ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ ԿՇԵՆԱՑՆԵՆՔ ՀԱՄԱՅՆՔԸ |
28.12.2016 11:49 |
Ինչպես Ասկերանի շրջանի բոլոր գյուղերը, Աստղաշենը նույնպես ունի իր ուրույն դերն ու նշանակությունը: Առանձնապես այն երևաց Արցախյան ազատամարտի տարիներին, երբ յուրաքանչյուր աստղաշենցու համար գերխնդիր էր դարձել հայրենիքի անվտանգությունն ու պահպանումը: Համարձակ աստղաշենցին անդամագրվեց Ղարաբաղյան շարժմանը, զենք վերցրեց և պաշտպանեց հայրենի հողը: Պատերազմական դժվար տարիներին Աստղաշենն իր հյուրընկալ գիրկն առավ տունուտեղ թողած շատ ու շատ ընտանիքների: Ջերմությամբ, բարությամբ և ուշադրությամբ շրջապատեցին եկվորներին: Ամիսներ շարունակ ապրելով այստեղ` ժամանակավոր ապաստան գտած մարդիկ չզգացին ոչնչի կարիք: Առայսօր շարունակվում են ջերմ կապերն Աստղաշենի և մեր շրջանի այլ բնակավայրերի միջև:Արցախյան պատերազմի տարիներին 14 երիտասարդներ իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Հայրենիքի` դառնալով Աստղաշենի հավերժ փայլփլող աստղեր: Ապրիլյան պատերազմի օրերին Աստղաշենի նորօրյա սերունդն իր նախնիներին հավատարիմ` անվարան մեկնեց առաջապահ դիրքեր և անմնացորդ կատարեց իր առջև դրված պարտականությունը: Այսօր համայնքն ունի 140 տնային տնտեսություն: Գյուղն ապահովված է բնական գազով, ջրով, հեռախոսակապով, հասանելի է նաև ինտերնետ կապը։ Համայնքն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, արվեստի դպրոց։ Աստղաշենցիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ և մեղվաբուծությամբ: Հիրավի, աստղաշենցիները նվիրված են հարազատ գյուղին: Նրանք ապրում են գյուղի դարդ ու ցավերով, հաջողություններով ու ձեռքբերումներով: Այստեղ կա միասնություն և հարազատ գյուղը միշտ բարգավաճ տեսնելու մեծ բաղձանք: Համայնքը ղեկավարում է տակավին երիտասարդ, սակայն իր գործի գիտակ և աշխատելու էներգիայով լեցուն Զորիկ Վովայի Ղազարյանը: Իմանալու, թե ինչպես է ընթանում կյանքն Աստղաշենում, փոքրիկ հարցազրույց ունեցա համայնքի ղեկավարի հետ: -Պարոն Ղազարյան, մեկ տարուց ավելի է, ինչ ժողովրդի կողմից ընտրվել և ղեկավարում եք համայնքը: Ի՞նչ է արվել այդ ժամանակահատվածում: -Ասեմ, որ այս ժամանակահատվածում կատարվել են տարբեր բնույթի աշխատանքներ, որոնք հիմնականում իրականացվել են համագյուղացի բարերար Վիլհելմ Կարապետյանի աջակցությամբ: Գրեթե բոլոր համագյուղացիների օգնությամբ համայնքում կատարվել են միջհամայնքային ճանապարհների բարեկագում: 2015 թվականի վերջին Վիլհելմ Կարապետյանի կողմից բավականին մեծ ներդրումներ են կատարվել գյուղում: Սոցիալական տարբեր խավերին կարգվող 53 ընտանիքներ ստացել են դրամական օգնություն: Ինչպես նաև 2015 և 2016թթ. գյուղում ծնված 17 երեխայի տրվել է 1000-ական ԱՄՆ դոլար նվիրատվու-թյուն: Բարերարի միջամտությամբ 2015թ. դեկտեմբերին համայնքի յուրաքանչյուր ընտանիքի տրվել է 7-ական (միջինը) խնայողական և թանկարժեք ԼԵԴ ֆիրմայի էլեկտրոլամպեր: Պարբերաբար գյուղում կազմակերպվում են շաբաթօրյակներ` խմելու ջրի ջրամբարների, աղբյուրների, գերեզմանատան և գյուղի ընդհանուր տարածքի սանմաքրման ու բարեկարգման համար: Տոն և հիշարժան օրերին կազմակերպվել են տոնական միջոցառումներ, ինչին մեծ ակտիվությամբ է մասնակցել գյուղի հասարակությունը` առանձնապես երիտասարդ սերունդը: -Ինչո՞վ է զբաղվում աստղաշենցին: -Համայնքի բնակիչների մեծ մասը ներգրավված են գյուղատնտեսական տաբեր ճյուղերի մեջ, հիմնականում զբաղվում են երկրագործությամբ, քանի որ վերջին տարիներին կապված տարբեր համաճարակների հետ նվազել է անասնապահությամբ զբաղվողների թիվը: Բնակչության մի մասը ծառայում է ՊԲ տարբեր զորամասերում: Գյուղում գործում է նաև միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 67 աշակերտ, մշակույթի տուն, գրադարան, արվեստի դպրոց, բուժսպասարկման կետ: Աշխատողները հիմնականում աստղաշենցիներ են: -Մատաղ սերունդը ներքաշված է արդյոք համայնքի կյանքին: - Պետք է փաստեմ, որ համագործակցում ենք Ժան Անդրյանի անվան միջնակարգ և գյուղում գործող արվեստի դպրոցների հետ: Այդ համագործակցության արդյունքում համայնքում արձանագրվում են առաջխաղացումներ: Ուզում եմ շեշտել, որ թե՛ գործով և թե՛ խորհուրդներով մեր աշխատանքներին մշտապես աջակցում է դպրոցի տնօրեն Սլավա Գրիգորյանը: Ուրախալի է տեսնել, թե ինչպիսի ոգևորությամբ և պատասխանատվությամբ են դպրոցականները մասնակցում համայնքային հասարակական աշխատանքներին և ցանկացած միջոցառման: Ասել է թե, մեր ապագան հուսալի ձեռքերում է: - Ի՞նչ կասեք գյուղի փողոցների բարեկարգման վիճակի, ջրամատակա-րարման խնդրի վերաբերյալ: Ապահով-ված է արդյոք բնակչությունը խմելու և ոռոգման ջրով ու, ինչպիսի՞ ծրագրեր ունեք կապված ապագայի հետ: -Գյուղում արդեն սկսված են միջհամայնքային փողոցների բարեկարգման աշխատանքները, մեկ տարվա ժամանակահատվածում գյուղում կրաքարային տուֆով սալիկապատվել է մոտ 300 մետր երկարությամբ ճանապարհ, որի մի մասը դեպի գերեզմանատուն տանող ճանապարհներն են, իսկ մյուսը՝ գյուղի մուտքային ճանապարհները: Նախորդ տարիներին նույնպես բարեկարգվել են 100-ավոր մետր ճանապարհներ, ինչպես նաև բարելավվել և ավելացել են փողոցային լուսատուների որակը և քանակը: Այդ գործընթացը շարունակ-վելու է: Խմելու ջրի հարցը բավականին լուրջ և արդիական հարց է գյուղացու համար: Ամառային ամիսներին հիմնականում սրվում է այդ խնդիրը: Խմելու և ոռոգման ջրով գյուղացին ապահովված չէ: Իմ առջև դրված են բազմաթիվ ծրագրեր, սակայն ամենա-կարևորը մանկապարտեզի խնդիրն է: Ցավոք, առայսօր գյուղում մանկապար-տեզ չի գործում: Ակնկալում եմ, որ այս հարցը պետք է անպայման լուծվի: -Կատարվում են արդյոք գյուղում բարեգործական աշխատանքներ: -Ինչ խոսք, կատարվել, կատարվում և վստահ եմ, որ դեռ կշարունակվեն գյուղում բարեգործական աշխատանքները: Ցանկանում եմ շեշտել, որ վերոնշյալ բոլոր միջոցառումների իրագործման համար, ինչպես նաև գյուղում արվեստի դպրոցի բացման, մանկական խաղահրապարակի կառուցման հարցերում պետք է մեր երախտապարտության խոսքը հղենք համագյուղացի Վիլհելմ Կարապետյանին, ինչպես նաև Արմեն Ղահրամանյանը, ում շնորհիվ գյուղում 2009 թվականին բացվել է Արցախյան ազատամարտում զոհվածներին հիշատակին նվիրված հուշարձան: Հպարտությամբ եմ ավելացնում, որ վերջին տարիներին գյուղում կատարվող բարեկարգման աշխատանքներին յուրաքանչյուր աստղաշենցի իր ներդրումն է ունեցել: Ի սրտե կատարված ամեն մի աշխատանք ես բարեգործություն եմ համարում: Աստղաշենցիներս միահամուռ ենք և միասնական: Մեր նպատակն է հարազատ համայնքը դարձնել ծաղկուն և բարգավաճ: -Որպես երիտասարդ ղեկավար պատրա՞ստ եք լծվել դժվարին ու պատասխանատու աշխատանքներին և ի՞նչ կմաղթեիք աստղաշենցիներին գալիք՝ 2017 թվականին: -Ընտրված առաջին իսկ օրից ես պատրաստ եմ և անում եմ ամեն ինչ, որպեսզի հնարավորին չափով բարե-լավվի համայնքը և յուրաքանչյուր աստղաշենցու կյանքը համայնքում լինի բարելավ և ապահով: Այս ոգով կշարու-նակեմ իմ գործունեությունը` առանձ-նապես, երբ զգում եմ, որ թիկունքում ունեմ աստղաշենցիների մեծ ուժը: 2017 թվականին համագյուղացիներիս և Արցախ աշխարհի ողջ բնակչությանը մաղթում եմ կայուն խաղաղություն, պողպատյա առողջություն և թող գալիք տարին հաջողությունների, նորանոր ձեռքբերումների և առատ բերքի տարի լինի: Թող մեզանից յուրաքանչյուրն ամուր կանգնի այս սուրբ հողին և անի ամեն մի հնարավորը, որպեսզի ծլի ու ծաղկի մեր հրաշք երկիրը: Դե ինչ, միանալով Աստղաշենի համայնքի ղեկավար Զորիկ Ղազարյանի բարեմաղթանքներին` հույս ենք հայտնում, որ երիտասարդ ղեկավարը կշարունակի նույն ոգով ու նվիրվածու-թյամբ աշխատել և համայնքում կարձա-նագրվեն նորանոր ձեռքբերումներ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|