ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ |
10.01.2017 10:08 |
Հունվարի 5-ի երեկոյան Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցու ծիսակատար տեր Ներսես քահանա Ասրյանը մատուցեց Ճրագալույցի կամ Խթման սուրբ Պատարագ: Սուրբ Պատարագի ընթացքում հնչեց ավետիսը՝ ՙՔրիստոս ծնավ և հայտնեցավ՚: Պատարագից հետո պահքը լուծվում է, և սկսվում ուտիքի ու տոնակատարության շրջանը, որը տևում է մինչև հունվարի 13-ը: Այս բոլոր օրերին քրիստոնյաները միմյանց ողջունում են ՙՔրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ՚ ավետիսով, որի պատասխանն է՝ ՙՁեզ եւ մեզ մեծ աւետիս՚: Մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Սուրբ Ծննդյան գլխավոր տոնակատարությունը կատարվեց հունվարի 6-ին՝ սուրբ Պատարագի հանդիսավոր արարողությամբ ու Ջրօրհնյաց մեծաշուք հանդեսով: Ջրօրհնեքը նվիրված է Տիրոջ մկրտությանը և այդպիսով՝ ջրի սրբագործման մեծագույն խորհրդին: Հունվարի 6-ի առավոտյան Ներսես քահանա Ասրյանը մատուցեց տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվեց Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հորդանան գետում Քրիստոսի մկրտությանը: Խաչն իջեցվեց ջուրը և օրհնվեց, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն կաթեցրեց ջրի մեջ և օրհնեց այն: 2017թ. Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցու ջրօրհնեքի Խաչքավորը ազատամարտիկ, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանն է։ Ներսես քահանա Ասրյանը նորօծյալ խաչքավոր Սամվել Աղաջանյանին հանձնեց օրհնված խաչը: Ներկաներն աղոթք հղեցին առ Աստված Արցախ աշխարհի խաղաղության, հայոց բանակի և սահմանապահ զինվորի համար: Ընդունված կարգի համաձայն, ջրօրհնյաց խաչը քառասուն օր կգտնվի խաչքավորի տանը, այնուհետև այն կվերդարձվի եկեղեցուն: Վերջում ժողովուրդն այդ ջրից տուն տարավ՝ որպես օրհնություն: Ավանդության համաձայն ջուրը բուժիչ դեղ է հիվանդների համար: Սուրբ ծննդյան հաջորդ օրը հիշատակվում է որպես մեռելոց և Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան կարգ։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |