ՆՐԱՆՑ ԱՆՑԱԾ ՆՎԻՐՈՒՄԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԳՆԱՀԱՏՎԱԾ Է ԲԱԶՄԻՑՍ
08.02.2012 01:01

Երջանիկ է այն մարդը, ով հետադարձ հայացք գցելով իր անցած երկարամյա ճանապարհին, արած ու թողածին, ծանր ու թեթեւ անելով վաստակը, տեսնում է, որ տարիներն իզուր չեն անցել: Քաջ գիտակցում է իր աշխատանքի արդյունավետությունն ու գնահատված լինելը: Իսկ ավելի բարձր գնահատական, քան հարգված եւ մեծարված լինել հասարակության ու իր իսկ ձեռքով դաստիարակված սերունդների կողմից,  հնարավոր չէ: Ահա այսպիսի մարդկանցից է Աստղաշեն գյուղի վաստակաշատ ուսուցիչ Վազգեն Ավանեսի Ասրյանը:

Ուսուցիչ, որ իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է իր սիրած գործին` մատաղ սերնդի կրթմանն ու հայեցի դաստիարակմանը: Ուսուցիչ, ով երբեք իր անձնականը վեր չի դասել աշխատանքից: Շրջանում շատ-շատերն են ճանաչում այդ փոքրամարմին, բայց չափազանց մեծ հոգու ու սրտի տեր մարդուն:
Վազգեն Ասրյանը ծնվել է 1927թ. Դաշբուլաղ ¥Աստղաշեն¤ գյուղում: Ավարտելով տեղի 7-ամյա դպրոցը` ուսումը շարունակել է Բադարայի ¥Պատարա¤ միջնակարգ դպրոցում: 1947թ. դպրոցն ավարտելուց հետո նույն թվականին ընդունվել է Ստեփանակերտի երկամյա ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1950թ. մեկնել է բանակ, որտեղ էլ անցել է Կոմունիստական կուսակցության շարքերը: Բանակի շարքերից զորացրվելուց հետո 1954-1955 ուսումնական տարում աշխատել է Սեյդիշենի ¥Խաչեն¤ դպրոցում` որպես պատմության ուսուցիչ: 1955-1957թթ. աշխատել է Փիրջամալի ¥Վարդաձոր¤ դպրոցում: 1956թ. ընդունվել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի հեռակա բաժինը, որն էլ ավարտել է 1960 թվականին: 1957-1960թթ. աշխատել է Աստղաշենի դպրոցում: Երկար տարիներ եղել է դպրոցի ուսմասվար, իսկ 1979-89թթ. աշխատել է որպես դպրոցի տնօրեն: Թոշակի անցնելուց հետո կամավոր թողնելով տնօրենի պաշտոնը` աշխատել է որպես պատմության ուսուցիչ: Կրթության բաժնի կողմից արժանացել է մի շարք գովասանագրերի, պարգեւատրվել է տարբեր մեդալներով: Արժանացել է Ավագ ուսուցչի կոչման:  
Երեւի նրա համար ամենամեծ նվերը եղավ այս գեղեցիկ տոնի առթիվ նրա հետ հանդիպելն ու մեր երախտագիտությունն արտահայտելը: Անսպառ էներգիայի տեր այս մարդու հետ զրուցելով, մենք նույնպես ընկանք նրա հուշերի աշխարհը` ուսուցչի աշխարհը: Իսկ ինչպիսի կարոտով ու հուզմունքով էր նա խոսում հարազատ դպրոցի ու իր աշակերտների մասին: Մեր առջեւ նստած էր կոչումով մարդ-մանկավարժը, որին հատուկ են բարությունն ու ազնվությունը, անշահախնդրությունն ու հայրենասիրությունը: Ի բնե համեստ լինելով, կարծես մի այսպիսի առիթի էր սպասում իր գրած բանաստեղծությունները ներկայացնելու, միաժամանակ մեկնաբանելու համար: Իսկ նրա գրվածքներից միմիայն հայրենասիրություն ու ազգասիրություն էին հորդում: 84-ամյա Վազգեն Ասրյանը, չնայած վաղուց էր թոշակի անցել, սակայն իրեն ուսուցիչ է համարում տակավին: Նա պատրաստ էր հայոց պատմություն դասավանդել, անդադար խոսել անկախ Արցախի ներկայի ու պայծառ ապագայի մասին: Եվ հետաքրքիրն այն էր, որ խորհրդային ժամանակաշրջանում կայացած ուսուցիչը միշտ էլ հավատացել է,որ Արցախը մի օր ազատ ու անկախ է լինելու:
Անշուշտ, Վազգեն Ասրյանը երջանիկ լինելու իրավունք ունի: Քանզի նրա ու բոլոր մեր թոշակառու ուսուցիչների անցած նվիրումի ճանապարհը գնահատված է բոլորիս կողմից: Ու, երբ մենք սրտի թրթիռով ենք հիշում ու հարգում մեր թոշակի անցած բազմավաստակ ուսուցիչներին, որոնք կրթել են մեր ծնողներին, մեզ ու մեր երեխաներին, ուրեմն նրանց բազմաչարչար աշխատանքը գնահատված է բազմիցս:
Սիրելի թոշակառու ուսուցիչներ, մենք մեր երախտագիտությունն ու սերն ենք հայտնում Ձեզ` անմնացորդ նվիրված աշխատանքի համար: Իմացե'ք` դուք հավետ մեր սրտերում եք:

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ լուր ստացվեց, որ Վ.Ա.Ասրյանը մահացել է: Ամբողջ իր կյանքն ուսուցչավայել ապրած մարդն իր մահկանացուն էլ կնքեց ուսուցչավայել: Նրա թաղման արարողությունը վերածվեց Աստղաշենի միջնակարգ դպրոցի աշխատախմբի կողմից կազմակերպված սգո միտինգի, ուր ներկայացվեց այդ վաստակաշատ ուսուցչի կյանքն ու գործունեությունը: Սգում էր գյուղի ողջ հասարակությունը: Չէի ցանկանա, որ իմ գրածն այդ նվիրյալ մարդու մասին մահախոսական լիներ, եւ այն մահախոսական չէ, քանզի ուսուցիչ Վազգեն Ասրյանը միշտ կենդանի է նրան ճանաչողների հոգում:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter