ԱՍՏԾՈ ՕՐՀՆԱՆՔԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ |
30.12.2016 18:20 |
Բերդ թերթի գլխավոր խմբագիր Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հարցազրույցը Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանի հետ - Արթուր սարկավագ, արդեն բավականին ժամանակ է, ինչ Ասկերանի շրջանի հոգևոր հովիվն եք։ Ինչպիսի՞ իրավիճակ է տիրում շրջանի հոգևոր կյանքում։ - Այո, արդեն երեք ամիս է, ինչ Ասկերանի շրջանի հոգևոր հովիվն եմ ու անկեղծ խոստովանեմ, շրջանի հոգևոր կյանքը բավականին լավ վիճակում է։ Դա նկատվում է նաև թե՛ շրջանի ղեկավար կազմի՝ հանձին շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի, ով պատրաստակամություն հայտնեց եկեղեցուն աջակցել ամեն մի հարցում, և՛ թե հասարակ ժողովրդի ջերմ ու անկեղծ ընդունելությամբ ու հավատքով դեպի եկեղեցին։ Դա ինձ համար ուրախալի ու նաև պարտավորեցնող է, որպեսզի կանողանամ ավելին լինեմ՝ նրանց հոգևոր կարիքները հոգալու հարցում։ - Առկա խնդիրների լուծման ճիշտ տարբերակը ո՞րն եք համարում։ - Ամեն ինչի հիմքում մարդկանց միջև բարիդրացիական հարաբերություններն են, ընդունենք միմյանց այնպիսին, ինչպիսին որ կանք։ Կարևորը մարդկային վերաբերմունք ցուցաբերելն է՝ դիմացինի արժանիքները գնահատելով։ Կարծում եմ, այդ մարդկային հարաբերություններն ու դիմացինին լսելու, հարգելու ընդունակություններն են յուրաքանչյուր խնդրի լուծման հիմքում ընկած։ Այսինքն, եթե կա առողջ մթնոլորտ, ապա ծագած կամ առկա խնդիրներն անպայման կլուծվեն։ -Իսկ անհատի ու պետության հարաբերություններում եկեղեցին անելիք ունի՞ կամ դա նրա խնդի՞րն է: - Անշուշտ, եկեղեցին ամեն տեղ անելիք ունի։ Չպետք է մոռանանք, որ մեր եկեղեցին բոլոր ժամանակներում կյանքի ու մահվան կռիվ է տվել երկիրն ու ազգը պահպանելու համար:Երբ Քրիստոս ուղարկեց իր աշակերտներին քրիստոնեություն քարոզելու, նա սահմաններ չդրեց, չգծեց։ Մի պարզ օրինակ բերեմ. երբ փարիսեցիները հարցրեցին Հիսուսին, թե հարկավո՞ր է Կայսրին տուրք տալ, Քրիստոս պատասխանեց, որ ցույց տան իրեն դրամը։ Ապա հարցրեց, թե ո՞ւմ պատկերն է այդ դրամի վրա։ Փարիսեցիները պատասխանեցին՝ Կայսեր։ Հիսուսն ասաց՝ այդ դեպքում տվեք Կայսրինը՝ Կայսրին, Աստծունը՝ Աստծուն։ Այսինքն, այն ինչ նյութական է պիտի տանք մարդկանց, այն ինչ հոգևոր է՝ Աստծուն։ Եկեղեցին՝ նրա սպասավորները հոգում են մարդու հոգու մաքրության կարիքները։ Այսօր ավելի քան երբևէ մեր եկեղեցին իր ժողովրդի հետ կանգնած է ամուր ու հաստատուն հողի վրա, զարդարուն Աստվածային շնորհներով: -Ո՞րն է դեպի Աստված տանող ամենակարճ ճանապարհը։ -Միանշանակ՝ սիրտը։Երբ մարդու սիրտը մաքուր է, դա է դեպի Աստված տանող ամենակարճ ճանապարհը։ Ու անկեղծ ասած՝ նաև ամենադժվարը։ Մաքուր սրտի, հոգու մեջ Աստված է բնակված ու այդ կապն արդեն անքակտելի է։ -Հնարավո՞ր է մարդ չհավատա Աստծուն, սակայն բարի լինի։ - Իհարկե հնարավոր է։ Մարդ գործում է իր խղճին համաձայն։ Նրա համար կարևոր է, որ ինքը տեսնի՝ նոր հավատա։ Սակայն նա կարող է լինել բարի, գործել իր խղճին համաձայն՝ կատարել բարի գործեր։ Չնայած այս տեսակետն այնքան էլ հիմնավորված չէ, սակայն մարդ հավատում է նրան, ինչ տեսնում է։ Առավել լավ կլիներ, եթե մարդ հավատար Աստծուն ու բարի գործեր կատարեր։ Չնայած այնքան էլ հավանական չէ, որ մարդ չհավատա Աստծուն, լինի բարի ու բարի գործեր կատարի։ - Արթուր սարկավագ, լինել հավատացյալ արդյո±ք նշանակում է մշտապես եկեղեցի հաճախել։ - Այո, ճշմարիտ հավատացյալն ընդունում է եկեղեցին այնպիսին ինչպիսին կա, նրա համար կարևոր չեն նրա խնդիրներն ու բացթողումները։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ Աստված է բնակվում, այսինքն՝ Աստծո տունն է։ Ու, բնականաբար, ճշմարիտ հավատացյալն անում է հնարավորիս, Աստծո տանը հաճախակի լինելու համար։ - Ասում են՝ նախ սահմաններդ ամրապնդիր, ապա նոր եկեղեցի կառուցիր, համաձա՞յն եք այս արտահայտության հետ։ - Միանշանակ համաձայն եմ։ Քանզի, եթե սահմանները թույլ լինեն, ինչքան էլ եկեղեցի կառուցես՝ գալու են ավերեն ու պղծեն։ Ամենառաջնահերթը՝ սահմանների անառիկությունն է։ Այս տարիների ընթացքում համոզվել ու շարունակում ենք համոզվել՝ ինչքան սահմաններն ամուր են, այնքան ժողովուրդը հանգիստ է ու իր գործերով է զբաղված։ - Արթուր սարկավագ, առջևում Ամանորի և Սուրբ ծննդյան տոներն են, ի՞նչ կմաղթեիք շրջանի բնակչությանն ու սահմանին կանգնած զինվորներին։ - Սահմանապահ զինվորներին մաղթում եմ Արցախյան ազատամարտի և ապրիլյան պատերազմի դեպքերի ժամանակ մեր հայրերի ու եղբայրների տոկունությունն ու աննկնությունը պահպանելով՝ անխախտ պահեն մեր Հայրենիքի՝ արյունով գծված սահմանները։ Չմոռանան Աստծուն դիմել, քանզի ինչպես մեր դարավոր պատմության ընթացքում բազմիցս է ապացուցվել՝ խաչը մեզ միշտ հաղթություն է պարգևել։ Երբ մեր մի ձեռքում խաչն է եղել, իսկ մյուսում՝ զենքը, պարտությունն անիմանալի բան է եղել։ Խաչի զորությանն ու մեր հավատքին ապավինելով բազում տարիներ կարողացել ենք պահպանել մեր էությունը, հայ լինելն ու Հայ Առաքելական եկեղեցին։ Եվ իզուր չէ, որ Վարդանանց պատերազմի հերոսները սրբադասվել են։ Նրանք հանուն Հայրենիքի ու հավատքի մարտնչեցին ու զոհվեցին՝ փրկելով երկիրը կրոնափոխությունից։ Ես մաղթում եմ Վարդանանց սրբերի, Սուրբ Սարգիս զորավորի և Սուրբ Գևորգ զորավորի բարեխոսությունները մեր զինվորների վրա լինեն, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց փառահեղ ճանապարհը։ Աստված նրանց առողջություն, ուժ, խաղաղություն ու անփորձանք ծառայություն պարգևի։ Շրջանի բնակչությանը կմաղթեի, որպեսզի մանուկ Քրիստոսի օրհնաբեր ճիչն ու լույսն ընդունեն իրենց սրտերում և իրենց տներում։ Որպեսզի Աստված բնակվի բոլորի սրտերում ու կարողանան շարունակել մեր այս կյանքի ճանապարհը՝ լույսը սփռելով։ Ու ինչպես արեգակի ճառագայթներն են մեկը մյուսին լրացնելով ջերմություն ու լույս տալիս այս շրջապատին, այնպես էլ մենք՝ մեկս մյուսին լույս տալով կարողանանք ապրել։ Նոր տարում ցանկանում եմ, որպեսզի բոլորը մոռանան ամեն տեսակի տարաձայնությունները, արարեն, աշխատեն բարի ու դրական մթնոլորտում, մարդկային հարաբերությունների մեջ լինեն ճշմարիտ ու չմոռանան եկեղեցին։ Եկեղեցի հաճախեն, Աստծո խոսքը լսեն ու ստանան նրա օրհնությունն ու ուղղակի շնորհակալություն հայտնեն Ամենաբարձրյալին՝ մեզ տված այս գեղեկից կյանքի համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ |