ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՎԱՆ |
27.02.2017 17:29 |
Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր», որի կապակցությամբ շրջանի հանրակրթական դպրոցներում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Փետրվարի 25-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը դպրոցի 6-7-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ կազմակերպեց Մայրենիի օրվան նվիրված միջոցառում-ինտելեկտուալ խաղ։ Միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսուցիչները՝ տնօրեն Մարելլա Ավանեսյանի գլխավորությամբ։ -Լեզուն մեր պատմությունն է, մեր լեզվամտածելակերպի մեջ խտացած է մեր ողջ պատմությունը։ Մեր նախնիները մեզ և աշխարհին մեծ ու անգնահատելի ժառանգություն են կտակել։ Մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք, որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է։ Գալով անհիշելի ժամանակներից, անցնելով բազում դարերի միջով, շփվելով բազում ազգերի լեզուներին՝ հայոց լեզուն մի յուրատեսակ հանրագիտարան է անհիշելի ժամանակների, բազում դարերի, բազմաթիվ այլ ազգերի։ Այսպես դատելով մեր լեզուն միայն մեզ չի պատկանում այլև՝ աշխարհին,- բացման խոսքում ասաց Ա. Գյանջումյանը։ Միջոցառման գրական-գեղարվեստական մասն ապահովեցին 6-րդ դասարանի աշակերտները։ Նրանք հիշեցին, թե ինչպիսի դժվարությամբ է ստեղծվել հայոց լեզուն և ինչպիսի քարքարոտ ճանապարհ է անցել այն։ Դպրոցականները համոզված են, որ մայրենիի խնամքը, նրա անաղարտությունն ու պաշտպանությունը դրված է իրենց վրա և միաբերան երդվեցին անաղարտ պահել մեր մայրենին։ Ինտելեկտուալ խաղին մասնակցում էր երեք թիմ։ Խաղի հարցաշարը ընդգրկուն էր, հետաքրքիր ու բազմաբովանդակ, որը կազմել է դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մագուրա Հարությունյանը։ Ինտելեկտուալ խաղն անցավ բավականին աշխույժ և բուռն քննարկումների մթնոլորտում և հաղթեց ընկերությունը։ Օրվա միջոցառումն ամփոփեց Մարելլա Ավանեսյանը. -Հիանալի է, երբ մարդ հրաշալի տիրապետում է իր սեփական լեզվին։ Դպրոցում ուսումնառության տարիները պետք է հնարավորինս լավ ու օգտավետ օգտագործվեն, որպեսզի հետագայում չարածի ու չսովորածի համար չափսոսաք։ Մենք հայոց լեզվի և գրականության փորձառու և վաստակավոր ուսուցչուհիներ ունենք, ովքեր միշտ պատրաստ են օգնելու, ուղղորդելու։ Սիրելի աշակերտնե՛ր, միշտ պետք է հիշեք, որ մեր լեզուն ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստն է ու այն անաղարտ պահելն ու պահպանելը նաև ձեզանից է կախված։ Աչքի լույսի պես պահեցեք մեր մայրենին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |