ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԵՆ
27.02.2017 17:19

 Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց 2016-17 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի շրջանային փուլը։ Օլիմպիադան անցկացվեց 13 ուսումնական առարկաներից՝ շրջանի հանրակրթական դպրոցների 374 աշակերտների մասնակցությամբ։

Ինչպես տեղեկացանք Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ասրյանից օլիմպիադայի 2-րդ փուլի առաջադրանքները, բացի մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից, կազմվում են կրթության նախարարության մասնագետների կողմից։ Իսկ բնագիտական հոսքի առաջադրանքները կազմվում են Հայաստանի Հանրապետությունում։ Նախքան շրջանային փուլի սկսվելը կրթության բաժնի վարիչի հրամանով կազմվել է  օլիմպիադայի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե և համապատասխան ժամանակացույց։

-Տեղին եմ համարում շեշտել, որ օլիմպիադային մեծ ակտիվություն են ցուցաբերել Ասկերանի, Ակնաղբյուրի, Նորագյուղի, Խնապատի, Իվանյանի միջնակարգ դպրոցների աշակերտները։ Իսկ հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է վաստակել հումանիտար հոսքի 27 աշակերտ՝ Ասկերանի, Նորագյուղի, Իվանյանի, Ակնաղբյուրի, Խնապատի, Պատրայի, Ուղտասարի, Խնածախի, Խաչենի, Սզնեքի միջնակարգ դպրոցներից։ Ուրախությամբ եմ նշում նաև այն հանգմանքը, որ հայոց լեզվի և գրականության, օտար լեզվի, պատմության դրվածքը բավականին բարձր հիմքերի վրա է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում նաև դասավանդող ուսուցիչներին։ Ի տարբերություն հումանիտար հոսքի՝ բնագիտական հոսքի արդյունքներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետությունում։ Արդեն ունենք մաթեմատիկայի և քիմիայի արդյունքները։ Մաթեմատիկա առարկայից 5, իսկ քիմիայից 1 աշակերտ կմասնակցեն օլիմպիադայի հանրապետական փուլին։ Իսկ կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն առարկաների պատասխանները դեռևս չենք ստացել,- ասաց Ս. Ասրյանը հավելելով, որ տարեցտարի օլիմպիադային մասնակցող աշակերտների թիվն ավելանում է, բարձրանում են նաև ցուցաբերած որակական ցուցանիշները։

Ս. Ասրյանը տեղեկացրեց նաև, որ փետրվար ամսում ԼՂՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը ԼՂՀ ԿԳՍ նախարարության հետ համաձայնվեցված հայտարարել  են շարադրությունների մրցույթ՝ հայրենասիրական թեմաներով։  Շարադրությունների մրցույթին ևս մեծ ակտիվություն են ցուցաբերել շրջանի ուսումնական հաստատությունների աշակերտները՝ բաժին ներկայացնելով շուրջ 40 շարադրություն։ Կազմվել է ստուգող հանձնաժողով։ Արդյունքների ամփոփմամբ լավագույն 12 շարադրություններն ուղարկվել են հանրապետական փուլին։ Ինչպես նշեց Ս. Ասրյանը բոլոր  շարադրություններն էլ հուզիչ  էին, ու հայրենասիրական վեհ զգացումներով առլեցուն, սակայն հանրապետական փուլի մասնակցության  տեղերը սահմանափակ էին։

-Հոգեկան մեծ բավականություն ենք ստացել ընթերցելով մեր աշակերտների գրած շարադրությունները։ Դրանց մեջ այնքա՜ն հույս ու հավատ, սեր կա առ հայրենիք, առ Հայոց աշխարհ։ Մենք մեծապես համոզված ու վստահ ենք աճող սերնդի հայրենանվիրության ու հայրենապահության մեջ,- ասաց Ս. Ասրյանը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter