ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ |
20.02.2017 16:31 |
Ասկերանի համար 5 ընտրական տարածքում առավոտյան ժամը 8-ին ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան բացվել են բոլոր ընտրական տեղամասերը։ Համար 5 ընտրական տեղամասում բացի Սահմանադրության հանրաքվեից տեղ են ունենում նաև պատգամավորական ընտրություններ։ Ինչպես գիտենք 2015թ. մայիսի 3-ին ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Վիտալի Բալասանյանի այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ: Ասկերանի համար 5 ընտրատարածքի մեծամասնական մանդատը երկու հավակնորդ ունի՝ ինքնաառաջադրված թեկնածուներ Վաչիկ Միքայելի Բալասանյանն ու Վիլեն Սաֆարի Սաֆարյանը, ովքեր անկուսակցականներ են: Ինչպես տեղեկացա Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Միրզոյանից Սահմանադրության հանրաքվեին մասնակցողների թիվը շրջանում 8690 է, իսկ ընտրություններինը՝ 8346 ։ Ժամը 11-ի դրությամբ շրջանի 2064 ընտրող մասնակցել էր Սահմանադրության հանրաքվեին, իսկ 2007 ընտրող պատգամավորական ընտրություններին։ Ասկերանի 5/1 ընտրական տեղամասում ընտրողների թիվը 1620 է։ Ժամը 11-ի դրությամբ 303 ընտրող արդեն կատարել էր իր քաղաքացիական պարտքը։ Կարեն Միրզոյանը նշեց, որ շրջանում ընտրություններն անցնում են օրենքով սահմանված կարգով։ Ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի ընթացքը խոչընդոտող որևէ դեպք չի արձանագրվել։ Ասկերանի 5/1 ընտրական տեղամասի նախագահ Ռուզաննա Մկրտչյանից տեղեկացանք, որ ընտրատարածքում ընտրություններն անցնում են հանգիստ և ընտրողների բավականին ակտիվ մասնակցությամբ։ Այս ընտրական տեղամասում բավականին աշխուժություն է գրանցվել սկսած վաղ առավոտից։ Այստեղ դիտորդներ են ժամանել Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Կիպրոսից, Արգենտինայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Եվրախորհրդարանից։ Դիտորդական հերթական անձնակազմի հետ ունեցած մեր զրույցում պարզվեց որ, Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոհարուսը բազմաթիվ անգամներ է եղել Արցախում, իսկ առաջին այցը, որն անջնջելի հիշողություններ է թողել նրա մոտ 1991-92 պատերազմական տարիներին էին, երբ նա որպես վիրահատող բժիշկ եկել էր Արցախ, ու սկսած այդ օրերից նա այս հող ու ջրին կապվել է հարազատի պես։ Ասել է թե, նա Արցախում է մեր պետության համար ճակատագրական օրերին։ Էլենիի հետ էր նրա գործընկեր Մելինոպուլոս Յանիսը, ով առաջին անգամ էր այցելում Արցախ և ուղղակի ապշած էր Արցախի գեղատեսիլ վայրերով։ Մեր այն հարցին թե արդոք նա չի վախենում հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում պատասխանեց, որ ոչ թե վախենում է այլև իր համար դա մեծ պատիվ է համարում։ Էլենին փաստեց՝ եթե վախենար, ինձ հետ չէր լինի։ Դիտորդական հաջորդ խումբն Արգենտինայի հայ դատի ներկայացուցիչ Նիկոլյա Սապունճյանն էր՝ Արգենտինայի պառլամենտի անդամ Բրենդա Օսկինի հետ։ Նրանց ուղեկցում էր ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմո Ծատրյանը։ Նիկոլյա Սապունճյանը նշեց, որ Արցախում ակնառու են պետության կայացման և ժողովրդավարության բնագավառում ունեցած ձեռքբերումները։ Մեր այն հարցին թե Արգենտինայի խորհրդարանը չի՞ պատրաստվում ճանաչվել Արցախի Անկախությունը Բրենդա Օսկինը դիվանագիտորեն պատասխանեց, որ Արցախն այսպիսի ընտրություններով և հանրաքվեներով պետք է շարունակի իր ընտրած ճիշտ ճանապարհը դեպի կայացած և ժոողվրդավարական երկիր։ Իսկ ճանաչման հարցում վստահեցրեց, որ այդ օրը նույնպես կգա և՛ ոչ միայն Արգենտինայի պառլամենտի կողմից։ Շրջանում շարունակվում են ընտրություններն ու Սահմանադրական հանրաքվեն։ Թե ինչպիսին կլինի Արցախի ապագան ընտրում են նրա քաղաքացիները։ Նրանց հետ ունեցած իմ զրույցում պարզվեց, որ նրանք իրենց ձայնն են տվել հանուն Արցախ աշխարհի կայուն խաղաղության և իրենց զավակների անվտանգ ու ապահով ապագայի։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |