ԿԱՅԱՑԱՎ ԱՍՄՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
20.02.2017 16:15

  Փետրվարի 8-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժինը, ի կատարումն ԼՂՀ ԿԳՍ նախարարության հանձնարարականի, շրջանի հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ կազմակերպել էր ասմունքի մանկապատանեկան մրցույթ-փառատոն։ Այն նվիրված էր  հայ գրականության մեծանուն կին նվիրյալներ Մարո Մարգարյանի և Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձներին։ Ասմունքի մրցույթն անցկացվեց տարիքային երկու խմբերի միջև, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել շրջանի 17 հանրակրթական դպրոցներ՝ 51 աշակերտների մասնակցությամբ։   Փառատոնի նպատակն է երիտասարդ սերնդի ուշադրությունը սևեռել հայ անաղարտ  գրականությանն ու պոեզիային, վեր հանել պատանի ասմունքողներին՝ մեկ անգամ ևս անդրադառնալով մեծ գրողների թողած գրական հարուստ ժառանգությանը։

Մարո Մարգարյանն ու Սիլվա Կապուտիկյանը 20-րդ դարի  հայ գրականության լեգենդներ են, ովքեր իրենց հախուռն ու համարձակ հայրենասիրությամբ, բնատուր տաղանդով և միայն հայուհուն բնորոշ աննահանջ կերպարով մեծ և հարուստ ժառանգություն են կտակել մեզ։

Ողջունելով մրցույթ-փառատոնի մասնակիցներին կրթության բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ասրյանը բացատրեց փառատոնն անցկացնելու կանոնակարգը։

-Ասմունքի հանրապետական նախորդ մրցույթներում մրցանակների արժանացած աշակերտները չեն կարող մասնակցել այս մրցույթ-փառատոնին։  Մասնակիցները բաժանված են երկու տարիքային խմբերի, ինչն անհրաժեշտ է մասնակիցների գնահատման չափանիշները հստակ պահպանելու և հետագայում կազմակերպվող մրցույթներում ասմունքողների հետաքրքրությունն ավելացնելու նպատակով,- ասաց Ս. Ասրյանը, շնորհակալություն հայտնելով հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին՝ անգնահատելի աշխատանք կատարելու և մատաղ սերնդի մեջ հայ գրականության երևելի ներկայացուցիչների հանդեպ սեր և հետաքրքրություն առաջացնելու համար։

Ս. Ասրյանը ներկայացրեց մրցութային հանձնաժողովին, խոսքերն ավարտելով Արամայիս Սահակյանի՝ §Ուսուցիչներ խոնարհվում ենք ձեր առաջ¦ բանաստեղծական տողերով։

Ապա բեմահարթակը տրամադրվեց երեխաներին և դահլիճը լցվեց մարգարյանական և կապուտիկյանական պոեզիայի շնչով։ Խանդավառված էին երեխաները՝ զգացմունքային։ Նրանց պատանեկան շրթունքներից հնչեցին բանաստեղծություններ հայապատումի, լեզվապատումի, հայրենասիրության, մարդկային վեհագույն արժանիքների, մարդկության մեջ չարիք ծնող անտարբերության, անարդարության մասին։ Այո՛, բանաստեղծուհիները հայրենիքի զինվորներ էին նաև,  որոնց թողած մեծ ժառանգությունն օգնում է ապրել, դիմակայել դարի մարտահրավերներին ու… չնահանջել։

Ասմունք-փառատոնի ընթացքում երեխաները նորովի բացահայտեցին հայ գրականության հանճարներին՝ ուխտելով դառնալ երդվյալ զինվորներ՝ պահելու, պաշտպանելու մայր լեզուն և մայր հայրենիքը։

Ամփոփելով մրցույթի արդյունքները, գնահատող հանձնաժողովի նախագահ՝ Պատարայի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Ռոմելա Առստամյանն անկեղծորեն խոստովանեց, որ շատ դժվար էր ընտրություն կատարելը։

-Մեր աշակերտներն իրենց գեղեցիկ ու հուզիչ կատարումներով հրաշալի պահեր մեզ պարգևեցին՝ այսօրը մեզ համար տոնական դարձնելով։ Եվ մենք համոզվեցինք, որ մեր երեխաներն այնքան էլ հեռու չեն գիր ու գրականությունից, նրանց մեջ այնքա՜ն հայրենասիրություն ու հայերենապաշտություն կա… ,- ասաց Ռ. Առստամյանը։

Արդյունքների ամփոփմամբ հանրապետական մրցույթի ուղեգիր են նվաճել 1-ին տարիքային խմբից Ալյոշա Գաբրիելյանը՝ Ասկերան և Լիլիա Սարուխանյանը՝ Այգեստան, իսկ 2-րդ տարիքային խմբից (3 մասնակից գնահատող հանձնաժողովի որոշմամբ)՝ Յուրա Մարգարյանը՝ Խաչեն, Ռուզաննա Սահակյանը՝ Նախիջևանիկ և Արաքսյա Հայրապետյանը՝ Ավետարանոց,  ովքեր կներկայացնեն շրջանը հանրապետական համանուն մրցույթին։

Շրջանային փուլում հաղթող ճանաչված աշակերտները պարգևատրվեցին կրթության բաժնի պատվոգրերով։ Պատվոգրեր ստացան նաև ակտիվ մասնակցություն ցուցաբերած  աշակերտները։ Կրթության բաժնի խրախուսական պատվոգրով պարգևատրվեց նաև մրցույթի ամենակրտսեր մասնակիցը՝ Տիգրան Պետրոսյանը (Ասկերան)։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter