ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
30.12.2016 18:28

Մի քանի օրից Ամանորն է, որի հետ մենք նոր երազանքներ ենք կապում ու հոգու խորքում հավատում դրանց իրականացմանը…

Ամանորին մենք ամփոփում ենք անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները: 2016 թվականը հագեցած էր իրադարձություններով, որոնց մեջ ամենաուշագրավը, թերևս, հայկական երկու հանրապետությունների Անկախության հռչակման 25-ամյակներն էին։ Անցնող տարվա ապրիլին մենք մեկ անգամ ևս ցույց տվեցինք ամբողջ աշխարհին մեր միասնականությունն ու համախմբվածությունը, որոնց արդյունքում գրանցվեցին մեր հերթական հաղթանակները թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտության մեջ։

Անշուշտ շրջանի սոցիալ-տնտեսական կյանքում ևս առաջընթաց է արձանագրվել, նկատելի է բնակչության կենսամակարդակի բարձրացումը։ Առանձնապես շոշափելի է դրական տեղաշարժը շինարարության ոլորտում, որոնք իրականացվել են շրջանի տարբեր համայնքներում։

Անցնող տարում մեր համատեղ ուժերով ու համակարգված արդյունավետ գործունեության շնորհիվ կարողացանք կյանքի կոչել մի շարք ռազմավարական նշանակության ծրագրեր։ Ու համոզված եմ, որ այդ նույն նվիրվածությամբ ու վստահությամբ աշխատելու ենք գալիք ու հաջորդ բոլոր տարիներին՝ ի շահ հայոց պետականության էլ ավելի ամրապնդման ու մեր սքանչելի Հայրենիքի հզորացման ու բարգավաճման։

Եթե ընդգրկուն հայացքով գնահատենք անցնող տարին, ապա կարելի է նշել բարոյական այն առողջ մթնոլորտը, որն առկա է հանրության մեջ։ Դա մեծապես հանրապետության և շրջանի ղեկավարության հետևողական քաղաքականության արդյունք է, քանզի անհնար է հաջողությունների հասնել՝ առանց հասարակության մեջ փոխադարձ բարյացակամ մթնոլորտ ապահովելու։

2017 թվականը մեզ համար նույնպես լինելու է առանձնահատուկ, քանզի մայիսին լրանալու են Շուշիի ազատագրման և Արցախի փառապանծ բանակի կազմավորման 25-ամյակները։ Այս երկու հոբելյաններն, անշուշտ, նշելու ենք մեծ շուքով ու հանդիսավորությամբ, և պետք է տոնականորեն տրամադրվենք հենց տարեսկզբից։

Ջերմորեն եւ սրտանց շնորհավորում եմ մեր սահմանապահ զինվորներին Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ խաղաղ ծառայություն, արիություն ու քաջություն` դիմակայելու ամեն մի դժվարության: Հաղթանակները թող միշտ ոգեշնչեն մեր պահապան զինվորներին:

Թո°ղ մեր մարտունակ բանակն իր մարտական պատրաստությամբ ու պաշտպանունակությամբ էլ ավելի զորանա, նրա ամեն զինվորը դառնա Արցախ աշխարհի բերդ-լեռներից մեկը եւ սրբորեն պահպանի Հայրենի հողի խաղաղությունն ու անդորրը:

Թո°ղ 2017-ին ոչ ոք չզգա տխրություն ու միայնություն, ու ոչ մի երազանք անկատար չմնա…

Նոր տարին թող իր հետ երջանկություն, խաղաղություն, հաջողություն ու լույս բերի...

Շնորհավո°ր Ամանոր և Սուրբ ծնունդ։

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter