ՁԵԶ ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ |
10.01.2017 10:29 |
Հունվարի 9-ին մեկնարկեց ձմեռային առաջին զորակոչը: Ասկերանի զինկոմիսարիատի բակը մարդաշատ էր: 18 պատանի պատրաստվում էին համալրելու ԼՂՀ ՊԲ շարքերը: Օրվա խորհրդի ողջ լրջությունն ու իմաստը դրոշմվել էր յուրաքանչյուրի հայացքում: Նորակոչիկները հստակ գիտակցում էին, որ ծառայել Հայրենիքին, պաշտպանել նրա սահմանների անառիկությունը վեր է ամեն ինչից և յուրաքանչյուր հայորդու անթաքույց երազանքն է դա: Տղաների ականջներում դեռևս հնչում էին այն խրատներն ու խորհուրդները, որ տվել էին իրենց զինղեկները, ուսուցիչներն ու հարազատները: Իսկ նրանք սերմանել էին հայրենասիրություն, կարգապահություն և ընկերասիրություն: Ասկերանի զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանը ողջունելով ներկաներին և շնորհավորելով այս հիշարժան օրվա կապակցությամբ, միաժամանակ նշեց. -Մեր ժողովուրդը միշտ էլ գիտակցել է, թե ինչ է նշանակում Հայրենիքի պաշտպանությունը: Այդ է վկայում այն դժվարին և երկար ճանապարհը, որ անցել է հայ ժողովուրդը: Իսկ արցախցին իր ապուպապերի գործին հավատարիմ, շարունակել է պայքարել ու կերտել այսօրվա մեր չքնաղ երկիրը, որի տերն ու պահապանն այսօրվա երիտասարդ սերունդներն են: Համոզված ենք, որ այս տղաները պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրները և բարձր կպահեն իրենց հարազատների անունները: Զորակոչիկներին շնորհավորելու և բարի ճանապարհ մաղթելու էր եկել Արցախի ինքնապաշտպանության առաջին կազմակերպիչներից Սլավիկ Առուշանյանը. -Ձեզ բախտ է վիճակվել երկու տարի ծառայելու ԼՂՀ ՊԲ շարքերում և պաշտպանելու մեր Հայրենիքը` ձեր հայրերի, պապերի, զինվորների արյունով գծած սահմանները: Դուք հասունացել եք այնքան, որ պետությունը ձեզ է վստահում այս կարևոր գործում և պետք է շարունակեք մեր հերոսական բանակի բոլոր ավանդույթները: Պետք է լավ յուրացնեք զինվորի մասնագիտությունը, քանի-որ այժմ փոխվել են պատերազմը վարելու միջոցներն ու պայմանները: Լավ տիրապետեցեք զինվորի մասնագիտությանը, լսեցեք ձեր հրամանատարներին և մեկդ մյուսի նկատմամբ եղեք հարգալից: Համոզված եմ, որ երկու տարի անց կվերդառնաք լիովին հասունացած ու առնականացած և պատրաստ կլինեք շարունակեք ծառայել Հայրենիքին տարբեր ոլորտներում: Արցախյան պատերազմի ազատամարտիկ Վիգեն Գաբրիելյանի սրտի խոսքը լի էր վստահությամբ. <<Մենք այստեղ ենք , որպեսզի մեկ անգամ ևս հաստատենք, որ մեր կապը ՊԲ-ի հետ, ինչպես միշտ, եղել և լինելու է ամուր, շարունակելու ենք զարգացնել հասարակության կապն ու համագործակցությունը բանակի հետ: Մենք ապրում ենք բարդ և հակասություններով լի տարածաշրջանում, որտեղ խաչաձևվում են տարբեր հակամարտ երկրների նվաճողական ծրագրերն ու շահերը: Մեր պապերը դարերի ընթացքում պահել ու պահպանել են այս երկրամասերը և մեզ են փոխանցել այդ սրբազան պարտականությունները: Եվ այսօրվա կարևոր խնդիրն այն է, որ անցյալից դասեր քաղենք և այնպես անենք, որպեսզի հասարակությունը դառնա բանակի հոգևոր դաստիարակը, հոգևոր սնունդ մատուցողը: Հետևաբար, պետք է ապրել, ծառայել ու գործել համերաշխության, օրինապահության մթնոլորտում: Իսկ մեր հայրենասիրական պարքն է ամուր կանգնել թիկունքում և համագործակցության շրջանակներում զինծառայողներին ուսուցանել Արցախյան շարժման լավագույն գաղափարներն ու ավանդույթները: Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանը օրհնելով նորակոչիկների ճանապարհը և նրանց բարի ծառայություն ու վերադարձ մաղթելով` հորդորեց նրանց երբեք չմոռանալ Աստծուն, քանզի դարեր ի վեր խաչը մեզ հաղթություն է պարգևել: Հոգևոր հովիվը նորաթուխ այս զորակոչիկներին և բոլոր զինծառայողներին մաղթեց անփորձանք ծառայություն, մեծ ուժ, ամուր կամք և հավատ առ Աստված: Միջոցառումն ուղղորդվեց Ասկերանի <<Բերդ>> համույթի երգ ու նվագով, ինչն ավելի բարձր ու տոնական տրամադրություն հաղորդեց ներկաներին և բոլորին համակեց ակնհայտ լավատեսությամբ ու հպարտությամբ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |