ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՊԱՏԱՐԱ
17.01.2017 18:27

   Հունվարի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելեց Ասկերանի շրջանի Պատարա գյուղ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում շրջանի վարչակազմի և համայնքների պատասխանատուների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ՝  վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ, պատարեցիներ։ Ողջունելով ներկաներին՝ Բակո Սահակյանը կարևորեց նման ձևաչափի հանդիպումները, դրանց ընթացքում քննարկված սոցիալ-տնտեսական հարցերը ընթացքավորելու և դրական լուծում տալու համար։

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկվար Սերգեյ Գրիգորյանը ներկայացրեց 2016 թվականին շրջանում կատարված աշխատանքների միասին ամփոփ տեղեկություններ։

2016 թվականը շրջանի համար բարենպաստ տարի էր, չհաշված ապրիլյան դեպքերը։ Հայրենիքի համար օրհասական պահին ասկերանցիները համախմբված և միասնական կանգնել են սահմանապահ զինվորների կողքին` օգնել և աջակցել բոլոր հարցերում։ Ինչպես նշեց Ս. Գրիգորյանը 2016 թվականին իրական ձեռքբերումներ են գրանցվել գյուղատնտեսության ոլորտում։ Հաշվետու ժամանակաշրջանում շրջանում առատ բերք է գրանցվել։ Բավականին աշխատանքներ են իրականացվել նաև քաղաքաշինության ոլորտում։ Իրականացվել են 572 մլն դրամ արժողությամբ շինարարական աշխատանքներ, որից անմասն չի մնացել նաև Պատարա գյուղը։

Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին Բ. Սահակյանը նշեց, որ առիթ ունեցել է ապրիլյան դեպքերին ասկերանցիների համախմբվածության ու միասնականության մասին խոսելու, ու այժմ էլ օգտվելով առիթից իր շնորհակալությունն է հայտնում շրջանի պատասխանատուներին Արցախի համար այդ ծանր օրերին կազմակերպված գործելու համար։

Խոսելով հանրապետությունում իրականացվող բազմաբնույթ ծրագրերի ու 2016 թվականի ընթացքում տարբեր շրջաններում արտագնա նիստերի ու խորհրդակցությունների ժամանակ վերհանված հիմնախնդիրների մասին, երկրի նախագահը կանգ առավ այն հարցերի վրա, որոնց այժմ սևեռված է կառավարության ուշադրությունը։ Դա հիմնականում վերաբերում է ջրամատակարարմանը, գյուղատնտեսության էլ ավելի զարգացմանը, հանրապետության բնակիչների աշխատանքի և զբաղվածության հարցերին։

Ջրամատակարարման ուղղությամբ արդեն իսկ կոնկրետ քայլեր են արվել։ Շուտով մշտական խմելու ջուր կունենան նաև Պատարայի համայնքի բնակիչները, գյուղում կգործի նաև ճանապարհաշինական ընկերություն։

-Ասկերանի շրջանում կապիտալ շինարարության ծրագրի շրջանակներում աշխատանքներ կատարել ու շարունակելու ենք կատարել, իսկ 2017 թվականին արտահայտված տեսք է ունենալու ջրամատակարարումը։ Մենք մեր պետական քաղաքականությունը փորձում ենք կառուցել առաջին հերթին լսելով մեր քաղաքացիներին, շրջանների, համայնքների պատասխանատուներին։ Եվ մեր գործունեությունը հնարավորինս կառուցել ենք այդ ոճին և պահանջներին համապատասխան - հանդիպմանն ասել է Բակո Սահակյանը։

Երկրի ղեկավարն անդրադարձավ նաև շրջանի Կարմիր գյուղի գազամատակարաման հիմնախնդրին՝ ասելով, որ հարցն իր դրական լուծումը կստանա ընթացիկ տարվա ընթացքում։

Ինչ վերաբերում է հանրապետությունում գյուղատնտեսության զարգացման հեռանկարներին, կարելի է համարձակորեն փաստել, որ այս բնագավառում վերջին տարիներին շոշափելի և ակնհայտ հաջողություններ են գրանցվել։ Գյուղատնտեսության ոլորտում շրջանը մեծ ներուժ ունի։ Ինչպես նշեց Բակո Սահակյանը, առայժմ քննարկման փուլում է գտնվում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգը և որոշակի փորձաքննություն անցելուց հետո միայն այն կներկայացվի հանրությանը։

Հանդիպման ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մանրամասներ ներկայացրեց նոր ծրագրից, ինչը ենթադրում է գյուղական համայնքների բնակիչների ժամանակավոր զբաղվածության ապահովում՝ հասարակական աշխատանքի միջոցով։

Շրջանի հանրակրթության և սպորտի դրվածքի մասին ամփոփ տեղեկություններ ներկայացրեց վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, իսկ Պատարայի համայնքի ղեկավար Կարեն Արզումանյանը խոսեց համայնքի զարգացման հեռանկարների մասին, ներկայացրեց ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական որոշ ցուցանիշներ։

Վերջում Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ։ Հանդիպումն ավարտվեց նախագահի բարեմաղթանքի խոսքերով՝ 2017-ին նոր հաջողություններ ամրագրելու հաստատակամությամբ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter