Գյուղիս տոնը. ԽՆԱԾԱԽ |
08.02.2012 00:55 |
Հոկտեմբերի 9-ին խնածախցիները հավաքվել էին մի յուրահատուկ տոնի: Տոնը վերտառել էին ՙԳյուղի օր՚: Խնածախը երբեք այդքան զուգսեր չէր հագել, ժողովուրդը երբեք այդքան խանդավառված չէր եղել: Այսօրվա ծաղկող Խնածախը բոլորի աչքերի մեջ էր, բոլորի հոգում, բոլորի սրտում… Տոնը բոլորինն էր, թե' զառամյալ ծերունունը, թե' օրվա ծնված մանուկինը… Երգը, ծիծաղը, ուրախության արցունքները խառնվել էին իրար: Տոն էր, արցախյան գյուղի համ ու հոտով, ազգասիրական վեհ գաղափարներով տոգորված, ծննդավայրի փառաբանմանն ու անմնացորդ մայր հողին նվիրվելու բաց դաս… Խնածախը ծննդավայր է, հայրենիք է, հենց այն է, որ մենք տեսնում ենք, ուրիշը չի տեսնում: Հայրենի գյուղը հայրենիք է անկրկնելի, անզուգական, որի կորցնելուց հետո ոչինչ չենք ունենա կորցնելու ու տասնյակ խնածախցի քաջորդիներ իրենց մատաղ կյանքը տվեցին, որ գյուղիս փառքը միշտ անմահ մնա: Տոնը խնածախցիները սկսեցին հուշարձան կատարած այցով, քանզի յուրաքնչյուր ոք քաջ գիտակցում է, որ հայրենյաց պաշտպան լինելը, հայրենիքին ծառայելը, նրա խոնարհ ծառան ու հպարտ զինվոր լինելը գալիս է դարերի խորքից, իմաստ է ստանում հայրենիքի զավակների ազգասիրական կերպարով: Մեր հայրերը, եղբայրներն ու որդիներն այսօրվա խաղաղ կյանքի սերմնացաններն էին, որ չվերադարձան… Նրանք երկրիս դաշտերում, մեր հպարտ լեռների կրծքին շողշողան դարձան, ծաղիկներ դարձան, դարձան հրթիռներ` երկինք խոյացան ու այսօրվա մեր կապույտ երկնքում ծիածանվեցին: Այդպես էլ կյանքում նրանք ջահել մնացին, դարձան լույս ու արեւ, փառքի սերմնացան, մարմարե կոթող, աղբյուր - հուշարձան… Տոնին ներկա էին հարեւան համայնքների ներկայացուցիչներ, ստեփանակերտցիներ, ովքեր այս անգամ արդեն իրենք էին եկել մասնակցելու գյուղական համայնքի մեծ տոնին: Տոնին ներկա էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սլավիկ Առուշանյանը: Նրա ելույթը շատ սրտառուչ էր, հավաքական կամքի արտահայտման, միասնության, հողին անսահման նվիրվելու յուրօրինակ կոչ: Ելույթի վերջում պարոն Առուշանյանը շնորհավորեց նորընտիր ավագանու անդամներին եւ նրանց հանձնեց ավագանու անդամների վկայականները: Հանդիսավոր միջոցառման ժամանակ համայնքի ղեկավար պարոն Նիկողոսյանը ժողովրդին ներկայացրեց գյուղի անցյալը, ներկան, ձեռք բերած հաջողությունները եւ ապագայի ծրագրերը: Ելույթը շատ հետաքրքիր էր, հուզիչ ու պարտավորեցնող: Անգնահատելի է համայնքի ղեկավարի դերը շեն գյուղ ունենալու գործում եւ պատահական չէ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, երկրին մատուցած ծառայությունների համար ԼՂՀ Նախագահի հրամանագրով Խնածախի համայնքի ղեկավար Մհեր Նիկողոսյանը պարգեւատրվել է ՙԵրախտագիտություն՚ մեդալով: Խնածախցիները լավ են հիշում եւ բարձր են գնահատում այն մարդկանց ավանդը, ովքեր կատարել են ամեն հնարավորը Խնածախ գյուղը կանգուն պահելու համար: Լենսեր Պետրոսյան խնածախցին, ղեկավարը հպարտությամբ եւ մեծ խանդավառությամբ էր եկել տոնին: Չէ՞ որ ինքը շատ բան տվեց հայրենի գյուղին, Արցախ երկրիս… Բանասիրական գիտությունների դոկտոր - պրոֆեսոր Առաքել Առաքելյանի, Սմբատ Ավագյանի, Մակար Բարխուդարյան խնածախցի մեծ գիտնականների շարքը եկավ լրացնելու որդին` արցախցուն շատ հարազատ մարդ, պատմաբան Համլետ Պետրոսյանը: Յուրաքանչյուր երկիր հաղթանակի եւ պարտության հարցը որոշվում է ոչ այնքան ռազմի դաշտում, որքան ազգային դպրոցում, ազգային կրթական համակարգում… Խնածախը կանգուն է իր դպրոցով, իր հրաշագեղ մանուկներով, իր ուսանողներով… Գյուղի ուսանողների անունից շնորհավորանքի խոսք ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ Հարութ Ծատրյանը: Տոնի տերերը, տոնին առանձնակի շուք հաղորդողները դպրոցականներն էին: Դպրոցը մի առանձին պատասխանատվութ-յամբ էր նախապատրաստվել տոնին: Դա զուգակցվում էր ամեն քայլափոխի, ամեն ձեռնարկված միջոցառման ժամանակ: Չէ՞ որ հանրահայտ փաստ է` որտեղ հզոր դպրոց, այնտեղ հզոր համայնք: Դպրոցականների պատրաստած գրական-գեղարվեստական կոմպոզիցիան ՙԻմ գյուղ Խնածախ՚ վերտառությամբ, արժանացավ ներկաների բուռն ծափահարությանը: Տոնի ժամանակ համայնքի ղեկավարի որոշմամբ գյուղի օրվա կապակցությամբ եւ մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած ավանդի համար գյուղի դպրոցի մի շարք ուսուցիչներ պարգեւատրվեցին պատվոգրերով: Պարգեւատրվեցին նաեւ տասնյակից ավելի բնակիչներ` գյուղում իրականացվող հասարակական հանրօգուտ աշխատանքներին ակտիվ մասնակցության համար: Ներկաների մեծ հավանությանն արժանացավ, երբ համայնքի ղեկավարը հայտարարեց, որ մրցանակներ, հատուկ վկայականներ կան ՙԼավագույն սկեսուր՚, ՙԼավագույն հարս՚, ՙԼավագույն զոքանչ՚ անվանակարգերով: Այդ ամենն անակնկալ էր, հաճելի անակնկալ: Ներկաները բուռն ծափերով դիմավորեցին լավագույն սկեսուր` Արմելա Բարխուդարյանին, լավագույն հարս` Լիլիթ Միրզոյանին, լավագույն զոքանչ` Կարինե Բաբայանին: Տոնին առանձին շուք տվեց շրջանային ՙԲերդ՚ համույթի ելույթը: Ազգային երգը, պարը եկավ լրացնելու բազմերանգ խճանկարը: Ժողովրդին ուրախացնելու էին եկել նաեւ պատանի հեծյալները, իրենց զարդարված իշուկներով, թատերական կեցվածքով: Տոնը շարունակվեց մինչեւ ուշ երեկո` ամենուր տոնական սեղաններ էին` ծանրաբեռնված աշնան բերք ու բարիքով: Երկինք սլացող եռագույն փուչիկներ, ժողովրդական երգ ու պար, ազգային մոռացվող խաղերի վերածնունդ… Սպորտային միջոցառումները, խմբերով շրջայցերը մի առանձին տոնականություն էին հաղորդում գյուղին… Կամաց-կամաց իջավ գյուղի երեկոն: Աստղազարդ երկինքն ասես գյուղի հարյուրավոր լապտերների արտացոլանքն էր: Քեզ խաղաղ քուն ու նոր բացվող ծիածանվող առավոտ մաղթենք, հավերժ կանգուն մնաս հարազատ գյուղս, ազատ Արցախիս ծաղկող համայնք` Խնածախ… Գյուլչորա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |