ԹՈՂ ԱՄԵՆՈՒՐ ԹԱԳԱՎՈՐԻ ՍԵՐՆ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
30.12.2016 17:52

 Կյանքը գեղեցիկ և երջանիկ է դառնում, երբ քո շրջապատում տեսնում ես բարի և սրտացավ մարդկանց: Չէ որ  լավ գործ կատարելով` դու երջանկացնում ես ինչպես դիմացինիդ, այնպես էլ ինքդ քեզ: Հիրավի, ճիշտ է ասված, որ մարդը պետք է սիրի մարդկանց և մտածի կատարել միմիայն բարի գործեր, քանզի բարությունը մեր կյանքի հավիտենական, վսեմ նպատակն է:

Գործարար Կարեն Ենոշի Աղաջանյանին ճանաչում են մեր շրջանում և շրջանից դուրս: 1998 թվականին, երբ նա տակավին երիտասարդ էր, սկսեց զբաղվել գործարարությամբ: Բանիմաց, նպատակասլաց և սկզբունքային երիտասարդին կարճ ժամանակահատվածում հաջողվեց հասնել իր նպատակներին: Միաժամանակ նա ստեղծեց իր գեղեցիկ ընտանիքը և իր նիստուկացով ու վարքագծով լրացրեց մեր հայկական հիանալի օջախների շարքը: Այսօր Կարեն Աղաջանյանն արդեն երեք թոռնիկների պապիկ և ամեն ինչի հետ մեկտեղ` նա շարունակում է ուրախանալ մանուկների հետ ու մտածում  նրանց ավելի մեծ խանդավառություն և բերկրանք պարգևելու մասին: Հենց այդ է պատճառը, որ Ամանորի նախաշեմին նրա իր անակնկալներով հաճելի տրամադրություն պարգևեց փոքրիկներին: Այցելելով Ասկերանի, Խնապատի, Իվանյանի, Հարավի և Խրամորթի մանկապարտեզները`գործարարն ամանորյա նվերներով ուրախացրեց  երեխաներին: Նույնպիսի առաքելությամբ նա ներկայացավ նաև Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց և նախադպրոցական խմբերի երեխաներին նույնպես նվերներ բաժանեց: Միայն այն, թե ինչպես էին մանուկները հրճվում այդ նվերներով, ինքնին երջանկացնում էր թե’ բարեգործին, և թե’ մեծահասակներին: Օրվա պահը մի փոքր ավելի լավը դարձնելու, խինդ ու ծիծաղ պարգևելու ազնիվ մղում ունեցող Կարեն Աղաջանյանին հաջողվեց հասնել իր նպատակներին: Նա իր բարի գործով կարողացավ ավելացնել երեխաների աչքերի փայլը:

Նշենք, որ գործարարի բարեգործություններն ուղղված են ոչ միայն մանուկներին: Նա իր ներդրումն է ունեցել նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Նրա կողմից դիրքեր են ուղարկվել մթերային ծանրոցներ, մսամթերք և զինվորների համար անհրաժեշտ պարագաներ: Հարկ է շեշտել, որ Կարեն Աղաջանյանն առանձնակի ուշադրություն է դարձնում սոցիալական խոցելի խավերին: Կարիքի մեջ հայտնված մարդկանց օգնության ձեռք մեկնելն արդեն նրա համար բարի սովորություն է դարձել:

<<Երբ բարիք ես գործում, ինքդ էլ զգում ես ինչ-որ բերկրալի բավականություն և, եթե մի փոքրիկ բանով կարող ես ուրախություն պատճառել որևէ մեկին, ինչու չանել դա: Մեր մանուկները այս երկրի պայծառ ապագան են, և կարծում եմ, որ բոլորս պետք է մի մարդու պես մտածենք նրանց բարեկեցության մասին ու աշխատենք միշտ ոգևորել ու խանդավառել նրանց:

Շուտով իր իրավունքների մեջ կմտնի 2017 թվականը: Ես ցանկանում եմ, որպեսզի այն լինի խաղաղության և հաջողությունների տարի: Թող բոլորի օջախներում միայն խինդ ու ծիծաղ հնչի, և ամենուր թագավորի սերն ու համերաշխությունը>>,-ասում է գործարար Կարեն Աղաջանյանը:

Հիրավի, մենք միայն ուրախություն և հպարտութություն ենք զգում, որ մեր շրջապատում կան Կարեն Աղաջանյանի նման բարեգործ մարդիկ:

Այո’, մենք պարտավոր ենք պահպանել այդ արժեքը: Այնպես անենք, որ բարեգործությունը դառնա յուրաքանչյուր առաքինի մարդու նորմալ կյանքի մի մասնիկը: Եվ այդ դեպքում մեր շրջապատում կտեսնենք շնորհակալ և երջանիկ դեմքեր, որոնք այնքա~ն պետք են մեր Արցախ աշխարհին: Գործենք արանց երկար ու բարակ մտածելու, լինենք բարի ու արժանապատիվ…

Կցանկանայի հոդվածս ավարտել Վիկտոր Հյուգոյի խոսքերով. <<Ուրիշին մեր պատճառած ուրախությունը գերում է նրանով, որ այն ոչ միայն չի գունազրկվում, ինչպես ամեն մի արտացոլք, այլև մեզ է վերադառնում է’լ ավելի պայծառացած>>:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter