ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԸ ԿԴԱՌՆԱՐ 20 ՏԱՐԵԿԱՆ |
18.11.2016 11:04 |
Նոյեմբերի 16-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ նվիրված Արցախի հերոս, <<Ոսկե Արծիվ>> շքանշանակակիր Ռոբերտ Աբաջյանի 20-ամյակին: Այն կազմակերպել էր դպրոցի ՄՊ կազմակերպիչ Գայանե Հայրիյանը: Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, բաժինների վարիչներ, Ն զորամասի զինծառայողներ, ուսուցիչներ և դպրոցականներ: Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին քառօրյա պատերազմում զոհված տղաների հիշատակը: Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ Գ.Հայրիյանը. -Մայիսի 8-ին հայկական զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ Արցախի հերոսի կոչում շնորհվեց կրտսեր սերժանտի: Այդ կրտսեր սերժանտը 19-ամյա Ռոբերտ Աբաջյանն էր: Նա դարձավ թվով 24-րդը, ով արժանացավ բարձրագույն կոչմանը, ինչպես նաև տվյալ տիտղոսի ամենաերիտասարդ կրողը: Տա աստված, մեր հերոսները բարձրագույն կոչումների արժանանան կենդանության օրոք և Արցախ աշխարհում հարատև խաղաղություն հաստատվի: Դահլիճում քար լռություն էր… Մեծադիր նկարից ներկաներին իր պայծառ և երկնագույն աչքերն էր ուղղել 19-ամյա հերոսը: Նրա աչքերում խաղաղություն և այնքա~ն բարություն կար, իսկ խորաթափանց հայացքում` այնքա~ն չասված խոսքեր, անկատար երազանքներ… Դպրոցականները ներկայացրեցին հերոսի կյանքը: Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը ծնվել է 1996 թվականին նոյեմբերի 16-ին, Երևանում քաղաքում: 2003 թվականին ընդունվել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոցը, որն ավարտել է 2012 թվականին: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ: Քոլեջն ավարտել է 2014 թվականին և ստացել ատամնատեխնիկի որակավորում: 2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական կենտրոն: Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014 թվականին: Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են սկսում: Սկզբնապես հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցնում են գրոհի: Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված լինելով նաև փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը: Վաշտի հրամանատար, ՀՀ ԶՈՒ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարությամբ, վեց հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության, երկու անգամ հաջողությամբ հետ են շպրտում թշնամու լայնածավալ հարձակումները` այդ ընթացքում խոցելով նաև թշնամու մեկ տանկ: Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին հետ է քաշվում և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը: Արկերից մեկի պայթունից զոհվում են կապիտան Ուրֆանյանը և գնդացրորդ Սլոյանը: Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը: Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու: Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք: Աբաջյանը կողքին մնացած միակ ծառայակցի` Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դիրքային կացարան: Արյունահոսությունից մահանում է Զոհրաբյանը: Մարտական խորշում դիրքավորվելով` Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին: Նկատելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս գալիս և ասում, որ արդեն հանել է վերջին նռնակը ու պատրաստ սպասում է` հենց մոտենան, իր հետ միասին կպայթեցնի, բայց չի հանձնվի: Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին`Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է: Նա իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի: Իր անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը փրկեց թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին: Ապրիլի 11-ին զինվորական կարգով Ռոբերտ Աբաջյանին հողին հանձնեցին <<Եռաբլուր>> զինվորական պանթեոնում: Դպրոցականների ասմունքն առլեցուն էր վրեժով, քաջությամբ: Նրանք երդվում էին Արցախը չտալ ոչ ոքի, իսկ թշնամին պիտի իմանա, որ իր դեմ միշտ կանգնած է քաջ տղաների մի անպարտ բանակ: Նա պատրաստ է արժանի հարված տալ այն հողի համար, որն ունի իր օրինական տերը: Աշակերտները գլուխ էին խոնարհում հերոս տղաների հիշատակի առջև և համոզմունք հայտնում, որ իրենք են լինելու նրանց կիսատ գործի շարունակողը: Ն զորամասի զինվոր Էդուարդ Ավդալյանը նվագեց կիթառի վրա և երգերի իր կատարումները նվիրեց հերոսի հիշատակին: Նրա սրտաբուխ ելույթները հպարտությամբ էին համեմված, իսկ խրոխտ ձայնը մի առանձնահատուկ վստահություն էր հաղորդում դահլիճին: Հիրավի, մեծ է հայոց բանակի և հայ զինվորի դերը հայրենիքի սահմանների անխախտ պահպանման գործում: Կապիտան Արմենակ Ուրֆանյանը, ժամկետային զինծառայողներ Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը Մարտակերտի փրկիչներն են, հերոսները: Այդպես են անվանում նրանց զինծառայակից ընկերները: Ծառայության 15 ամիս, ընդամենը 19 տարեկան: Սա Ռոբերտի պատմությունն էր: Իսկ Ռոբերտը 100-ից մեկն էր, այն 100-ից, ովքեր հերոսացան իրենց կյանքի գնով… Հարկ է շեշտել, որ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում բարձր հիմքերի վրա է ռազմահայրենասիրական դաստիարակությունը, աշակերտների մոտ ձևավորված են բարձր արժեքներ: Առհավատչյան, օրվա իմաստալից միջոցառումն էր… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |