ՏՈՆԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ |
30.12.2016 17:39 |
Ահա եկավ Նոր տարին, ամենասպասված և ցանկալի տոներից մեկը, որին սրտատրոփ սպասում են աշխարհի ամեն մի անկյունում: Ամենուր պայծառ դեմքեր, ուրախություն և ջերմություն կարելի է տեսնել: Առանձնապես զվարթ տրամադրություն էր տիրում ՀԱԸ Ասկերանի մանկապարտեզում: Կրտսեր և միջին խմբերի սաները հավաքվել էին տոնածառի շուրջը և Ձմեռ պապիկի հետ նշում են սպասված տոնը: Ակնկալիքներով լեցուն երեխաների դեմքերը շողում ու փայլատակում էին ուրախությունից: Փոքրիկներին շնորհավորանքի և մաղթանքի խոսքեր հղեցին մանկապարտեզի տնօրեն Անահիտ Դանիելյանը, դաստիարակներն ու դայակները: Բոլորի ցանկությունները նույնն էին. նրանք մաղթում էին խաղաղություն, առողջություն և բարեհաջող տարի: Փոքրիկները հանդես եկան ասմունքով, երգեցին ու պարեցին: Իսկ հետաքրքիր բեմականացումը, որ ներկայացրեցին նրանք, իսկական զավեշտական մթնոլորտ ստեղծեց`դահլիճում առաջացնելով անզուսպ ծիծաղի ալիքներ: Երեխաներն ամանորյա նվերներ ստացան ՀԱԸ գրասենյակի, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից: Մանուկների բերկրանքն ավելի բազմապատկվեց, երբ նրանք նվերներ ստացան նաև մանկապարտեզի նախկին սան Կարեն Աղաջանյանի կողմից, ով գործարար Կարեն Աղաջանյանի թոռնիկն է: Տնօրեն Անահիտ Դանիելյանը երախտիքի խոսք հղելով բոլոր աջակցողներին` նշեց. -Մեր մանկապարտեզում միշտ էլ մեծ պատասխանատվությամբ են կազմակերպվում նման միջոցառումներ: Գնահատելի է այն, որ մանկապարտեզը միշտ էլ գտնվում է ուշադրության կենտրոնում, քանզի մատաղ սերունդը հենց այստեղ է ստանում իր առաջին հայեցի դաստիարակությունը: Ինչ խոսք, մեր դաստիարակներն անում են ամեն ինչ, որպեսզի մանուկներն ստանան այն ամենը, ինչ պետք է իսկական մարդ դառնալու համար: Իմ շնորհակալությունն եմ ասում բոլոր աջակցողներին, իսկ այսօրվա մեր ուրախությունն առավել էր ու հաճելի, քանզի մեր մանուկները նվերներ ստացան փոքրիկ <<բարեգործ>>, մեր նախկին սան Կարեն Աղաջանյանից: Թող այս Նոր տարին լինի մաքրության, խաղաղության և երջանկության տարի: Թող մեր մանուկները միշտ անմեղ, ուրախ և անհոգ լինեն: Հիրավի, օրը լեցուն էր խինդով, լույսով և մեծ հավատով: Այո’, մեծ է մեր հավատն ապագայի այս սերնդի հանդեպ: Հավատացած ենք, նրանք կլինեն մեր գործի շարունակողներն ու մեր պատիվը բարձր պահողները: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |