ԹՈՂ ՁԵՐ ՀՈՒՅՍՆ ՈՒ ՀԱՎԱՏԸ ԵՐԲԵՔ ՉՄԱՐԻ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ՀԱՆԴԵՊ |
30.12.2016 17:31 |
2016թ. դեկտեմբերի 27 -ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր։ §Մայրություն¦ հասարակական կազմակերպության Ասկերանի շրջանի նախագահ, դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը շրջանի սահմանափակ կարողությունների տեր երեխաների համար կազմակերպեց Ամանորյա տոնական միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,§Մայրություն¦ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը։ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն օրհնեց սահմանափակ կարողություններով երեխաներին՝ նրանց հետ միասին արտասանելով տերունական աղոթքը։ Երեխաներին ու նրանց հարազատներին իր սրտի խոսքն ասաց Հ. Միքայելյանը՝ վստահեցնելով, որ սահմանափակ կարողություններով երեխաները մշտապես գտնվում են նրանց հոգածության ներքո։ Ապա տոնական համերգային ծրագրով երեխաներին ներկայացան դպրոցի աշակերտները։ Ձմեռ պապի այցը դահլիճ երեխաները մեծ ոգևորությամբ ընդունեցին։ Իսկ այս օրերի ամենասպասված հյուրը դատարկաձեռն չէր ներկայացել։ Մեր հոգածության ու աջակցության կարիքն անչափ զգացող երեխաները Ձմեռ պապիից նաև նվերներ ստացան։ Նշենք, որ միջոցառման կայացմանը մեծապես նպաստել է շրջվարչակազմի ղեկավար Ս. Գրիգորյանը։ Իսկ ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի աջակցությամբ Շուշիի տիկնիկային թատրոնը ներկայացավ տոնական ծրագրով՝ երեխաների օրը դարձնելով առավել հետաքրքիր ու բովանդակալից։ Նման միջոցառում կազմակերպելով Ա. Գյանջումյանը նպատակ է հետապնդել սահմանափակ կարողություններով երեխաներին հնարավորություն տալ մոտիկից շփվել միմյանց հետ, չհուսահատվել և վստահեցնել, որ նրանք մենակ չեն ու նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների դարում նրանց հնարավորություններն ավելի են ընդլայնվել՝ իրենց տեղը կյանքում գտնելու համար։ Անշուշտ, յուրաքանչյուրս Նոր տարվա շեմին երազանք ենք պահում, ու թող իրականան դրանք ու սահմանափակ կարողություններով երեխաներին երբեք չլքի հույսը, իսկ նրանց հարազատների ամուր կամքն ու վաղվա օրվա հանդեպ հույսն ու հավատը երբեք չմարի։ Վերջում փոքրիկների ծնողներն ու հարազատները շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին՝ իրենց երեխաներին ուշադրության կենտրոնում պահելու համար։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |