ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱՆԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏ
26.01.2017 15:37

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հանրապետության շրջկենտրոններում և մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպում և անցկացնում է սեմինար-խորհրդակցություններ՝ 2017 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների և հաշվարկ - հաշվետվությունների հարկային մարմին էլեկտրոնային եղանակով հանձնման ընթացակարգերի իրազեկման նպատակով։ Հունվարի 25-ին սեմինար-խորհրդակցություն հրավիրվեց Ասկերանի շրջանի տնտեսվարող սուբյեկտների տնօրենների և հաշվապահների մասնակցությամբ։ Սեմինարը վարում էր ֆինանսների նախարարության

կազմակերպական, հսկողական և եկամուտների հաշվառման վարչության պետ Արայիկ Դոլուխանյանը։ Ողջունելով ներկաներին Ա. Դոլուխանյանը շնորհակալություն հայտնեց փոխհամագործակցության և սեմինար-խորհրդակցություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

Հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դրույթներում տարեսկզբից կատարված փոփոխությունները հարկ վճարողների կողմից ճիշտ ընկալելու, ու գործնականում ճիշտ կիրառելու նպատակով հարկային վարչարարության, մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ Արմինե Մուսայելյանը մանրակրկիտ ներկայացրեց կատարված փոփոխությունները, որոնք բացառապես բխում են հարկ վճարողների շահերից ու միտված են հանրապետության գործարար միջավայրի բարելավմանը, հարկային վարչարարության մեղմացմանն ու առկա տնտեսական պայմաններին ներդաշնակեցնելուն։

Ա. Մուսայելյանը պարզաբանեց «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի դրույթները, «Հարկերի մասին», «Եկամտային հարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին» և «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում կատարված փոփոխությունները և մի շարք այլ ենթաօրենսդրական ակտեր:

Վերջում Ա. Մուսայելյանը հարկ վճարողներին տեղեկացրեց, որ նախարարությունը հարկ վճարողներին ծառայության հերթական նոր տեսակ է առաջարկում. որպեսզի հարկ վճարողները գործող հարկերի, տուրքերի և վճարների վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղեն հարկային մարմնի մասնագետներին «Skype» հեռաձայնային ծառայության միջոցով: Հարցադրումներ ներկայացնողների հետ ուղիղ կապ կհաստատվի շաբաթական երկու օր` երեքշաբթի և ուրբաթ օրերին:Այսինքն հարկ վճարողը կարող է ցանկացած կետից մասնագետին հղել իրեն հետաքրքրող հարկային օրենսդրությանը վերաբերող հարցերը և օպերատիվ կարգով ստանալ դրանց պատասխանները: Ա. Դոլուխանյանն անդրադառնալով կատարված օրենսդրական փոփոխություններին պատրաստակամություն հայտնեց պատասխանել ներկաներին հուզող հարցերին։ Կրկին անգամ պարզաբանումներ կատարվեցին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման և դրանց համար սահմանված ժամկետների, հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու, հարկ վճարողների նկատմամբ կիրառված տույժերից և տուգանքներից համապատասխանաբար 90% և 60% արտոնություններից օրենքով սահմանված կարգով օգտվելու մասին։ Ա. Դոլուխանյանը հորդորեց ներկաներին առավել ակտիվորեն հարցադրումներ կատարել։ Մինչդեռ յուրաքանչյուր հարկատու համոզված էր, որ շրջանային հարկային տեսչության աշխատակազմը միշտ պատրաստակամ է օգնության ձեռք մեկնել, պարզաբանել և մեթոդական օգնություն ցուցաբերել ցանկացած հարցում։ Ի հաստատումն ասվածի հարկ վճարողները շնորհակալություն հայտնեցին շրջանի տեսչության աշխատակազմին՝ տեսչության պետ Մարատ Հայրապետյանի գլխավորությամբ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter