ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԱՄԱՆՈՐԴ, ԶԻՆՎՈ՛Ր
30.12.2016 17:59

  Դեկտեմբերի 30-ին Ասկերանի շրջանի վարչակազմի  ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորած  պատվիրակությունը (բաժինների վարիչներ, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ազատամարտիկներ) շրջանի ԱԱՄ նախագահ Սամվել Աղաջանյանի և արհմիությունների նախագահ Գայանե Գաբրիելյանի մասնակցությամբ այցելեցին սահմանապահ դիրքեր։ Նման այցելությունները պարբերաբար են կատարվում շրջանում։ Այս այցելությունը խորհրդանշական է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին։ Քանզի յուրաքանչյուրս մեծ պարտք ունենք սահմանապահ զինվորի հանդեպ, ովքեր բազմաթիվ կիլոմետրեր հեռավորության վրա գտնվելով սեփական օջախներից՝ ապահովում են մեր հանգիստն ու խաղաղ առօրյան։

Զինվորները սպասված հյուրերին մեծ ոգևորությամբ ընդունեցին։ Ինչպես միշտ նրանց մարտական ոգին շատ բարձր էր ու անկոտրում, միշտ պատրաստ արժանի հակահարված տալու թշնամու ամեն տեսակի ոտնձգության։ Արցախի դարպասներն անառիկ պահող զինվորները վճռականորեն են տրամադրված Ամանորի ու հետագա բոլոր գիշերները հուսալիորեն պաշտպանելու Հայրենիքի սահմանների անառիկությունը։ Անկարելի էր չնկատել զինվորներից յուրաքանչյուրի նվիրվածությունն ու խորը հայրենասիրությունը։ Նրանք զինծառայությանը վերաբերվում են ոչ թե սոսկ պարտականության ու պարտադիր զինծառայության, այլև որպես պատիվ, որ ազգ ու Հայրենիք են պաշտպանում։ Շրջելով պաշտպանական տարբեր դիրքերում պատվիրակության անդամները մեկ անգամ ևս համոզվեցին, որ մեր զինվորներն ամեն վայրկյան սխրագործում են, քանզի դավադիր թշնամին մշտապես խախտում է ձեռք բերված հրադադարի ռեժիմը։

Սերգեյ Գրիգորյանը մեկ անգամ ևս կարևորելով զինվորների անձնվիրությունը՝ շնորհավորեց նրանց Ամանորի տոների առթիվ.

- Սիրելի զինվորնե՛ր, անփորձանք ծառայություն, անկոտրում մարտական ոգի ենք ձեզ մաղթում, իսկ ձեզ սպասողներին՝ հույս ու հավատ։ Իմացած եղեք, որ ամանորի գիշերը հայկական բոլոր օջախներում բաժակ է բարձրացվելու  նախ սահմանապահ զինվորի համար։ Թո՛ղ անցյալում մնան ապրիլյան պատերազմի դաժան օրերն ու այլևս չկրկնվեն։ Ամուր կամք քեզ հա՛յ զինվոր, հայ տղամարդուն վայել արժանապատվությամբ հաղթահարիր բոլոր դժվարություններն ու գերազանցապես կատարիր քո վեհ առաքելությունը։ Հավատացած եղեք, որ մենք միշտ ձեզ հետ ենք, ձեր կողքին,- ասաց Ս. Գրիգորյանը։

Ապա զինվորներից մեկի հետ զրույցի բռնվելով հարցրեց, արդյոք երիտասարդի սրտի մի անկյունում սիրած աղջկա սեր կա անթեղված։ Պատասխանը եղավ՝ Ոչ մի կերպ, նախ հայրենիքի պաշտպանություն ու սեր առ Հայրենիք, որին չպիտի խանգարի և ոչ մի բան։ Զորացրվելուց հետո միայն կմտածի անձնականի մասին։

Ասկերանի շրջանի ղեկավարությունը զինվորների համար ամանորյա ծանրոցներ էր պատարաստել, որոնք սիրով ու ջերմագին մաղթանքներով հանձնեցին հասցեատերերին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter