ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ |
02.02.2017 16:47 |
Փետրվարի 1-ին տեղի ունեցավ Ասկերանի քաղաքային համայնքի ավագանու՝ 2017 թվականի անդրանիկ նիստը: Այն վարում էր քաղաքապետ Սամվել Աղաջանյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ քաղաքապետը և ներկայացրեց նիստի օրակարգը, որի հաստատումից հետո նիստի մասնակիցներն անցան հարցերի քննարկմանը: Օրակարգի առաջին հարցն Ասկերանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի 2017 թվականի գործունեության տարեկան աշխատանքային ծրագիրն էր, որը ներկայացրեց Սամվել Աղաջանյանը: Ծրագրում տեղ գտած ենթակետերը վերաբերում էին համայնքի աշխարհագրական դիրքին, ժողովրդագրական պատկերին, տնտեսության նկարագրությանը, առողջապահությանը, կրթությանը, մշակույթին ու սպորտին, կենսական ու կոմունիկացիոն համակարգերին, համայնքի թույլ կողմերին ու պոտենցիալ հնարավորություններին, 2017 թվականի ռազմավարական խնդիրներին ու նպատակներին: Ավագանու անդամները հավանություն տվեցին ու հաստատեցին վերոնշյալ տարեկան ծրագիրը: Օրակարգի երկրորդ հարցը համայնքի ընթացիկ տարվա ավագանու նիստերում քննարկվելիք հարցերի մասին էր, որի մասին տեղեկանք ներկայացրեց քաղաքապետը: Քննարկվելիք հարցերի բովանդակությունը լսելուց հետո ավագանու անդամները հաստատեցին հարցերի ցանկը: Օրակարգի երրորդ և չորրորդ հարցերը համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման արդյունքների և համայնքի 2017 թվականի բյուջեի հաստատման մասին էր: Հաշվետվություններով հանդես եկավ համայնքի աշխատակազմի հաշվապահ Ժուլետա Շիրինյանը: Ավագանու որոշմամբ բյուջեի կատարման ուղղությամբ համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքը գնահատվեց բավարար և հաստատվեց համայնքի 2017 թվականի բյուջեն: Հարկային եկամուտները նախատեսված են 11788.2 հազար դրամ, պետական տուրքերը` 5100.0 հազար դրամ: Ոչ հարկային եկամուտները նախատեսված են 4841.9 հազար դրամի չափով, որը նախորդ տարվա համեմատությամբ պակասել է 867.8 հազար դրամով: Օրակարգային հարց էր նաև 2017 թվականի փետրվարի 20-ին կայանալիք ԼՂՀ ԱԺ լրացուցիչ ընտրությունները և ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեի անցկացումը: Անդրադառնալով այս հարցին` քաղաքապետը տեղեկացրեց, որ Ասկերան քաղաքում բացվել է շտաբ, և ակնկալվում է բոլորի ակտիվ մասնակցությունը քարոզչական աշխատանքներին: Պետք է կարողանալ ժողովրդին բացատրել, որ մեր երկրին այսօր պետք է կենտրոնաձիգ իշխանություն: §Այո¦ ասելով Արցախին` մենք §Այո¦ ենք ասում մեր երկրի հետագա հաղթանակներին: Լինելով շտաբի պետ` ակնկալում եմ նաև ավագանու անդամների համագործակցությունը և համոզված եմ, որ մեծ պատասխանատվությամբ կիրականացնեք ձեր առջև դրված կարևոր այս խնդիրը` առավելագույն ձայներ հավաքելով նոր Սահմանադրության օգտին¦,-նշեց Ս.Աղաջանյանը: Ավագանին որոշեց համայնքի աշխատակազմի հետ միասին աշխատանքներ տանել, որպեսզի ընտրություններն Ասկերան համայնքում անցկացվեն պատշաճ և կազմակերպված մակարդակով: 2016 թվականի ընթացքում Ասկերանի §Կոմունալ տնտեսություն¦ ՓԲԸ-ի կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ տնտեսության տնօրեն Աշոտ Սարգսյանը: Ժամանակին և հավուր պատշաճի իրականացվել է քաղաքի աղբահանման գործընթացը: Իրականացվել են զգալի աշխատանքներ մայիսյան Եռատոնին և ԼՂՀ անկախության տոն օրերին քաղաքի փողոցները և հուշարձանները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: Բարեկարգման շրջանակներում մաքրվել և նորմալ տեսքի են բերվել հինգ բարձրահարկ շենքների նկուղային հարկերը, խճապատվել են քաղաքի որոշ փողոցներ և կատարվել հենապատերի վերանորոգում: Կոմունալ տնտեսությունը բարեկարգման աշխատանքներ է իրականացրել նաև Ուղտասար համայնքում: Զգալի աշխատանքներ են տարվել Իվանյան-Ակնա տանող ճանապարհի երկայնքով տնկված ծառերի խնամման և խոտաշատ վայրերի մաքրման ուղղությամբ: Լուսավորության գծով քաղաքապետարանի կողմից ֆինանսավորվել է 8700000 դրամ: Անհրաժեշտ է նշել, որ նոր լուսավորման համակարգ է ավելացվել քաղաքի 11-րդ, Մուրացան և Ստեփանյան փողոցներում: Օրակարգի հաջորդ հարցը ծննդով ասկերանցի, հայրենասեր, բարերար Կարեն Ալեքսանդրի Շահրամանյանին Ասկերան քաղաքի Պատվավոր քաղաքացու կոչում տալու մասին էր: Քաղաքապետ Ս.Աղաջանայնը տեղեկացրեց ավագանու անդամներին, որ նախօրեին այս հարցը քննարկել է Ասկերան քաղաքի տարբեր սերունդների ակտիվ ներկայացուցիչների, հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվների հետ և ստացել դրական պատասխան: Ասկերանցիները բարձր են գնահատել Կարեն Շահրամանյանի անձնական ներդրումը հայրենիքի պաշտպանության ամրապնդման, ծննդավայրի խնդիրների լուծման, բնակչության կողմից բարձրացրած խնդիրների նկատմամբ ցուցաբերած աջակցությունը: Եվս մեկ անգամ քննարկելով այս հարցը` ավագանու անդամները միաձայն որոշեցին Կարեն Ալեքսանդրի Շահրամանյանին շնորհել Ասկերանի Պատվավոր քաղաքացու կոչում: Նիստում քննարկվեցին նաև օրակարգային այլ հարցեր և ընդունվեցին համապատասխան որոշումներ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |