ԱՅՍՕՐ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է |
25.02.2017 14:56 |
Անդրանիկ Թորոսի Օզանյան, ծնվել է 1865 թ.՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ 1892 թ-ին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, որից հեռացել 1917 թ-ին։ Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է՝ հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։ Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնեց երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելեց Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Մեծ էր նրա դերը ոչ միայն Առաջին Բալկանյան պատերազմում, այլև Առաջին Աշխարհամարտում, որի սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվեց ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդին գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։ գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը, մասնավորապես, գրում էր. «Ես միշտ հանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»։ Մյուս, ոչ պակաս հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասաց, որ նա «խենթի պես քաջ է»։ 1915-1916 թթ. Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Սասունցի Անդրանիկը պարգևատրվեց Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։ Գունդը Անդրանիկի գլխավորությամբ քաջաբար մասնակցեց Մուղանջուղի (Դիլման) տակ մղված մարտին՝ 1915 թ. ապրիլի 15-18-ին, որում Կովկասը փրկվեց թշնամու ներխուժումից։ Անդրանիկը վիթխարի դեր խաղաց Զանգեզուրի պաշտպանությունում։ Մարտերի ընթացքում թուրքական զորքերի մինչև 40 տոկոսը ուղղվեց Զանգեզուր՝ Անդրանիկի դեմ։ Երբ նորակազմ կովկասյան հանրապետությունների ղեկավարները, դեռևս 1918 թ. հունվարին դիմեցին թուրքական կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով նստել բանակցությունների սեղանի շուրջ, ի պատասխան լսեցին, որ Թուրքիային իրենց կարծիքը չի հետաքրքրում, նրան հուզում է միայն այն, թե այդ առիթով ինչ է մտածում զորավար Անդրանիկը, ինչը լիովին տրամաբանական էր, քանզի հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրավման հիմնական խոչընդոտը։ Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված եղավ հեռանալ արտասահման։ Ճանապարհին, երբ նա անցնում էր Թիֆլիսով, ասաց. «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։ Այդ ծառայությունն Անդրանիկը շարունակեց նաև տարագրության մեջ։ 1919 թ. դեկտեմբերին «Վաշինգտոն Փոսթ» ամերիկյան թերթը գրում էր. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան՝ նրա սուրը»։ Անդրանիկը մահացավ 1927 թ. օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Նրան են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։
|