2) բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը.

3) հաշմանդամ ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ առանձնահատուկ հոգածության դրսևորումը.

4) բնակարանային շինարարության խթանումը.

5) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը.

6) ծնելիության և բազմազավակության խթանումը.

7) երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.

8) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.

9) հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը.

10) սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը.

11) տարածքային համաչափ զարգացումը.

12) ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը.

13) քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդության մասնակցության խթանումը.

14) անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը.

15) հիմնարար և կիրառական գիտության զարգացումը.

16) ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը նպաստելը.

17) բարեգործության խթանումը` մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով:

 

Հոդված 86.

Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 85-րդ հոդվածով սահմանված նպատակները:

2. Հանրապետության նախագահը Սահմանադրության  93-րդ հոդվածի 16-րդ կետով նախատեսված հաղորդման շրջանակներում տեղեկատվություն է ներկայացնում Սահմանադրության 85-րդ հոդվածով սահմանված նպատակների իրագործման վերաբերյալ:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոդված 87. Հանրապետության նախագահի կարգավիճակը

  1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
  2. Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է:

 

Հոդված 88. Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը և սահմանափակումները

 

1.Հանրապետության նախագահն ընտրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:

2.Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում:

 

Հոդված 89. Հանրապետության նախագահի ընտրության կարգը և ժամկետները

1.Հանրապետության նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով: Հանրապետության նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:

2. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:
3. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չի քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին, ապա քվեարկությունից հետո` տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն: Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

4. Հանրապետության նախագահի ընտրությունների մանրամասները սահմանվում են Ընտրական օրենսգրքով:


Հոդված 90. Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները

Հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու, Ազգային ժողովը արձակելու դեպքերում նշանակվում է Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրություն:


Հոդված 91. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը

Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրավիրված հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

 

Հոդված 92. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը


1.Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:

2.Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

3.Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:

 

Հոդված 93. Հանրապետության նախագահի լիազորությունները


Հանրապետության նախագահը՝

  1. ղեկավարում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը.
  2. իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը.
  3. սահմանում է կառավարության, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքն ու գործունեության կարգը.
  4. նշանակում և ազատում է պետական նախարարին, նախարարներին.
  5. կառավարում է պետական սեփականությունը, ֆինանսական միջոցները.
  6. օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.
  7. կազմավորում է խորհրդակցական մարմիններ.
  8. ներկայացնում է Արցախի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, ստորագրում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ դադարեցնում է վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.
  9. նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.
  10. կարող է արձակել Ազգային ժողովը, բացառությամբ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում ընկած ժամանակահատվածի.
  11. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու առաջարկությամբ դիմում է Ազգային ժողովի նախագահին.
  12. Ազգային ժողովին է  ներկայացնում պետական  բյուջեի նախագիծը.
  13. հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ.
  14. համաներում հայտարարելու առաջարկությամբ դիմում է Ազգային ժողովին.
  15. ուղերձով կարող է դիմել ժողովրդին և Ազգային ժողովին.
  16. Ազգային ժողովի նիստում ամենամյա հաղորդում է ներկայացնում նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների,ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ.
  17. Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի թեկնածությունը: Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.
  18. նշանակում է բարձրագույն դատական խորհրդի մեկ իրավաբան անդամի.
  19. աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում իրականացնում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ իրավիճակ.
  20. պարգևատրում է Արցախի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ.
  21. օրենքով սահմանված կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը.
  22. օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Արցախի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը.
  23. ընդունում է նորմատիվ բնույթ ունեցող հրամանագրեր, ինչպես նաև կարգադրություններ:

 

Հոդված 94. Հանրապետության նախագահի լիազորությունները ազգային անվտանգության բնագավառում


1. Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:
2. Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է:

  1. Հանրապետության նախագահը նշանակում և ազատում է զինված ուժերի ու այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

4. Ազգային անվտանգության բնագավառում իր լիազորությունների իրականացմանը աջակցելու նպատակով Հանրապետության նախագահը իրեն կից ձևավորում է խորհրդակցական մարմին՝ անվտանգության խորհուրդ, և նախագահում այն:

 

Հոդված 95.

Օրենքի ստորագրումը և հրապարակումը

1. Հանրապետության նախագահն Ազգային ժողովի ընդունած օրենքը ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն:

2. Այդ ժամկետում Հանրապետության նախագահը կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը:


Հոդված 96. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելը

 

1.Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ կարող է անվստահություն հայտնել Հանրապետության նախագահին:

 

 

2. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:

3. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ:

4. Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնը ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

5.Պատերազմի կամ արտակարգ  դրության ժամանակ Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:

 

Հոդված 97. Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը


1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու  մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:

3. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Գերագույն դատարան:

4. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

5. Եթե Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:

6. Պաշտոնանկ արված Հանրապետության նախագահը չի կարող մասնակցել արտահերթ ընտրություններին:


Հոդված 98. Հանրապետության նախագահի հրաժարականը


Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողովին:


Հոդված 99. Հանրապետության նախագահի կողմից լիազորությունների կատարման անհնարինությունը


1. Հանրապետության նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների իրականացումը, Ազգային ժողովը Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունում Հանրապետության նախագահի կողմից իր լիազորու­թյունների կատարման անհնարինության և այդ հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու մասին:

2. Եթե Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը բացակայում են, ապա այդ հարցը չի կարող քննարկվել Ազգային ժողովում:


Հոդված 100. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր իրականացումը

 

Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը: Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը: Այդ ընթացքում արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել հանրաքվե, նշանակել կամ ազատել կառավարության անդամներին, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

 

Հոդված 101.

Կառավարության կարգավիճակը և գործառույթները

1.Կառավարությունը Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանը աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմինն է:

2. Կառավարությունը Հանրապետության նախագահի ծրագրի հիման վրա և նրա ղեկավարությամբ մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:

3. Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով և Հանրապետության նախագահի հրամանագրերով:

 

Հոդված 102.

Կառավարության կազմը, պետական նախարարի և նախարարների իրավասությունները

 

1.Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից:

2. Պետական նախարարը Հանրապետության նախագահի հանձնարարությամբ վարում է կառավարության նիստերը, համակարգում է Հանրապետության նախագահի կողմից որոշված նախարարների գործունեությունը:

3. Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:

 

Հոդված 103.

Կառավարության կազմավորումը

 

1. Նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

2. Կառավարությունը կազմավորվում է Հանրապետության նախագահի կողմից իր լիազորությունների ստանձնումից հետո 20-օրյա ժամկետում:

3. Հանրապետության նախագահը կառավարության կազմավորումից հետո հրապարակում է կառավարության կազմը:

 

Հոդված 104.

Հանրապետության նախագահի ծրագիրը

 

Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը հրապարակում է իր ծրագիրը:

 

Հոդված 105.

Կառավարության նիստերը և որոշումները

 

1. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է Հանրապետության նախագահը: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ Կառավարության նիստերը    վարում է պետական նախարարը:

2. Կառավարության որոշումները հաստատում է Հանրապետության նախագահը:

3. Կառավարությունն իրավասու է ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

 

Գ Լ ՈՒ Խ 5.

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

 

Հոդված 106.

Ազգային ժողովի կարգավիճակը և գործառույթները

 

1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

2. Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:

5. Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:

 

Հոդված 107.

Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը

 

1. Ազգային ժողովը կազմված է ոչ պակաս, քան 27 և ոչ ավել, քան 33 պատգամավորից: Ազգային ժողովի պատգամավորների թիվը սահմանվում է Ընտրական օրենսգրքով:

2. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով:

 

Հոդված 108.

Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը

 

1. Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

2. Հերթական ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

3. Ազգային ժողովի ընտրության մանրամասները կարգավորվում են Ընտրական օրենսգրքով:

 

Հոդված 109.

Ազգային ժողովի հերթական ընտրությունը

 

1. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ:

 

Հոդված 110.

Ներկայացուցչական մանդատը

 

Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:

 

Հոդված 111.

Պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը

 

Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

 

Հոդված 112.

Պատգամավորի անձեռնմխելիությունը

 

1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:

2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

 

Հոդված 113.

Պատգամավորի լիազորությունների դադարումը և դադարեցումը

 

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովը արձակելու, Արցախի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:

2. Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 111-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:

3.Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են Գերագույն դատարանի որոշմամբ:

 

Հոդված 114.

Ազգային ժողովի հերթական նստաշրջանները, արտահերթ նստաշրջանը և նիստը

 

1.Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված ժամկետներում:

2. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ:

3. Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

 

Հոդված 115.

Ազգային ժողովի նիստերի հրապարակայնությունը

 

1. Ազգային ժողովի նիստերը հրապարակային են:

2. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ Հանրապետության նախագահի առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ անցկացնում է փակ նիստ: Փակ նիստում քվեարկությունն արգելված է:

 

Հոդված 116.

Օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների ընդունումը

 

1.Օրենքները, Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

2. Հանրապետության Նախագահի առարկությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ:

4. Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

 

Հոդված 117.

Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալը

 

1. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և մեկ տեղակալ: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալը ընտրվում են Ազգային ժողովի լիազորությունների ամբողջ ժամկետով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:

 

Հոդված 118.

Ազգային ժողովի խմբակցությունները

 

1. Խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:

2. Խմբակցության մեջ ընդգրկվում են միայն միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորները:

 

Հոդված 119.

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները

 

1. Ազգային ժողովն օրենքների նախագծերի, իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է մշտական հանձնաժողովներ: Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան 7 մշտական հանձնաժողով:

2. Մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

 

Հոդված 120.

Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովները

 

Առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի, ինչպես նաև պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ:

 

Հոդված 121.

Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները

 

1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

2. Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:

3. Քննիչ հանձնաժողովների գործունեության մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով:

 

Հոդված 122.

Օրենսդրական նախաձեռնությունը

 

1. Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն Հանրապետության նախագահը և պատգամավորը:

2. Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն երկուսուկես տոկոսը ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք:

 

Հոդված 123.

Պետական բյուջեի ընդունումը

 

1. Պետական բյուջեն օրենքով սահմանված կարգով ներառում է պետության բոլոր եկամուտները և ծախսերը:

2. Հանրապետության նախագահը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն քառասունհինգ օր առաջ:

3. Պետական բյուջեն ընդունվում է մինչև բյուջետային տարին սկսվելը: Այդ ժամկետում պետական բյուջեն չընդունվելու դեպքում, մինչև պետական բյուջեի ընդունումը ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

 

Հոդված 124.

Պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը

 

1. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ։

2. Ազգային ժողովը, Հաշվեքննիչ պալատի եզրակացության առկայությամբ, քննարկում և որոշում է ընդունում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ:

 

Հոդված 125.

Պատգամավորների բանավոր և գրավոր հարցերը

 

1.Պատգամավորներն իրավունք ունեն բանավոր հարցերով դիմելու Հանրապետության Նախագահին եւ կառավարությանը: Հանրապետության Նախագահը եւ կառավարության անդամները պատգամավորների բանավոր հարցերին պատասխանում են Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում:

2. Պատգամավորներն ունեն Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելու իրավունք: Գրավոր հարցերի պատասխաններն Ազգային ժողովի նիստում չեն ներկայացվում:

 

Հոդված 126.

Հարցապնդումները

 

  1. Ազգային ժողովի խմբակցություններն ունեն Հանրապետության Նախագահին և կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք:
  2. Հարցապնդումների պատասխանները ներկայացվում են Ազգային ժողովի նիստում: Խմբակցության առաջարկությամբ հարցապնդման պատասխանը քննարկվում է:

3. Հարցապնդումներով դիմելու, դրանց պատասխանելու եւ Ազգային ժողովում քննարկելու կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով:

 

Հոդված 127.

Հրատապ թեմայով քննարկումները

 

Հերթական նստաշրջանի ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ:

 

Հոդված 128.

Համաներումը

 

Ազգային ժողովը Հանրապետության նախագահի առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք:

 

Հոդված 129.

Պատերազմի հայտարարումը և խաղաղության հաստատումը

 

1. Ազգային ժողովը Հանրապետության նախագահի առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում:

2. Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Հանրապետության նախագահը:

 

Հոդված 130.

Ռազմական դրությունը

 

1. Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Հանրապետության նախագահը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

4. Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 131.

Արտակարգ դրությունը

 

1. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

2. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

4. Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 132. Արտակարգ իրավիճակ

 

1.Տարերային աղետի բնույթ ունեցող բնական կամ տեխնածին աղետների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման նպատակով Հանրապետության նախագահը կարող է  Արցախի Հանրապետության ողջ տարածքում կամ դրա մի մասում որոշակի ժամկետով մտցնել արտակարգ իրավիճակի ռեժիմ:

2.Արտակարգ իրավիճակի ռեժիմը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 133.

Վարչատարածքային միավորները և բաժանումը

 

1.Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորներն են համայնքները:

2.Վարչատարածքային բաժանումը Հանրապետության նախագահի ներկայացմամբ սահմանվում է օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ 6

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Հոդված 134.

Արդարադատության իրականացումը

 

1. Արցախի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

2. Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

 

Հոդված 135.

Դատարանները

 

1. Արցախի Հանրապետությունում գործում են Գերագույն դատարանը, Վերաքննիչ դատարանը և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

2. Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

 

Հոդված 136.

Դատավորի կարգավիճակը

 

1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

2. Դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:

3. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

4. Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

5. Դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ:

6. Դատավորի լիազորությունները դադարում են լիազորությունների ժամկետն ավարտվելու, Արցախի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա հրաժարականի, մահվան դեպքերում:

7. Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:

8. Դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Դատավորի վարձատրության չափը սահմանվում է օրենքով:

9. Դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով:

 

Հոդված 137.

Դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները

 

1.Գերագույն դատարանի դատավոր կարող է նշանակվել 35 տարին լրացած, Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

2. Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատավոր կարող է նշանակվել Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

3. Դատավորների թեկնածուները պետք է տիրապետեն հայերենին:

4. Դատավորների թեկնածուների համար Դատական օրենսգրքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:

 

Հոդված 138.

Դատավորների նշանակման կարգը

 

1. Դատարանի նախագահները և դատավորները նշանակվում են Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ։

2. Դատարանների նախագահների համար Դատական օրենսգրքով կարող է սահմանվել պաշտոնավարման  ժամկետ:

3. Դատավորն անփոփոխելի  է և պաշտոնավարում է մինչև վաթսունհինգ տարին լրանալը:

4. Դատավորների նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով:

 

Հոդված 139.

Գերագույն դատարանը

 

1. Արցախի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը Գերագույն դատարանն է:

2. Գերագույն դատարանը իրականացնում է սահմանադրական արդարադատություն` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

3. Գերագույն դատարանը կազմված է Գերագույն դատարանի նախագահից և վեց դատավորից:

4. Գերագույն դատարանը գործերը քննում է ողջ կազմով: Գերագույն դատարանի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն հինգ դատավոր:

 

Հոդված 140.

Գերագույն դատարանի գործառույթներն ու լիազորությունները

 

 

1. Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս Գերագույն դատարանը օրենքով սահմանված կարգով՝

1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը.

2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը.

3) մինչև միջազգային պայմանագրերի վավերացումը որոշում է դրանցում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը.

4) լուծում է հանրաքվեի, Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.

5) որոշում է կայացնում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ.

6) եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.

7) որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին.

8) օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ։

2. Որպես բարձրագույն դատական ատյան՝ Գերագույն դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

 

Հոդված 141.

Սահմանադրական արդարադատության հարցերով Գերագույն դատարան դիմելը

 

1. Գերագույն դատարան կարող են դիմել՝

1) Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.

2) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված դեպքերում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ.

3) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով սահմանված դեպքերում.

4) Ազգային ժողովի խմբակցությունը` հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.

5) Կառավարությունը՝ Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված դեպքերում.

6) տեղական ինքնակառավարման մարմինները՝ Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով.

7) յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը.

8) գլխավոր դատախազը՝ դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով.

9) Մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.

10) Հանրապետության նախագահի թեկնածուները՝ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով:

11) Ազգային ժողովի ընտրությանը մասնակցած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ Ազգային ժողովի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.

2. Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում Գերագույն դատարան դիմում է Ազգային ժողովը:

3. Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում Գերագույն դատարան դիմում է Հանրապետության նախագահը:

4. Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում Գերագույն դատարան դիմում է Ազգային ժողովը:

5. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Գերագույն դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

6. Գերագույն դատարան դիմելու կարգի մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով:

7. Գերագույն դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում։

 

Հոդված 142.

Գերագույն դատարանի որոշումները և եզրակացությունները

 

1. Գերագույն դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ:

2. Գերագույն դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

3. Գերագույն դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ:

4. Գերագույն դատարանը Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հարցերի վերաբերյալ, բացառությամբ 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հարցի, ընդունում է որոշումներ, իսկ 140-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հարցով՝ եզրակացություն:

5. Սահմանադրության 140-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հարցերով որոշումները, ինչպես նաև եզրակացություններն ընդունվում են Գերագույն դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մյուս որոշումները՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Եթե Գերագույն դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից:

 

 

Հոդված 143.

Բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակն ու կազմավորման կարգը

 

1. Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

2. Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է հինգ  անդամից:

3. Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ:

4. Բարձրագույն դատական խորհրդի մեկական անդամ նշանակում են Հանրապետության նախագահը և Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից:  Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:

5. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ ընտրվելու իրավունքի:

6. Բարձրագույն դատական խորհուրդը իր դատավոր անդամների կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ:

7. Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով:

 

Հոդված 144.

Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները

 

1. Բարձրագույն դատական խորհուրդը`

1) կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.

2) Ազգային ժողովին առաջարկում է դատավորների թեկնածուներին.

3) Ազգային ժողովին առաջարկում է Գերագույն դատարանի նախագահի թեկնածու.

4) լուծում է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.

5) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.

6) Ազգային ժողովին առաջարկում է  դադարեցնել դատավորի լիազորությունները.

7) հաստատում է իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվները և ներկայացնում Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

 

Գ Լ ՈՒ Խ 7

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 145.

Դատախազությունը

 

1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝

1) հարուցում է քրեական հետապնդում.

2)հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

5) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ.

6) օրենքով սահմանված բացառիկ դեպքերում իրականացնում է մինչդատական քրեական վարույթ:

3. Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:

5. Դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 146.

Գլխավոր դատախազը

 

1. Գլխավոր դատախազը Հանրապետության նախագահի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։

2. Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:

3. Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:

 

Գ Լ ՈՒ Խ 8

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 147.

Տեղական ինքնակառավարման իրավունքը

 

1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:

2. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:

 

Հոդված 148.

Համայնքը

 

1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրություն է։

2. Համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է։

 

Հոդված 149.

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները

 

1. Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել համայնքի ղեկավարի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: Համայնքի ղեկավարի ուղղակի ընտրության դեպքում կիրառվում են Սահմանադրության 7-րդ հոդվածով սահմանված ընտրական իրավունքի սկզբունքները:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը սահմանվում է Ընտրական օրենսգրքով։

 

Հոդված 150.

Համայնքի խնդիրները և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված։ Համայնքի պարտադիր խնդիրները սահմանվում են օրենքով, իսկ կամավոր խնդիրները՝ համայնքի ավագանու որոշումներով։

2. Պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել տեղական ինքնակառավարման մարմիններին։

3. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման համայնքի տարածքում:

4. Համայնքի ղեկավարը կատարում է համայնքի ավագանու որոշումները, իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը։ Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև:

5. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով։

 

Հոդված 151.

Համայնքի գործերի կառավարմանն անմիջական մասնակցությունը

 

1. Համայնքի բնակիչները կարող են անմիջականորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հանրային հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով։

2. Տեղական հանրաքվեի անցկացման կարգը, ինչպես նաև համայնքի բնակիչների կողմից համայնքի գործերի կառավարմանն անմիջականորեն մասնակցելու այլ եղանակները սահմանվում են օրենքով։

 

Հոդված 152.

Համայնքի սեփականությունը

 

1. Համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։

2. Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է։

3. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:

 

Հոդված 153.

Համայնքի բյուջեն, տեղական հարկերը, տուրքերը և վճարները

 

1. Համայնքն ունի իր բյուջեն, որը համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընդունում է համայնքի ավագանին։

2. Համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման և ծախսերի իրականացման կարգը սահմանվում է օրենքով։

3. Համայնքի ավագանին օրենքով սահմանված դրույքաչափերի շրջանակներում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր։

4. Համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող վճարներ։

 

Հոդված 154.

Համայնքի ֆինանսավորումը

 

1. Համայնքի պարտադիր խնդիրների լուծման նպատակով օրենքով սահմանվում են հարկային և ոչ հարկային այնպիսի աղբյուրներ, որոնք անհրաժեշտ են այդ խնդիրների իրականացումն ապահովելու համար։

2. Համայնքներին պետության կողմից պատվիրակված լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման։

3. Պետությունն իր հնարավորությունների շրջանակներում միջոցներ է հատկացնում համայնքների համաչափ զարգացումն ապահովելու համար:

 

Հոդված 155.

Համայնքների միավորումը և բաժանումը

 

Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը։

 

Գ Լ ՈՒ Խ 9

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

Հոդված 156.

Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և լիազորությունները

 

1. Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

2. Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև աջակցել նրա աշխատանքներին:

4. Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով:

 

Հոդված 157.

Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը

 

1. Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

2. Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:

 

Հոդված 158.

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխիքները

 

1. Մարդու իրավունքների  պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

2. Մարդու իրավունքների  պաշտպանի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները:

3. Մարդու իրավունքների  պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նա պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

4. Պետությունն ապահովում է Մարդու իրավունքների  պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը:

5. Մարդու իրավունքների  պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, Արցախի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:

6. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության այլ երաշխիքները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ 10

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԸ

 

Հոդված 159.

Հաշվեքննիչ պալատի գործառույթները և լիազորությունները

 

1. Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ: Հաշվեքննիչ պալատն իրավաբանական անձանց մոտ ստուգումներ կատարելու իրավունք ունի միայն օրենքով սահմանված դեպքերում:

2. Հաշվեքննիչ պալատը գործում է իր հաստատած գործունեության ծրագրի հիման վրա:

3. Հաշվեքննիչ պալատն Ազգային ժողով է ներկայացնում՝

1) տարեկան հաղորդում իր գործունեության վերաբերյալ.

2) պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը.

3) օրենքով սահմանված դեպքերում` ընթացիկ եզրակացություններ:

4. Հաշվեքննիչ պալատի լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 160.

Հաշվեքննիչ պալատի կազմը և կազմավորման կարգը

 

1. Հաշվեքննիչ պալատը կազմված է հինգ անդամից:

2. Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ՝ պալատի նախագահ:

3. Հաշվեքննիչ պալատի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք: Հաշվեքննիչ պալատի անդամների նկատմամբ օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:

4. Հաշվեքննիչ պալատի անդամների վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրանց համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

5. Հաշվեքննիչ պալատի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

 

Գ Լ ՈՒ Խ 11

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ

 

Հոդված 161.

Սահմանադրության ընդունումը և փոփոխությունը

 

  1. Նոր Սահմանադրություն կարող է ընդունվել միայն հանրաքվեի միջոցով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ:
  2. Սահմանադրությունը կարող է փոփոխվել կամ լրացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ, բացառությամբ Սահմանադրության 1-4-րդ, 6-րդ, 161-րդ և 173-րդ հոդվածների:
  3. Հանրաքվեն նշանակվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

 

Հոդված 162. Օրենքների և այլ հարցերի վերաբերյալ հանրաքվե անցկացնելը

 

Օրենքները, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերը հանրաքվեի են դրվում Հանրաքվեի մասին օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

Հոդված 163.

Հանրաքվե անցկացնելու արգելքը

 

Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:

 

Գ Լ ՈՒ Խ 12

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 164. Սահմանադրության առանձին գլուխների ուժի մեջ մտնելը

 

  1. Սահմանադրության 1-3-րդ և 12-րդ գլուխները ուժի մեջ են մտնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» Սահմանադրության փոփոխությունները հրապարակվելու օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սահմանադրության 4-11-րդ գլուխները, բացառությամբ 93-րդ հոդվածի 10-րդ կետի, ուժի մեջ են մտնում 166-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի  լիազորությունների ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2006 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթները: 2006 թվականի Սահմանադրության 104-րդ հոդվածը շարունակում է գործել մինչև Սահմանադրության      170-րդ հոդվածով սահմանված ժամկետը:
  3. Սահմանադրության 93-րդ հոդվածի  10-րդ կետում ամրագրված դրույթը և 96-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում Սահմանադրության 88-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի լիազորությունների ստանձնման օրը:

 

Հոդված 165. Օրենքների համապատասխանեցումը Սահմանադրությանը

 

1.Ազգային ժողովը Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում գործող օրենսդրությունը համապատասխանեցնում է Սահմանադրությանը:

2.Դատական օրենսգիրքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում մինչև Ազգային ժողովի կողմից ընտրված Հանրապետության նախագահի  լիազորությունների ստանձնման օրը:

3.Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում ոչ ուշ, քան գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից 90 օր առաջ:

 

Հոդված 166. Հանրապետության նախագահի ընտրությունը

 

  1. Գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը Ազգային ժողովի խմբակցությունների առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
  2. Հանրապետության նախագահն իր լիազորությունները ստանձնում է գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտի օրը, Ազգային ժողովի հատուկ նիստում Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ:
  3. Ազգային ժողովի կողմից ընտրված Հանրապետության նախագահը իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված բոլոր լիազորությունները, բացառությամբ  93-րդ հոդվածի 10-րդ կետում  ամրագրվածի:

 

Հոդված 167 . Կառավարության լիազորությունների դադարումը

 

Ազգային ժողովի կողմից Սահմանադրության 166-րդ հոդվածին համապատասխան Հանրապետության նախագահի ընտրությունից հետո կառավարությունը հրաժարական է ներկայացնում, իսկ նոր կառավարությունը կազմավորվում է Սահմանադրության 103-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 168. Գլխավոր դատախազի և Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնավարումը

 

Գլխավոր դատախազը և Հաշվեքննիչ պալատի նախագահը շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2006 թվականի Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

 

Հոդված 169. Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրություն չանցկացնելը

Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի մանդատի թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություն չի անցկացվում:

 

Հոդված 170.

Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումը

 

  1. Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության 143-րդ հոդվածին համապատասխան, կազմավորվում է Դատական օրենսգրքի համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հանրապետության նախագահի լիազորությունների ստանձնումից հետո երեք ամսվա ընթացքում:
  2. Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման օրը:

 

Հոդված 171.

Տարածքային քաղաքականության իրագործումը և համայնքների խոշորացումը

 

1. Մինչև համայնքների խոշորացման իրականացումը գործում է  2006 թվականի Սահմանադրության 104-րդ հոդվածը:

2. Համայնքների խոշորացումը պետք է իրականացվի Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան հինգ տարում:

 

 

Հոդված 172.

Համայնքի ավագանու անդամների և համայնքի ղեկավարի

պաշտոնավարումը

 

Մինչև Սահմանադրության 8-րդ գլխի ուժի մեջ մտնելը ընտրված համայնքի ավագանու անդամները և համայնքի ղեկավարը շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2006 թվականի Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 150-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանված դրույթը տարածվում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

 

Հոդված 173. Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները

 

Արցախի Հանրապետության հանրային իշխանությունն իրականացվում է այն ողջ տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter