ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ |
18.11.2016 10:49 |
ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը վերջերս հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը: Նախագծի դրույթները հանրությանը ներկայացնելու, կարծիքներ և առաջարկություններ լսելու նպատակով քննարկումներ են ընթանում ԼՂՀ բոլոր շրջաններում և մեծ համայնքներում: Նոյեմբերի 14-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները հանդիպումներ սկսեցին Ասկերանի շրջանում: Քննարկումների մեկնարկը տրվեց Պատարայի համայնքից, այնուհետև հանդիպումները շարունակվեցին Նորագյուղում, իսկ նոյեմբերի 15-ին`Շոշի և Ասկերանի համայնքներում: Խորհրդակցություններին մասնակցում էին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը: Նարինե Նարիմանյանը ներկաներին տեղեկացրեց, որ նախագիծը մշակվել է հանրապետության Նախագահի հավանությանն արժանացած հայեցակարգի շրջանակներում: Ապրիլյան իրադարձությունների պատճառով այս կարևոր գործընթացի համար նախանշված ժամկետը երկարաձգվել է, և այս երեք ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներից հետո արդյունքը ներկայացվում է հանրության դատին: Ներկայացնելով նախագծային փոփոխությունները`Ն.Նարիմանյանը նշեց, որ բոլորս էլ տեղյակ ենք, որ քաղաքական դաշտի ղեկավարները նախապատվությունը տալիս էին խորհրդարանական կառավարման մոդելին, քանի որ մեկ տարի առաջ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների արդյունքում այդ ձևն է հավանության արժանացել: Սակայն մեր հանրապետությունում իրադարձություններն ու կյանքի նոր հրամայականները հուշեցին, որ հասարակության մեջ գերակայում է կենտրոնաձիգ իշխանություն ունենալու գաղափարը: Մայր օրենքը կոչվելու է Արցախի հանրապետության սահմանադրություն, սակայն Լեռնային Ղարաբաղ անվանումից չենք հրաժարվում, այդ անվանումները նույնական են: ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահը ներկայացրեց նախագծի կառուցվածքը, նախկինի պես այն ևս բաղկացած է 12 գլխից: Խոսելով հանրային քննարկումների կարևորության մասին` հանձնաժողովի անդամները նշեցին, որ դա քարոզչություն չէ, այլ հանրության կարծիքները, առաջարկությունները, դիտողությունները լսելու փորձ: Հանդիպումների ընթացքում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները պատասխանեցին հուզող հարցերին և տվեցին պարզաբանումներ: Հնչեցված հարցերը կապված էին Նախագահի անձեռնմխելիության բնույթին, համայնքային ընտրություններին և քաղաքացիության մասին օրենքին, ինչպես նաև հասարակությանը մտահոգում էր գյուղերի վերացման վտանգը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|