ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԵՍ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
30.12.2016 17:54 |
Դեկտեմբերի 29-ին Ասկերանի քաղաքապետարանը համայնքի ամենակրտսեր բնակիչների համար ամանորյա տոնական միջոցառում էր կազմակերպել։ Քաղաքի նորակառույց պուրակը բազմամարդ էր, իսկ փոքրիկները հիացած թռչկոտում էին տոնական շքեղ տեսք ստացած տոնածառի շուրջը։ Միջոցառմանը ներկա էր հիմնարկ-ձեռնարկությունների, վարչակազմի աշխատակազմի բաժինների ղեկավարներ՝ շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, ասկերանցիներ։ Ասկերանցիներին ողջունեց ու տոնական հրաշալի տրամադրություն մաղթեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Գայանե Հայրիյանը։ Նա բոլորի անունից շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեց սահմանապահ զինվորներին՝ մաղթելով նրանց անփորձանք ու խաղաղ ծառայություն ու վերադարձ հարազատ օջախներ։ Փոքրիկների ուրախ ծափերի և կանչերի ներքո այցի եկավ Ձյունանուշը։ Նա գեղեցիկ երգով ու խինդով էր այցի եկել փոքրիկներին, որոնց հետ ուրախ շուրջպար բռնեց տոնածառի շուրջը։ Եվս մի քանի րոպե և ահա եկավ Ամանորի ամենասպասված հյուրը՝ Ձմեռ պապը։ Երեխաների ուրախությանը չափ չկար։ Մանկական անաղարտ հոգիներում ապրում է անչափ բարի ու անաչառ ծերուկ՝ ճերմակ բեղ ու մորուքով, որն իրականություն է դարձնելու նրանց ամենանվիրական երազանքները։ Փոքրիկներն արտասանեցին, երգեցին Ձմեռ պապիկի համար և արժանացան նվերների։ Նվերներ ստացան ասկերանցի բոլոր փոքրիկները, իսկ վերջում լուսանկարվեցին Ձմեռ պապիկի հետ։ Վերջում Գ. Հայրիյանը շնորհակալության և երախտագիտության խոսք ասաց վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին և քաղաքապետ Սամվել Աղաջանյանին՝ Ամանորյա հանդեսի կայացմանն աջակցելու և հովանավորելու համար։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |