ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԸ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՆԵՐ |
01.03.2017 17:26 |
Մարտի 1-ին տեղի ունեցավ Ասկերանի համայնքի ղեկավարի հաշվետու ժողովը: Ներկա էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, ասկերանցիներ: Հասարակության ներկայացուցիչները հավաքվել էին ոչ միայն լսելու համայնքի ղեկավարի հաշվետվությունը և գնահատական տալու, այլև երևան հանելու այն թերություններն ու բացերը, որոնք տեղ էին գտել քաղաքապետարանի ամենօրյա գործունեության մեջ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան ազատամարտից առայսօր զոհված բոլոր քաջորդիների հիշատակը: Քաղաքապետ Սամվել Աղաջանյանը նախքան հաշվետվություն ներկայացնելը՝ շնորահակալանքի և երախտիքի խոսքեր հղեց ապրիլյան քառօրյա պատերազմում համայնքից առաջապահ դիրքեր մեկնած 124 զինապարտների ու մոտ 100 կամավորական ազատամարտիկների ու երիտասարդների: Նրանք առանց մեկ վայրկյան անգամ երկմտելու մեկնեցին առաջնագիծ և մարտական հերթապահություններ իրականացրին սահմանում: Բնակչության տարեց հասակի մարդկանցից կազմված խմբեր մասնակցեցին ինժեներական աշխատանքներին: Օրհասական և դժվարին այդ օրերին համայնքի բնակչությունը մի բռունցք դարձավ, համախմբվեց և ակտիվորեն մասնակցեց Հայրենիքի պաշտպանության գործին: Այնուհետև քաղաքապետը ներկայացրեց 2016 թվականի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը: Ասկերանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի ուշադրության կենտրոնում է եղել իշխանական թևերի ու հատկապես կառավարության տարբեր ոլորտների հետ փոխհամագործակցությունը: Հարկ է փաստել, որ հիշարժան և տոն օրերին շրջանի վարչակազմի ղեկավարի, տարբեր բաժինների ղեկավարների, ազատամարտիկների հետ կազմակերպվում են այցելություններ զորամասեր, մարտական դիրքեր՝ մոտիկից ծանոթանալու զինվորների առօրյային, շնորհավորելու և խրախուսելու նրանց: Քաղաքապետարանի աշխատակազմը սերտ համագործակցում է շրջվարչակազմի և քաղաքային բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների հետ: Ասկերան քաղաքում կազմակերպվել են տարբեր կրթամշակութային և մարզական միջոցառումներ: Սեպտեմբերի 2-ին Ասկերանի շրջվարչակազմի հետ միասին մեծ հանդիսավորությամբ նշվել է ԼՂՀ անկախության 25-րդ տարեդարձը: Այդ օրը ներկա էր նաև համայնքի հետ փոխհամագործակցության հռչակագիր կնքած Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունը: Իսկ միջոցառման վերջում գեղեցիկ հրավառություն ապահովեց Ասկերան քաղաքի Պատվավոր քաղաքացի, երջանկահիշատակ Սամվել Գաբրիելյանի որդի Վարդան Գաբրիելյանը: Ասկերանի նորակառույց պուրակում դեկտեմբերի 29-ին անցկացվեց Ամանորյա միջոցառում: Երեխաները նվերներ են ստացել շրջվարչակազմի ղեկավարի, Ասկերանի համայնքի ղեկավարի, Վարդան Գաբրիելյանի կողմից: Քաղաքապետարանն անմասն չի մնում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշ-միջոցառումներից՝ դրանք օրինակ ծառայեցնելով մատաղ և երիտասարդ սերունդներին: Ներկա դրությամբ համայնքն ունի 2291 բնակիչ, որից 2037 բնակիչ մշտական գրանցում ունեն, իսկ 254 հոգի ժամանակավոր բնակիչներ են: 2016 թվականին ծնվել է 43 երեխա, մահացել՝ 19 մարդ: Քաղաքի բնակչության բնական աճը կազմել է 21 հոգի: 2016 թվականին համայնքի հողօգտագործողներն արձանագրել են որոշակի հաջողություններ: Արտադրված և առավելապես մեր հանրապետությունից դուրս իրացված արքայանարնջի և նռան 175 տոննա բերքը 47 տոննայով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Արտադրվել և իրացվել են 67.2 տոննա խաղող, 72 տոննա բանջարաբոստանային կուլտուրաներ: Ինչ վերաբերում է անասնապահությանը՝ համայնքում հաշվառված են 22 գլուխ խոշոր, 620 գլուխ մանր եղջերավոր անասուններ, 159 գլուխ խոզ, 3556 թև թռչուն: Ասկերանի համայնքն ընդգրկում է 2373 հա տարածք: Համայնքում առկա 426.95 հա վարելահողերից աշնան և գարնան մշակաբույսերի աճեցման տակ են դրված 104.8 հա վարելահող, մոտավորապես 81.0 հեկտարի վրա մշակվում են պտղատու այգիներ, իսկ 39.5 հա հողատարածքներ օգտագործվում են որպես բանջարանոցներ: Գյուղատնտեսության բնագավառում ամենամեծ բացերից մեկը կապված է առկա հողային ֆոնդի չմշակման հետ: Այս պահի դրությամբ չի մշակվում համայնքի բնակչությանը պատկանող և սեփականաշնորհված 212.0 հա վարելահող: Ասկերանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում միշտ եղել և մնում է քաղաքի սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները: Այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել §Ասկերանի կոմունալ տնտեսություն¦ ՓԲԸ կողմից: Վերանորոգվել են լուսավորության համակարգերը: Ավելացել են թվով 17 լուսատուներ, անցկացվել 2կմ երկարությամբ հոսանքի գծեր և փոխվել 140 լամպ: Բարեկարգման ծրագրով վերանորոգվել են քաղաքի որոշ փողոցների փլված պատերը, ինչպես նաև շրջվարչակազմի շենքին կից գտնվող հուշահամալիրի տարածքը: Հարկ է շեշտել, որ կոմունալ տնտեսությունն անում է հնարավորինը, որպեսզի քաղաքի փողոցները, մայթերը, բակերն ու պուրակնեը գտնվեն մաքուր և բարեկարգ վիճակում: Անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել բյուջեների կատարման գործընթացը և առաջին հերթին նրա կատարման արդյունավետությամբ պետք է գնահատել համայնքի գործունեությունը: Ասկերանի քաղաքապետարանը բավարար աշխատանքներ է կատարել 2016 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ապահովելու ուղղությամբ: 2016 թվականի բյուջեն՝ սեփական եկամուտների մասով Ասկերանի համայնքը կատարել է 87.0 տոկոսով: Քաղաքապետ Սամվել Աղաջանյանը կոչ արեց քաղաքացիներին պատասխանատվությամբ մոտենալ համայնքային բյուջեի կատարման խնդրին, քանզի դրանից է կախված համայնքի բարգավաճումը: Բոլորն էլ պարտավոր են գիտակցել և ճշտորեն ու ժամանակին կատարել իրենց պարտականությունները: Օրակարգի մյուս հարցը ծննդով ասկերանցի, հայրենասեր, բարերար Կարեն Ալեքսանդրի Շահրամանյանին §Ասկերանի պատվավոր քաղաքացի¦ կոչում շնորհելու մասին էր: Քաղաքապետը ներկաներին տեղեկացրեց, որ հիմք ընդունելով ԼՂՀ Ազատամարտիկների միության Ասկերանի քաղաքային խորհրդի առաջարկությունը, քաղաքի մի շարք հիմնարկների կոլեկտիվների և անհատ քաղաքացիների հավանությունը՝ համայնքի ավագանին որուշում է կայացրել Կարեն Ալեքսանդրի Շահրամանյանին շնորհել Ասկերան քաղաքի Պատվավոր քաղաքացու կոչում: Բոլոր ասկերանցիներն են տեղյակ, որ մեծ է Կարեն Շահրամանյանի անձնական ներդրումը Հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման, համայնքային խնդիրների լուծման, բնակչության կողմից ներկայացված խնդիրների կատարման նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի մասին: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Կարեն Շահրամանյանն ազատամարտիկների հետ միասին մեկնեց առաջապահ դիրքեր, իր անձնական ներդրումն ունեցավ դիրքերի կահավորման գործում: Հարկ է նշել, որ նա հոգով և մտքով հարազատ ծննդավայրի հետ է, և դրա վառ ապացույցներն են այն աշխատանքները, որ նա իրականացնում է Ասկերան քաղաքի համար: Քաղաքապետ Սամվել Աղաջանյանը մեծ հանդիսավորությամբ, ներկաների բուռն ծափահարությունների ներքո, Կարեն Ալեքսանդրի Շահրամանյանին հանձնեց Ասկերանի Պատվավոր քաղաքացու վկայականը: Քաղաքապետը շնորհավորելով նրան՝ միաժամանակ շնորհակալություն հայտնեց ծնողներինª նման զավակ ծնելու և դաստիարակելու համար: Սրտաբուխ էր Ասկերանի Պատվավոր քաղաքացու սրտի խոսքը. -Իրավմամբ, ինձ համար մեծ պատիվ է գարնան այս առաջին օրը և իմ հարազատ ծննդավայրում արժանանալ այսպիսի մեծ պատվի: Ես անչափ զգացված եմ և երախտապարտ: Իմ շնորհակալությունն եմ հայտնում համայնքի ղեկավարին և բոլոր ասկերանցիներին նման գնահատանքի համար: Միաժամանակ երախտագիտությունս եմ հայտնում իմ ուսուցիչներին, որոնց շնորհիվ իմ մեջ սերմանվել է սեր դեպի Հայրենիքը և իմ հայ ազգը: Համոզված եղեք, որ ես մեծ եռանդով ու նորանոր լիցքերով կշարունակեմ հայրենանվեր իմ գործը: Խոսքս ցանկանում եմ ավարտել Պարույր Սևակի տողերով. Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը… Ինչ խոսք, Ասկերանի համայնքի ղեկավարի հաշվետու ժողովը, որը նաև յուրօրինակ խոհուրդ ուներ, անցավ անկեղծ ու անկաշկանդ մթնոլորտում: Համոզված եմ, ասկերանցիներն ավելի վստահորեն նայեցին դեպի ապագան և լցվեցին հույսով ու հավատով: Չէ որ Կարեն Շահրամանյանի նման շատ ու շատ հայրենակիցներ ունենք, ովքեր պատրաստակամ են ակտիվորեն մասնակցելու և աջակցելու հարազատ համայնքի կյանքին: Հուսանք, որ համայնքի աշխատակազմը կշարունակի նույն ոգով ու եռանդով աշխատել և համայնքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |