100 տարի` մի ակնթարթում… |
08.02.2012 00:59 |
Ամեն Աստծո օր իմ հերոսուհին բացում է աչքերը եւ փառք է տալիս Տիրոջը` իրեն տրված կյանքի համար: Նա սիրում է կյանքը եւ պայքարում է դրա համար: Ասկերանի շրջանի գոտրիկ անկյուններից մեկում` Շոշ գյուղում է բնակվում իմ հերոսուհին: Նա հերոս է իր ապրած կյանքով եւ անցած ճանապարհի դժվարություններով: Թվում է, թե դրանք կստիպեն մարդուն հուսալքվել ու խոնարհվել, բայց ճիշտ հակառակը` դրանք ուժ, կամք եւ դիմացկունություն հաղորդեցին Աննա Բաղդասարյանին: Աննա տատիկը 100 տարեկան է, նրա անցած ուղին խորդուբորդ է ու դժվարին… Ծնվել է 1911 թվականին` Շոշ գյուղում, աշխատավորի ընտանիքում: Դժվարին տարիներ էին, հազիվ էին կարողանում օրվա հացը վաստակել: Հայրը շատ խիստ էր զավակների հանդեպ, դաստիարակության վրա դա անշուշտ անդրադարձել է: Ութ զավակներից միայն չորս զավակներն են կրթություն ստացել, դստրերին հայրը չի թույլատրել կրթություն ստանալ: Հարեւանի տղայի հետ ամուսնացավ 16 տարեկանում: 18-ում` ունեցավ առաջնեկին: Այս ուժեղ եւ իմաստուն տատիկը լույս աշխարհ է բերել 10 զավակներ, որից կենդանի են միայն 5-ը: Բավականին դժվար պայմաններ էին` սով, ցուրտ, շոր չկար, հիվանդություններ. սրանք խլեցին տատիկի 5 զավակներին: Բայց դա եւս չխանգարեց նրան շարունակել կյանքը` ստեղծել ու արարել, աշխատել ու մաքառել` սեփական քրտինքի շաղախով: Ամուսնու հետ միասին լավ թե վատ պահում էին ընտանիքը, աշխատում էին կոլտնտեսությունում: ՙԼավ ամուսին էր Ավագը,- ասում է Աննա տատիկը,- դեռ երբեւէ ինձ վրա ձեռք չի բարձրացրել, սրտիս ուզածը տալիս էր, հավասար չարչարվում էինք եւ մեր տանջանքով պահում մեր երեխաներին՚: Բավականին համեստ ու հնազանդ հարս էր մեր տատիկը, սկեսուրից սովորել է ամեն ինչ, լավ տանտիկին էր: Անխոս ու լուռ ենթարկվում էր ամուսնու բոլոր կարգադրություններին: Այս կնոջ մեջ մեծ բարություն կա, նա ամեն ինչ կիսել է իր հարեւանների հետ, բաժին է հանել նրանց: Հարեւանները հաճախ էին գալիս որեւէ բան փոխ առնելու կամ ուզելու, բայց ՙչէ՚ չկար: Նա բոլորին ցանկանում է, որ լավ ապրեն, նույնիսկ իր թշնամիներին դժբախտություն չի ցանկանում: ՙԹող հարեւաններս ինձնից ավելի ունեւոր լինեն, որ երբ ինձ էլ որեւէ բան չբավարարի, ես էլ նրանցից փոխառնեմ,- ասում է իմ հերոսուհին,- ոչ մեկին վիրավորած չկամ, ով երբ եկել է` դատարկաձեռը չի հեռացել: Մենք հարեւաններով մի օջախ էինք, միասին կիսում էինք ամեն ինչ` թե ուրախություն, թե' տխրություն: Այն ժամանակ թեկուզ խանութներում շատ բան չկար, բայց մարդիկ ուրախ էին, չէին տրտնջում, կյանքի իմաստը այլ էր: Իսկ հիմա ուրիշ է, թեկուզ ամեն ինչ կա, բայց բարություն չկա, սեր չկա, դիմացինին օգնելու ցանկություն չկա, հարեւաններն անտարբեր են միմյանց նկատմամբ, անկեղծ չեն, ջերմ չեն, մեր ժամանակներում այլ էր…՚: Բարի պետք է կամենաս, որ դիմացինդ նույնն էլ ցանկանա քեզ: Ճիշտ է, տատիկը ծեր է, բայց նրա սիրտն ու հոգին չեն ծերացել, ուրեմն դառ երիտասարդ է իր ներքին էության մեջ: Սպիտակ մազերը, խորշոմները, դողդողացող ձեռքերը դեռ ոչինչ չեն ասում, եթե մարդն առողջ գիտակցություն ունի, եթե կարեւորում է մարդկային մաքուր ու անկեղծ հարաբերությունները, եթե վեհ է գնահատում բարին ու բարությունը: Կատարյալ հիշողություն ունի իմ 100-ամյա հերոսուհին` հիշում է ամեն ինչ, ճիշտ ժամանակագրու-թյամբ, առանց վրիպումների: ՙ13 տարեկանում երազ տեսա, մի սպիտակամորուս ծերունի էր գավազանով, որն ինձ ասաց, որ կտա երկար կյանք եւ լավ բախտ: Երազս, փաստորեն, կատարվեց, ես արդեն 100 տարեկան եմ, կյանքում երբեւէ բժշկի չեմ դիմել, օրգանիզմս առողջ է, դեղահաբ եւ ներարկիչ չեմ տեսել: ՙՊտուղը ծառից հեռու չի ընկնում՚,- զավակներիս դաստիարակել եմ, որ կյանքում լինեն լավ մարդ, աղջիկներիս դաստիարակել եմ, որ լինեն ինձ նման հարս` հնազանդ ու խորնարհ: Յուրաքանչյուր ընտանիքում էլ վեճեր են ծագում, բայց լավ հարսը չպետք է թույլ տա, որ դա իմանան իր հարեւանները, դա տվյալ ընտանիքի ներքին խոհանոցն է եւ այն պետք է փակ լինի յուրաքանչյուրի առաջ՚: Աղջիկները լսել են մոր խորհուրդները եւ դրա հիման վրա էլ կառուցել են իրենց ընտանեկան օջախները` հարմարվելով ե'ւ լավին, ե'ւ վատին: Տատիկն ինքնուրույն է շարժվում, նա ձեռնափայտերի կարիք չունի, օգնում է հարսին անգամ տնային գործերում: Գոհ է հարսից. ՙԼավ հարս է, իմ նկատմամբ շատ ուշադիր է ու հոգատար, էլ չեմ խոսում որդուս մասին, որի աչքի լույսն եմ ես՚: Աննա տատիկի քրոջ հարսը` Նորան հաստատում է տատիկի խոսքերը. ՙՏան բոլոր անդամները տատիկին մի այլ ձեւով են վերաբերում. հոգատար, ուշադիր: Լավ զավակներ, թոռներ ու հարս ունի տատիկը, որից գոհ է անչափ: Տատիկը բարի կամեցող կին է, մաքուր սրտով եւ պարզ հոգով, դրա համար էլ Աստված այդքան երկար կյանք է տվել նրան՚: Աննա տատիկը երիտասարդ-ներին ցանկանում է, որ իր տարիքին հասնեն, ապրեն անհոգ, երջանիկ, չսահմանափակվեն մեկ զավակով, ունենան ավելի շատ ու բազմացնեն մեր ազգը: - Թող լինեն լավ հարս եւ լավ ամուսին, երիտասարդները տաք հագնվեն, շատ բաց ու բարակ շորեր են հագնում, դրա համար էլ դեռ 20-ը չբոլորած հիվանդանոցի դռներն են ծեծում, ճիշտ չէ, առողջության գինը չեն գնահատում: Մանավանդ, որ այսօր ամեն ինչ կա: Մեր տարիներին ոչ ջուր կար, ոչ գազ, ոչ լույս: Փառք Աստծո, այսօր ամեն ինչ ունենք: Կյանքն ավելի է հեշտացել: Թող բոլորն ունենան իմ զավակներից, թոռներից, հարսից: Ամեն կիրակի հավաքվում են, միասին սեղան ենք նստում եւ հիշում անցյալը…՚: Թող բոլորն էլ գիտակցեն ինչ է ծերությունը եւ մի պահ իրենք իրենց զգան այդ կարգավիճակում, դրանից հետո չեն կարողանա չգնահատել մեծի, ծնողի արժեքը: Ջահել տարիների սովորածը, մարդը հասկանում է միայն ծերության մեջ: Իմաստության բարձունք է ծերությունը, թող ամեն ոք կարողանա հաղթահարել այդ բարձունքը: Աննա տատիկի լույս ճառագայթող աչքերի մեջ դրոշմված է իր 100-ամյա կյանքի պատմության ամեն մի էջը` լի վշտով եւ ուրախությամբ: Ամփոփված է իր ողջ ուժը. պայքարը եւ մեծ սերը դեպի կյանք: Մեծ է Բաղդասարյանների ընտանիքը. 5 զավակով, 16 թոռով, 31 ծոռով, 3 կոռով Աննա տատիկն անվրդով գլորում է իր ծերության 100-րդ անիվը: Մարիամ Սաֆարյան, ԱրՊՀ լրագրության IIկուրս |