ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԱՊԱԳԱՅԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԷԺԱՆ ՎԱՌԵԼԻՔ
26.01.2017 18:20

  Ամերիկահայերը ստեղծել են ջրից ջրածին ստանալու աննախադեպ էժան տեխնոլոգիա։ News.am - ի թղթակցին ամերիկյան Energy Renaissance ընկերության գործադիր տնօրեն Կիրիլ Գիչունցը հայտնել է, որ ստեղծված տեխնոլոգիան գոյություն ունեցողներից զգալիորեն էժան է, էլեկտրականության ու վառելիքի ինքնարժեքը կրճատվում է առնվազն 50 տոկոսով։ Սարքավորման փորձնական նմուշն արդեն հավաքված է։

Ջրածին ստանալու համար սարքեր աշխարհում արդեն կան, բայց հիմնականում դրանք աշխատում են բնական գազով ու ածխով։ Նոր տեխնոլոգիան առաջարկում է ջրածինը ստանալ էկոլոգիապես մաքուր ձեւով՝ ջրից (ջրի մոլեկուլները տրոհելով թթվածնի ու ջրածնի)։ Նման տեխնոլոգիաներ աշխարհում արդեն կան, բայց հայերի մշակումը շահում է իր էժանության շնորհիվ։ Հաջողվել է լուծել նաեւ ալյումինիումի օքսիդի խնդիրը, ինչի մասին կգրենք ստորեւ։

«Գոյություն ունեցող սարքերը խոշոր են ու թանկարժեք։ Դրա համար էլ պատրաստի ջրածինը տեղից տեղ հասցնելու համար այն պետք է սեղմել, տեղափոխել ու պահել։ Այդ ամենը բարձրացնում է գինը։ Իսկ մեր գեներատորները փոքր են, դրանք կարելի է դնել ուր ասես ու ստանալ ցանկացած քանակի ջրածին։ Ընդ որում 97 տոկոս մաքրության, հետեւաբար այն կարելի է առանց նախնական մաքրման տրամադրել այրման համար»,- ասում է Գիչունցը։

Ջրածնի մաքրության աստիճանը հավաստել են 3 ամերիկյան ինժեներական ընկերություններ, որոնք ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպաման գործակալոթյան սերտիֆիկատ ունեն։

Ընկերությունը արդեն ստացել է զանգեր Toyota-ից ու Hyundai–ից, որոնք արդեն ջրածնային շարժիչներով մեքենաների փորձնական մոդելներ են թողարկում։ Հաշվի առնելով, որ ավտոկոնցեռնները որոշումները զգույշ ու երկար են կայացնում, Energy Renaissance -ն աշխատում է նաեւ ծախսերի ավելի արագ վերադարձ ապահովող նախագծի վրա ՝ էլեկտրականության ջրածնային գեներատորների արտադրւթյան։

«Ֆիլիպինների իշխանությունները նպատակ են դրել ՝ առաջիկա 5 տարիներին վերականգնվող էներգետիկայի 5 գիգավատ հզորություն ստեղծել։ Այդ երկրի մի խումբ ընկերություններ ուզում են այդ նախագիծը մեզ հետ իրականացնել։ Ուզում ենք նրանց համակցված սարք առաջարկել՝ 5 ՄՎտ արեւային պանելներից, իսկ մյուս 5 ՄՎտ՝ մեր ջրածնային գեներատորից։ Հույս ունենք գործնականում փորձարկել մեր տեխնոլոգիան»,- ասում է Գիչունցը։

Energy Renaissance-ի թիմում ծագումով հայ մասնագետներ են, որոնք ԱՄՆ-ում են աշխատում՝ գիտական ու ինժեներային ոլորտներում։ Հայաստան հերթական այցելության ժամանակ ընկերության գործադիր տնօրեն Կիրիլ Գիչունցը ու նախագահ Հակոբ Աղանյանը կփորձեն պայմանավորվել այստեղ իրենց ջածնային սարքերի արտադրություն կազմակերպելու մասին։

«Մենք առաջարկում ենք հետևյալ մոտեցումը՝ ստեղծել միջպետական կոնսորցիում, որտեղ Հայաստանը կլինի հիմնադրի դերում։ Իսկ ցանկացողներ շատ կլինեն, քանի որ խոսքը ապագայի էներգիայի մասին է։ Եվ մենք ուզում ենք, որ այդ ամենը կատարվի այստեղ ու Հայաստանին օգուտ բերի։ Ուզում ենք բարձրացնել երկրի էներգետիկ անկախությունը ու ստեղծել նոր, գիտատար աշխատատեղեր։

Մենք արդեն հանդիպել ենք մի շարք կառավարական կառուցների ներկայացուցիչների հետ ու պատմել մեր նախագծի մասին»,- ասեց Աղանյանը;

Տեխնոլոգիան հիմնված է ջրում գտնվող էլեկտրական լիցքի վրա, որի մեջ ալյումինումի թիթեղներ են մտցված։ Լիցքը ստեղծում է շատ բարձր ջերմաստիճան, բայց պահանջում է էլեկտրաէներգիայի համեմատաբար քիչ ծախս ՝ 150 վատտ հզորությունը բավական է ։ Լիցքից բաժանվում են ալյումինումի նանոմասնիկները, որոնք տրոհում են ջրի մոլեկուլները թթվածնի ու ջրածնի։

«Մեզ հաջողվել է անել այնպես, որ ալյումինումի օքսիդի թաղանթը չմնա թիթեղի վրա ու չարգելափակի հետագա ռեակցիան, այլ տարածվի ջրում, որպեսզի ռեակցիան շարունակվի։ Այս խնդրի լուծման ուղղությամբ երկար տարիներ աշխատում են առաջատար գիտական կենտրոնները։ Մենք լուծել ենք այդ խնդիրը»,- հայտնեց Աղանյանը։

Բացի դրանից ալյումինումի օքսիդի մասնիկները, որոնք նստվածք են տալիս ռեզերվուարի հատակին, ռեակցիայի ընթացքում կուտակում են էլեկտրական լիցք ու կարող են օգտագործվել մարտկոցների արտադրության համար ( դրա փորձանմուշը նույնպես պատրաստված է )։ Ջրածնի այրման ժամանակ արտանետումներ նույնպես գրեթե չկան՝ դեռ դպրոցից գիտենք, որ ջրածնի այրումից հետո մնում է սովորական ջուր։

«Ընդ որում նույնիսկ ոչ թե սովորական այլ թորած ջուր, որը օգտագործվում է բժշկության, արդյունաբերության ու այլ ոլորտներում։ Այսպիսով այս արտադրությունը միավորում է ժամանակակից աշխարհի համար երեք կարեւորագույն հատկանիշներ ՝ մաքուր, էժան ու անմնացորդ էներգիա»,- ամփոփեց Աղանյանը։


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter