ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ԱՅՍՕՐՎԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ |
26.01.2017 15:57 |
Հունվարի 25-ին նոր Սահմանադրության բարեփոխումների հետ կապված Ասկերան քաղաք այցելեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նրան ուղեկցում էին ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ Աժ պատգամավոր Արմո Ծատրյանը, պաշտոնատար այլ անձինք: Խորհրդակցությանը մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, շրջվարչակազմի բաժինների վարիչներ, շրջանի համայնքների ղեկավարներ, դպրոցների, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, Արցախյան ազատամարտի վետերաններ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Անդրադառնալով նոր Սահմանադրությանը` նշեց, որ այս մոդելը միանշանակ ընդունելի է մեր երկրի համար: -Մասնագիտական հանձնաժողովի հետ միասին կայացել են շատ քննարկումներ: Հաջողվել է գտնել օպտիմալ լուծումներ: Մեր Սահմանադրությունն իր լուծումներով ինքնատիպ է և համահունչ այսօրվա իրողություններին: Մեր երկիրն այսօր պահանջ ունի կենտրոնաձիգ իշխանության, իսկ կառավարման առաջարկվող մոդելը դրվելու է խորհրդարանական վերահսկողության տակ: Նոր Սահմանադրության նախագծի հիմքում դրված է առաջին հերթին ժողովրդի անվտանգությունը: Այս Սահմանադրությամբ ԱԺ-ի և երկրի Նախագահի ընտրությունները կայանալու են նույն օրը, և դատավորը լինելու է ժողովուրդը: Ազատ Հայրենիք և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունների համագործակցությամբ ստեղծվել է շտաբ, որի շրջանակներում այսօր հանդիպում ենք ձեզ հետ և կոչ անում §Այո¦ ասել նոր Սահմանադրությանը: Այսուհետ մենք պետք է հանդես գանք որպես Արցախի Հանրապետություն: Վերականգնենք մեր պատմական անունն ու արդարությունը: 1988 թվականի փետրվարի 20-ին մեր ժողովուրդն առաջին անգամ ոտքի կանգնեց ու ասաց` Արցա՛խ: Հենց փետրվարի 20-ին պետք է գնանք հանրաքվեի ու ասենք` §Այո՛¦: Եվ դա կլինի մեր անկախության ու հետագա բոլոր հաղթանակների §Այո¦-ն: Մեր ժողովուրդը պիտի մտածի միայն առաջ գնալու մասին: Ամիսներ հետո կլրանա իմ վարչապետության 10 տարին: Շարունակ խոսք էր գնում տնտեսական աճի մասին և այսօր տեսնում ենք, որ այս տարիների ընթացքում արձանագրվել են շատ փոփոխություններ և բարձր ցուցանիշներ, իսկ տասը տարի հետո ունենալու ենք միանգամայն այլ Արցախ: Այսօրվա զարգացած բոլոր երկրներն անցել են 200-250 տարիներ, իսկ մենք անցել ենք ընդամենը 25 տարի և կարողացել ենք ստեղծել նման հիանալի երկիր: Լավ օրենքը պետք է լավ աշխատի: Ամեն ինչ կախված է այն մասնագետներից, ովքեր անմիջապես աշխատելու են ժողովրդի հետ,- ասաց Արայիկ հարությունյանը: Ելույթներով հանդես եկան Նախիջևանիկի, Ներքին Սզնեքի համայնքների ղեկավարներ Սամվել Սառաջյանը, Էդվարդ Մուսայելյանը, Սարուշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերգեյ Գասպարյանը և §Ասկերանի շրջանի ուսումնական հաստատությունների տնօրինություն¦ ՊՈԱԿ տնօրեն Կառլեն Մայիլյանը: Նրանք ողջունեցին սահմանադրական բարեփոխումները և կոչ արեցին ներկայանալ հանրաքվեին և ասել §Այո՛¦: Վերջում հնչեցին հարցեր, որոնք ուղղված էին անցումային փուլին, տեղական ինքնակառավարմանը, գյուղերի խոշորացմանը, մեր երկրի տարածքներին ու անվտանգությանը: ԼՂՀ վարչապետը մանրամասն պարզաբանումներ և պատասխաններ տվեց: Նշենք, որ հանդիպումն անցավ անկաշկանդ և անմիջական մթնոլորտում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |