1988-ի փետրվարի 20-ին ԼՂ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունված՝ §Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորվելու մասին¦ որոշման ադրբեջանական կողմի արձագանքների մասին շատ է գրվել։ Ընդ որում, անդրադարձ է եղել հակառակորդի կողմից ձեռնարկված զինված հարձակումներին եւ վրեժխնդրության
գործողություններին, որոնք արտահայտվել են միջնադարյան բարբարոսությանը բնորոշ հանցագործություններով։ Խուժանի առաջին լայնածավալ §պոռթկումը¦, որ կայացավ պատմական որոշումն ընդունելուց ընդամենը մեկ օր անց, ձեռնարկվել էր Աղդամի կողմից։ Ստեփանակերտի վրա թուրք բաշիբոզուկների զանգվածային, աննախադեպ ուժային հարձակման թիրախը, բնականաբար, մայրուղու վրա գտնվող Ասկերան շրջկենտրոնն էր, որ մարզ ժամանած Բաքվի էմիսարների ուղղորդմամբ ընտրվել էր ոչ պատահականորեն՝ արցախահայությանն ահաբեկելու եւ պայքարից հրաժարվելու ակնկալությամբ։ Հետագայում, հանդիպելով հայերի ուժեղ դիմադրությանը եւ հետ շպրտվելով քաղաքի մատույցներից, ազերի իշխանավորները պիտի արցախյան շարժումը գլխատելու եւ իրենց նպատակին հասնելու համար հրեշավոր նոր հանցագործություններ ծրագրեին՝ կազմակերպելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մինգեչաուրի ջարդերը։ Թեեւ Ասկերանի հերոսական դիմակայության վերաբերյալ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, այնուամենայնիվ, ուշագրավ շատ փաստեր ու մանրամասներ դեռեւս անհայտ են մնում ընթերցողներին։ Մինչդեռ ժամանակն է, որ դրանք բացահայտվեն եւ գաղտնազերծվեն՝ լույս սփռելով այն իրողությունների վրա, որոնք Ադրբեջանի հայատյաց, թշնամական քաղաքականության պայմաններում անհնարին էին դարձնում արցախցիների գոյատեւումը։ Ասկերանի՝ փետրվարի 22-ի իրադարձություններին §ՀՀ¦-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է արձակագիր, §Կարմիր դրոշ¦ թերթի նախկին խմբագիր, Ասկերանի կուսշրջկոմի բյուրոյի անդամ Կոմիտաս Դանիելյանը, ով, ինչպես ասում են, հաճախ է հայտնվել բախումների կիզակետում։ §Փետրվարի 21-ին, ուշ երեկոյան մեր տուն զանգեց Ասկերանի շրջկոմի երկրորդ քարտուղար Ալեքպեր Միքայիլովը եւ ասաց, որ առավոտյան ժամը 11-ին բյուրոյի նիստ է հրավիրվելու։ Նման զանգերով սովորաբար հրահանգիչներն էին զբաղվում կամ էլ բաժինների վարիչները, այդ իսկ պատճառով հարցրի, թե ինչո՞ւ է ինքը զանգում։ §Այդպես է կարգադրված¦,-պատասխանեց նա։ Պայմանավորված ժամին բացվեց կուսշրջկոմի բյուրոյի նիստը, որին մասնակցում էին նաեւ շրջկոմի եւ շրջգործկոմի այլ պատասխանատուներ։ Նախագահողների աթոռներին, շրջկոմի առաջին քարտուղարի հետ տեղեր էին զբաղեցրել ԽՄԿԿ Կենտկոմի ենթաբաժնի վարիչ Վ. Կոնդրատեւը, Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար Հ. Հասանովը, այլ պաշտոնյաներ։ Քանի որ օրակարգին ծանոթ չէի, հասկացա, որ ծանր խոսակցություն է լինելու… Մոսկվայի բարձրաստիճան հյուրն ինչ-որ թուղթ պարզելով, հաղորդեց, որ §ԽՄԿԿ Կենտկոմը երեկ որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին, ուր դատապարտվում են մարզում կատարվող դեպքերը, դրանք որակելով մի խումբ ծայրահեղականների եւ ազգայնականների սադրանք¦։ Վ. Կոնդրատեւն ընդգծեց, թե շրջկոմի բյուրոն պետք է հավանություն տա որոշմանը։ Շենքի պատուհանների տակ ստեպ-ստեպ վանկարկվող §Լենին - պարտիա - Գորբաչով¦ բազմաձայն կարգախոսի ներքո՝ գրությունն անհեթեթ էր թվում։ Մի՞թե 110 պատգամավորները, որ մարզի բնակչության կամքն են արտահայտել, ծայրահեղականներ են համարվում, ազգայնամոլներ։ Սա՞ է Մ. Գորբաչովի վերակառուցումը, վրդովմունքս թաքցնել չէի կարողանում¦,- հիշում է Կ. Դանիելյանը։ Ինչպես զրուցակիցս է պատմում, մի խումբ թունդ կոմունիստներ ցանկություն հայտնեցին հավանություն տալ §հարազատ կուսակցության որոշմանը¦, թեեւ դա ձեւական բնույթ էր կրում։ §Ես, որպես բյուրոյի անդամ, բնականաբար, դեմ էի քվեարկել, -ասում է Կ. Դանիելյանը։-Ինձ էին միացել Սոնյա Գյանջումյանն ու Մարալ Արզումանյանը։ Մեր §հյուրերը¦ դեռ նոր էին լքել շրջկենտրոնը, երբ այս ու այն կողմից հնչեցին կանանց ու երեխաների տագնապահար ճիչ-աղաղակները։ §Թուրքերը հարձակվել են Ասկերանի վրա¦… Տղաները շրջափակել էին Հ. Հասանովի մեքենան եւ նրանից բացատրություն էին պահանջում։ Վերջինս, հակառակ իր ցեղակիցներին ընդառաջ գնալու խոստմանը, բռնեց Ստեփանակերտ տանող ճանապարհը¦։ Հատկանշական է, որ այդ օրն Ադրբեջանի հեռուստատեսությամբ ցուցադրվել էր §Արյունոտ կիրակի¦ կինոնկարը, ինչը, Կոմիտաս Դանիելյանի համոզմամբ, պատահականություն չէր։ Նրա տեղեկացմամբ, այդ օրը միլիցիայի Ասկերանի եւ Ստեփանակերտի բաժիններում միայն ազգությամբ ադրբեջանցի ոստիկաններն էին հերթապահում։ §Թուրքերն իսկապես գալիս էին ինչպես պղտոր հեղեղ,- ասում է զրուցակիցս։ - Նորաթուխ բաշիբոզուկների մի ստվար խումբ Կարկառի հունով խուժել էր նավթամթերքների ձեռնարկության տարածք ու ավերել ամեն ինչ, ապա մտել խաղողի այգի ու տարեց այգեգործներին ոտնատակ տվել, շղթայաձեւ, ձեռք ձեռքի շարժվել դեպի շրջկենտրոն։ Մի ուրիշ խումբ էլ ավտոբուսներով եւ հետիոտն թեքվել էր աջ, հանդամիջյան ճանապարհով բարձրացել դեպի Խնապատ, բայց գյուղամուտքում՝ դեմ առնելով տեղացիների ամուր պատին, հետ ծլկել։ Հիմնական զանգվածը տարածվում էր Աղդամ-Ասկերան մայրուղով՝ վիթխարի հեղեղի նման կրակի մատնելով ցանկապատները, ճամփամերձ շինությունները (ալրաղաց, խանութ, ճաշարան եւ այլն)։ Ջարդուփշուր անելով պատահած մեքենաները, ծեծում, ջարդում էին ուղեւորներին։ Խուժանն անպատժելիությունից լպիրշացած առաջ էր շարժվում՝ §կարգուկանոն պահապանող¦ միլիցիոներների ուղեկցությամբ¦։ Ի դեպ, նույն օրն ավազակային հարձակումների էին ենթարկվել նաեւ Մարտունի - Աղդամ, Մարտակերտ - Աղդամ ճանապարհներով երթեւեկող հայազգի քաղաքացիները, ովքեր թալանվում ու ծաղրուծանակի էին ենթարկվում։ Իսկ Ֆիզուլին եւ Ջաբրայիլն ամուր փակել էին Հադրութի շրջանի ելքն ու մուտքը եւ պատրաստվում էին դաժան դատաստան տեսնել հայերի հետ։ §Դեպքերի անսպասելի զարգացումից կուսշրջկոմի աշխատողները մի պահ շփոթության էին մատնվել, երբ շրջանային թերթի աշխատակից Սլավիկ Միրզոյանը շրջկոմի երկրորդ քարտուղար Ա. Միքայիլովի դուռն էր նետվել բացատրություն պահանջելու, վերջինս հավաքվածների ծակող հայացքների ուղեկցությամբ գնաց §դիմավորելու¦ ավազակախմբին ու երկար ժամանակ այդպես էլ չերեւաց,-հիշում է Կ. Դանիելյանը։- 15 հազարանոց խուժանն արդեն շրջկենտրոնի շեմին էր։ Ու երբ արհմիությունների խորհրդի նախագահ Ս. Դավթյանի հետ դժվարությամբ հաջողվեց կապվել մարզկենտրոնում տեղակայված զինգնդի հրամանատարության հետ, համառորեն չէին ուզում հավատալ իրական դեպքերին։ Ավերելով ավտոտեսչության տնակը, գարեջրի գործարանը եւ հարակից մյուս շինությունները, թուրքերը գրեթե Ասկերան էին մտել։ Եվ կամրջի վրա, մերոնք ընդառաջ ելան՝ մահակով, կացնով, որը ձեռնունայն, թուրք խառնամբոխն անակնկալի եկավ ու կանգնեց։ Իսկ երբ որտեղից -որտեղ մերոնց ձեռքին երկփողանի որսորդական հրացաններ հայտնվեցին եւ նախազգուշական կրակոցներ հնչեցին դեպի օդ, ազերիները զգաստացան¦։ Շրջակա գյուղերից օգնության հասած երիտասարդների պաշտպանական խմբերը եւ մարզկենտրոնից ուղարկված զորաջոկատը ավազակախմբերին ստիպեցին նահանջել։ Դա արցախցիների առաջին ուժային դիմակայությունն էր հրոսակներին։ Սակայն հակառակորդն անհրաժեշտ դասեր չքաղեց եւ Արցախի ամբողջ սահմանի երկայնքով պատրաստվում էր լայնածավալ հարձակման։ Ըստ հավաստի աղբյուրների, §խաղաղ արշավի¦ արդյունքում, Ասկերանին հասցված հսկայական վնասը չհաշված, ընդհարումների ժամանակ հայազգի 25 քաղաքացի դարձավ խեղանդամ։ Սակայն պաշտոնական հաղորդագրություններում գրեթե ոչինչ չասվեց այդ մասին։ ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Կատուսեւը հաղորդագրության մեջ միայն շեշտեց, որ հայերի եւ ադրբեջանցիների ընդհարման ժամանակ սպանվել են երկու ադրբեջանցի երիտասարդներ։ Ըստ որում, նա չնշեց, թե որտեղ եւ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ընդհարումը (հետագայում պիտի §պարզվեր¦, որ խուժաններից մեկը յուրայինի՝ թուրք միլիցիոների արձակած գնդակից է սպանվել, մյուսը՝ ավազակախմբի հրացանակիրներից մեկի §անզգույշ¦ կրակոցից)։ Եվ դա առիթ դարձավ, որպեսզի ասպարեզ նետվի §ադրբեջանական գործոնը¦ եւ Սումգայիթում օրեր անց մոլեգնեն հայկական ջարդերը։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|