ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ |
25.02.2017 12:23 |
Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը, սակայն արտառոց բան այս պահին չկա: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: §Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, սակայն սա անսպասելի և տարօրինակ զարգացում չէ: Սա այն է, ինչ մենք սպասում ենք ամեն օր: Մենք գործ ունենք ահաբեկչական երկրի հետ: Բացի դրանից, կան որոշ հանգամանքներ, որոնք ավելի են խթանում հակառակորդի նման պահվածքը: Դուք գիտեք, որ այսպես կոչված §Խոջալուի ջարդերի¦ օրն է, որը կատարել է ադրբեջանական վերնախավը: Նրանք պետք է այդպես հատուկ հիշեն այդ օրը, իսկ հիշելու ձևը նման զարգացումներն են¦,- ասաց Բաբայանը: Նրա խոսքով` ադրբեջանական ներքաղաքական վերջին զարգացումները նույնպես խթանում են նման հանցավոր կեցվածքի դրսևորումը: §Մենք գիտենք, որ Իլհամ Ալիևն իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահ: Հիմա ժողովրդի մի մասը դժգոհ է և դա համարում է խայտառակություն: Ադրբեջանական բանակի անձնակազմն էլ այս պարագայում պետք է մտածի, որ գերագույն-գլխավոր հրամանատարին ղեկավարում է կինը: Այս վիճակում §գերագույն-գլխավոր հրամանատարը¦ պետք է ցույց տա, որ իրեն ոչ թե կինն է ղեկավարում, այլ աշխարհակալ է, Լենկ Թեմուրի նման զորավար է: Պարզապես Ալիևը հաշվի չի առնում, թե ում հետ գործ ունի: Եթե նրան թվում է, թե մենք աչալուրջ չենք, չենք պաշտպանելու մեր անվտանգությունը, չարաչար սխալվում է: Դրա համար, տալով մեծ կորուստներ, հետ են շպրտվել: Այնքան են կորուստներ տվել, որ նույնիսկ մի քանի դիակ չեն կարողացել չեզոք գոտուց հանել: Սա է վիճակը¦,- հավելեց Դավիթ Բաբայանը: Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:
|